Հայաստանի հյուսիսային մարզերում՝ Շիրակում և Լոռիում տեքստիլ արդյունաբերությունը զարգացնելու, 40 նոր աշխատատեղ ստեղծելու ու արդեն գործող ձեռնարկությունների արտադրանքի մրցունակությունը բարձրացնելու նպատակով Եվրամիությունը 100 հազար եվրո կտրամադրի։ Ծրագիրը, որը համատեղ իրականացնելու են Շիրակի, Գեղարքունիքի և Լոռու առևտրաարդյունաբերական պալատները, կոչվում է «Տեքստիլը՝ որպես Հայաստանի հյուսիսային մարզերի կայուն զարգացման երաշխիք»։
«Աջակցություն ՓՄՁ Զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Նեհերը պարզաբանեց. «40 աշխատանք փնտրողների հետ աշխատանք է տարվում և իրենց տեղավորելու են աշխատանքի, բայց ծրագրի նպատակն է ստեղծել այն ընդհանուր դաշտը, որի շնորհիվ տեքստիլը կշարունակի զարգանալ, ավելի շատ աշխատատեղեր կլինեն։ Այս ծրագիրը կօգնի ոչ միայն աշխատատեղերի ստեղծմանը, այլ ինքնազբաղվածության հարցը կլուծվի, որովհետև սա այն ոլորտն է , որտեղ անհատներն էլ կարող են որպես ընկերություն ձևավորել իրենցն ու աշխատել։ Մենք նաև աշխատում ենք մոդելավորողների հետ, կա մոդելավորողների հետ ծրագիր, նաև գործունեություն ենք իրականացնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Տեսլականն այնն է, որ այս երեք ոլորտները՝ տեքստիլ, մոդելավորումը և ՏՏ-ն միավորենք։ Հայաստանը, փոքր երկիր լինելով, քանի որ չի կարող մրցակցել խոշոր երկրների ՝ Փոքր Ասիայի երկրների հետ, պիտի ստեղծի իրենը, որը կլինի արտասովոր, տարբերվող, եզակի։ Շիրակը մարզն ունի տեքստիլ ոլորտի իր պատմությունը և պետք է մի փոքր հրել, որպեսզի այդ ամենը վերածնունդ ստանա, վերականգնվի»։
Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Արտյոմ Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ հույսեր ունեն այս ծրագրից։ «Մենք այս պահին թիրախավորել ենք տեքստիլի այս շղթայի զարգացումը, զարգացում նշանակում է, որ մենք տվյալ ոլորտում 1 կամ 2 տարի հետո գոնե պետք է ունենաք 2-3 անգամ ավելի շատ ստեղծվող ու իրացվող արտադրանք և, բնականաբար, եկամուտ։ Իսկ ավելի պրակտիկ՝ 40 բիզնեսների կտրամադրվեն տեխնիկական աջակցություններ, ինչպես նաև առանց տոկոս փոխառություններ իրենց բիզնեսը, գործն ավելի լավ կազմակերպելու համար։ 40 մարդիկ կվերապատրաստվեն, որպեսզի բավարարեն տեքստիլ ոլորտում աշխատելու պահանջները»։
Արտյոմ Գրիգորյանը նշում է, որ 100 հազար եվրոյից քիչ է գումարը, սակայն էականը գումարը չէ, այլ այն, թե ինչ մոտեցում են ունենում տեքստիլ արդյունաբերության զարգացմանը։ «Եթե մենք փորձենք մի որակյալ հաստոց գնել, գուցե այն արժե 100 հազար դոլար, բայց մեր ծրագրի տրամաբանությունը ոչ թե մարդկանց հաստոց տալն է, այլ իրենց համախմբել, բարձրացնել իրենց համախմբվածությունը, պոտենցիալը և համատեղ լուծումների տանել։ Մեր խնդիրը իրենց միավորել և ստանալ մեկ ընդհանուր տեքստիլ համայնք»։
Մեր հարցին՝ դժվար չէ՞ մրցակցել, երբ թուրքական անորակ տեքստիլ արտադրանքը էժան գներով գրավել է հայկական շուկան, մեր զրուցակիցն ասաց. «Դժվար է՝ իհարկե, դրա համար մենք պետք է աշխատենք այն շուկայի վրա, որը ընդհանուր չէ թուրքական կամ չինական ապրանքատեսակների համար։ Բոլոր ոլորտներում է այդպես, միայն տեքստիլը չէ, մենք ունենք գյուղատնտեսություն, բայց մենք պնդում ենք, որ Թուրքիայից շատ էժան լոլիկ կամ չգիտեմ ինչ է գալիս, դրա համար մենք պետք է հասկանանք, որ պետք է ստեղծենք որակյալ արտադրանք ու վաճառենք այն երկրներում, որոնք ունեն որակյալ ու թանկ ապրանքի պահանջարկ։ Մենք չենք կարող ստեղծել շատ մեծ քանակությամբ գործարաններ, շատ մեծ քանակությամբ արտադրանք, որպեսզի մրցակցենք Թուրքիայի հետ որակի հաշվին, դա համար մենք պետք է ստեղծենք քիչ քանակությամբ բարձ որակի արտադրանք, այդ դեպքում Չինաստանը կամ Թուրքիան մրցակից չեն լինի»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ