Հուլիսյան խաղաղ երեկո էր: Այգու խորքում բազմած տաղավարը պարուրված էր էկոլամպերի սառը, արծաթ լույսով: Դեմ-դիմաց նստած, կանեփաբույր, ութսունը վաղուց գլորած զրուցակցիս աշխույժ աչքերը փայլում էին անսպասելի հանդիպման բերկրանքից: Միայնակ տղամարդը սեղանին դրեց տասնամյակներ շարունակ իրեն ուղեկցող լուցկու ու ծխախոտի տուփերը, որոնց ավելացել էր և բջջային հեռախոսը: Երկար ժամանակ չէի հանդիպել նրան: Գորովանքով լեցուն նրա խոսքից հասկացա, որ չէր կորցրել մտքի հստակությունը: Ծերունական զառամախտը բարյացակամ շրջանցել էր նրան ու խնայել: Զգալի գինովցած էր, բայց և՝ հաճելիորեն սթափ: Նա նէպմանյան գողական փիլիսոփայության վերջին կրողն էր մեր քաղաքում, վերջին մոհիկանը: Բանտախցում հաց էր կիսել Վասյա Կորժի, Պաշա Ստրաժնիկի և Սվո Ռաֆի հետ1:
-Մատաղ, մատաղ, դու լույս ես տալիս, քեզ սիրում է Աստված, ինչպես ինձ,- գորովանքով մրմնջաց:
Խորհրդային բանտային գեհենը ծայրեծայր դեգերած, անհավատալի փորձությունների ենթարկված ու մարդ մնացած մարդն իրավունք ուներ այդպես կարծելու: Ես խնդրեցի պատմել նրան իր կյանքից մի ուշագրավ դրվագ:
-Կպատմեմ սառնարանի մասին,- ասաց նա ու սուզվեց հիշողության բավիղները: Մի պահ քար լռություն տիրեց: Ինձ թվաց, թե բյուրավոր պապանձ հոգիներ պատրաստ սպասում էին նրա խոսքին: Խոսելու ճիգ նշմարվեց նրա դեմքին: Կարծես ճգնում էր քաշել ծանրածանր, թանձր մի վարագույր՝ երկաթե վարագույր:
-Գնացքը փնչալով գնում է դեպի արևելք: Հեռավոր արևելք: Ապրանքատար շարժակազմն էտապով տեղափոխում էր կալանավորներիս՝ վեց հարյուր հոգու: Յուրաքանչյուր վագոնում վաթսուն հոգի ենք: Քարածխի վառարանի շուրջ խմբված, տարբեր տարիքի, տարբեր ազգության մարդիկ են՝ լուռ ու մռայլ: Կարճատև երթից հետո շարժակազմը հանվում է հիմնական ուղուց ու մտցվում փակուղի՝ ճանապարհ տալու եկող շարժակազմերին: Բազմօրյա, հաճախակի փակուղային դադարներով երթը դարձել էր ձանձրալի, անտանելի: Հերթական դադարի ժամանակ հանդգնեցի վագոնի վերին մասում օդափոխության համար նախատեսված բաց ճեղքից դուրս նայել: Մեր սար ու ձորերի նման լեռնոտ, անտառապատ տեղանք էր, վերակացու՝ ավտոմատավոր զինվորների դաժան հայացքներ: Հոգոց հանելով, վառելով հերթական սիգարեթը՝ ծերունին շարունակեց.
– Քիչ անց շրխկոցով բացվեցին դռները: Շերտավոր հագուստիցս ճանաչեցին միանգամից ու վրա պրծնելով դուրս նետեցին գնացքից: Չիտայում եմ:
Ձմեռ էր: Ինձ նետեցին շարժակազմի մեջ գտնվող պատժավանդակ: Ճաղավանդակը խիտ ցանցկեն էր, և ջրաշիթը միանգամից առաջացրել էր սառցե վանդակ: Սարսափով մտածեցի՝ սա վերջն է: Սառնամանիքն ածելու շեղբի պես թափանցում էր: Խելագարության հասնող անհույս վիճակս մղում էր շարժվելու: Շուտով ուժերս սպառվեցին: Ծնկեցի և կզակս զարնվեց սառցե հատակին: Գիտակցությունս կորցրի…
Մարդը մի պահ լռեց, հետ նստեց, բարձրացրեց իր սերնդի շրջանում այլընտրանք չունեցած հնաոճ կեպկայի հովանին և շարունակեց:
– Երբ օրեր անց գնացքը հասնում է Ուլան-Ուդե, և տեղափոխող անձնակազմը ստուգայց է կատարում, ինձ նորից են հիշում: Սառած, փայտացած գտնելով ու համարելով մեռած, ինձ քարշ են տալիս սառնարանից դուրս և զեկուցում պետին: Կազմվում է արձանագրություն մահվան հերթական փաստի կապակցությամբ ու ներկայացվում ստորագրության ուղեկցող անձնակազմին: Բոլորը ստորագրում են, բացի երիտասարդ բժշկից, ով պնդում է տեղում զննելու և համոզվելու անհրաժեշտության մեջ: Հանձնաժողովականները ծիծաղում են և սկսում ձեռ առնել անփորձ բժշկին:
-Ստալինյան մարդակեր գայլերը,- իր պատմությունը շարունակեց ծերունին,- շատ լավ գիտեին, որ մարդն այնտեղից կենդանի չի պրծնում: Ես ոչ առաջինն էի, ոչ՝ վերջինը: Համառ երիտասարդը (ով հետագայում պատմեց ինձ այդ ամենը) պահանջում է զննում: Եվ ո՜վ զարմանք. նրա տոնոմետրն արձանագրում է աշխատող սրտի դանդաղ զարկերը:
-Նա կենդանի՜ է, նա կենդանի՜ է,- բղավում է նա:
Արդեն նետելու պատրաստ՝ պարկի մեջ տեղավորված փայտացածիս տեղափոխում են նույն վագոն, հրահանգում վառարանից հեռու պահել և ծածկել լաթ ու շորով:
Նա նորից մի ծխախոտ վառեց, կուլ տվեց ծուխն ու անհամբեր մանուկի պես շտապեց պատմել առանց արտափչելու: Պատմվող խոսքի հետ ինքնաբերաբար արտամղվող ծուխը, բաց վառարանի բերանից ելնող ծխի նման տարածվելով, շարունակեց.
-Օրեր անցան: Սկսեցի ձայն լսել՝ կարծես անդունդից: Այն կամաց-կամաց հստակվում էր: Սկսեցի շարժվել:
-Արթնացա՜վ, արթնացա՜վ: Նա կենդանի՜ է,- վրա պրծան տառապյալ մարդիկ ու սկսեցին շոշափել՝ կարծես համոզվելու համար իմ ողջության մեջ:
Ամուրի Կոմսոմոլսկում ինձ տարան բանտային հիվանդանոց, որտեղից դուրս գրվեցի տասնութ օր անց:
-Աստծո ցավը տանեմ, ասում եմ, չէ՝ սիրում է ինձ, այլապես այստեղ չէի լինի,-ասաց նա ու բարձրաձայն քրքջաց.
-Աշխատում էինք ուսսուրական տայգայում: Անտառ էր՝ անեզր, անսահման: Փակված անտառի հսկա բացատը շրջափակված էր դիտաշտարակներով: Անտառ ենք հատում: Յուրաքանչյուրն իր կտրած ծառը փոքրահասակ ձիով քարշ էր տալիս կուտակավայր: Տարածքը խստորեն հսկվում էր գոտիավորված կերպով: Հաղթահարեցիր մեկը՝ կբռնվեիր մյուսում: Թեև փորձերն ավարտվում էին ձախողմամբ, այնուամենայնիվ, շատերն էին փորձում փախչել: Ին՜չ ուներ կորցնելու քսանհինգ տարի դատապարտվածը:
Նրանք նախապատրաստվում էին երկար. նախ, ժամանակի ընթացքում աննկատ փորում էին գետնափոր թաքստոցներ: Այնտեղ կուտակում էին խնայված սնունդ, լուցկի, ջուր: Կուտակված պաշարը թույլ էր տալիս մի քանի օր պատսպարվել: Երբ անհետանում էին, սկսվում էր տենդագին փնտրտուքը հարակից տարածքներում: Չգտնելով՝ համակերպվում էին փախուստի մտքի հետ և դադարեցնում փնտրտուքը:
Ամենակուլ տայգայի թավուտները շատերին են կլանել: Մի անգամ,-ոգևորված շարունակեց զրուցակիցս,- վերակացուներն անտառի խորքում ծուխ են նկատում: Շրջապատելով տարածքը՝ ձերբակալում են մի փախստականի, ով սպանել էր ընկերոջն ու կերել նրան: Բերեցին ու բոլորին ի տես ծառից կախեցին փափուկ մսերից զրկված սպանվածին: Թե ինչ եղավ ինքը՝ մարդակերը, անհայտ մնաց:
Մի պահ լռություն տիրեց:
-Դե լավ, մատաղ,-վրա բերեց ծերունին.- Տիխի կաց, ես գնամ:
Նրան ուղեկցեցի մինչև դարպաս: Ձեռքս սեղմեց, բարի գիշեր մաղթեց ու անէացավ խավարի մեջ, ողբերգականորեն դժբախտ իր բախտակիցների նման:
Անցան ամիսներ: Խորհրդավոր մարդու կյանքի ոդիսականը հանգիստս խռովել էր: Հաճախ էր պատկերանում հայացքիս առաջ: Նրա անսովոր դիմախաղը, ենթամշակութային խոսքի երանգները, պատմելու անզուգական ոճը, անսահման անկեղծությունն ու պարզությունը հանգիստ չէին տալիս ինձ: Ես նման էի այն հնագետին, ով գտել էր խորհրդավոր պարունակ, և մղումը՝ բացել այն, արդեն անկասելի էր:
Հին տոմարով Ամանորին այցելեցի նրան: Շատ ուրախացավ ու փութով հրավիրեց նստել արդեն բացված փոքրիկ սեղանի շուրջ (ծերուկն այնքան էլ վատ չէր ապրում. տարատեսակ օղիների, կոնյակի շշերի կողքին կեցած ուներ անգամ շոտլանդական վիսկի՝ բոլորն էլ կիսով չափ լիքը. ակներևաբար, «գրեվը» նրան ևս չէր շրջանցում. մրգերի, ուտեստների պակաս չուներ): Նախընտրածս խմիչքը լցրեց, իսկ ինքը նախընտրեց օղին: Բարձրացրեց բաժակը, հանդիսավոր դիրք ընդունեց ու ասաց.
-Այսօր բաղում , վաղը՝ հողում: Ողջույն մեզ: Աստծո կենացը:
Խմեց, պարպված բաժակը հանդարտորեն վայր բերելով, ասես մոռացած այն սեղանին հանձնելու հարկը, հեղուկի դառնությունից և ուտեստի պապակից կկոցած աչքերում անհուն կարեկցանք ու թախիծ, շարունակեց.
-Բայց շատ ա էլի տուժված մեր Աստվածը, չէ՞, ախպեր: Ձեռքերը մեխա՜ծ, ոտքերը մեխա՜ծ, փուշ ու արյու՜ն…
Ասաց ու բաժակը վայր դրեց՝ տանջողների հասցեին մրմնջալով իր աշխարհում ընկածներին տրվող հայտնի մի որակում:
-Դժգոհ չեմ ոչնչից: Աստված էլ է ինձ սիրում, ժառանգներս էլ, ախպերությունն էլ: Ոչ մի բանի կարոտություն չունեմ: Ինչ կյանքով ապրել եմ, այնպես էլ ապրում եմ:
Ակնարկելով որոշ հեղինակությունների կողմից հովանավորվելու իրողությունը՝ այդ ամենը համարեց իր վաստակի գնահատականը, որի մեջ, իհարկե, համարում էր նաև խառը Աստծո մատը: Արագ վեր կացավ՝շրջվելով դեպի բնակարանի խորքը, խնդրեց հետևել իրեն: Անցանք փակ պատշգամբը:
-Ահա՛, տես: Ես Իր ցավը տանեմ, Ինքն է ինձ բերել ու հասցրել էս պահը: Դա անհնարին կլիներ, եթե չլիներ Ինքը: Ասաց ու հայացքը հառեց պատշգամբի անկյունին, որտեղ կախված էին բազում սրբապատկերներ, խաչեր ու մոմակալներ: Երկու լղարիկ մոմ մեկնեց ու հորդորեց վառել: Ակնածանքով վերցրի, տնկեցի կոլայի՝ ավազով լիքը թիթեղյա բանկայի մեջ, որը դրված էր անկյան փոքրիկ սեղանին ու վառեցի: Նա գոհացած շունչ քաշեց և հրահանգեց վերադառնալ սեղանի շուրջ: Պատշգամբի ու սեղանատան միջև ննջարանի դիմահայաց պատի առաջ ակամա կանգ առա. հնաոճ շրջանակներում և առանց դրանց բազմաթիվ լուսանկարներ էին համրորեն նայում՝ պես-պես տարազներով:
-Ծնողներս, հարազատներս ու տոհմակիցներս են,- ծանուցեց խանդաղատագին ելևէջով և թաքնված հպարտությամբ ավելացրեց.
-Հիսունց է մեր տոհմը, և դա, չծիծաղես, ինձ փրկել է հաճախ:
Երբ տեղավորվեցինք, սեղանի պռնկին դրեց գունավոր լուսանկարների մի տրցակ և, իմիջիայլոց, նետեց.
-Նայի՛ր, երեխաներս, թոռներս, ծոռներս են,-ասաց ու ծոցագրպանից հանեց շագանակագույն թղթե փոքրիկ փաթեթը: Սկսեցի անշտապ դիտել ու քաղաքավարությունից դրդված հարցնել, թե ով ով է: Ակամա հայացքը հեռացնելով աշխատող ձեռքերից, քնքշագին նայում էր նկարին, պատասխան տալիս ու փութով շարունակում բաղձալի տենչով ծանրաբեռ: Լուսանկարներից մեկը գրավեց ուշադրությունս: Գեղեցկադեմ, հերարձակ լանջաբացվածքով՝ երեսուն-երեսունհինգ տարեկան, ժամանակակից հագուկապով կին էր: Իսկ երբ նա գոցեց պոչավոր թղթե գլանակի բերանը, պարզեցի նկարն իրեն ու հարցրի կտրուկ.
-Ո՞վ է:
Չարաճճի ժպիտ խաղացնելով՝ ինքնավստահ, ծխի քուլաների միջից արտաբերեց.
-Սիրա՛ծս է: Ասաց ու շարունակեց.
-Շատ-շա՜տ՝ ապրենք հարյուր տարի…սրանից հետո,- փոքր-ինչ դադար տալուց հետո շարունակեց.- մեկ է՝ մենք չենք լինելու: Կարո՞ղ ես՝ վայելիր:
Ցանկանալով նրան բերել ընդհատված զրույցին՝ հարցրի.
-Ի՞նչ եղավ սառցավանդակից և ուսսուրական Տայգայից հետո, խնդրում եմ, պատմիր:
Նրան ակնհայտորեն դուր եկավ թախանձանքս, և պատրաստակամ, բայց թախծոտ տոնով ասաց.
-Շատ վատ եղավ, եղբայր, վատը կարգին բան է, ուղղակի հայտնվեցինք դժոխքում: Արդեն հստակ էր, որ մեր՝ անտառահատների ճամբարը փակվելու է: Ըստ պահանջագրերի, փոքր էտապներով հարյուրավոր դատապարտյալներ էին առաքվում ցրտաշունչ հեռուներ (ամենուրեք՝ ձյուն, ձյուն. քայլում ես կիլոմետրերով, տասնյակ կիլոմետրերով՝տեսադաշտումդ՝ բոլոր կողմերի վրա՝ սպիտակ է ու՝ անասելի ցուրտ: Այդպես է տարվա մեծ մասը. ու եթե որևէ շինություն էլ լինի, ասենք, անտառապահի խրճիթ, միայն հնարավորինս մոտենալով կարելի է տարբերել նրա հազիվ նշմարելի պատկերը՝ ձյունի տակ կքած. կամ էլ կարող ես դեմ առնել հուսահատ փախուստի ճանապարհը բռնած, սառած-անշնչացած մեկին, ով ոչ հեռու անցյալում դոկտորական ատենախոսությունն էր պաշտպանել ու վայելել հեռանկարային գիտնականի համբավը):
Այդ ամենն ուղղորդում էր ԳՈՒԼԱԳը: Միլիոնավոր մարդիկ էին թարմ հոսանքով ցրվում անթիվ ճամբարներ, որտեղ մրջյունների պես բանում էին ու մարում ցրտից, սովից, կտտանքներից, հիվանդություններից ու բազում զրկանքներից:
Վերհուշի վշտից կկոցելով աչքերն ու տարուբերելով գլուխը, բթամատը ցուցամատի ծայրին հպելով ու անորոշ հայհոյանք հղելով, ասաց.
-Ա՜յ, եսքան՝ մի ճանճի արժեք չուներ մարդն էդ երկրում:
Փակվում էր մեր ճամբարը: Հատուկ հանձնաժողովը, բժիշկներով հանդերձ, տեսակավորում էր ճամբարականներիս՝ ըստ պիտանելիության: Սկզբից ինձ խոտանեցին: Առաջին պատժաչափիս ժամանակ, որի մասին հետո կպատմեմ, խոշտանգումից ջարդվել էր ձեռքս ու ծուռ էր կպել: Պիտանի չէի ծանր աշխատանքի: Երկրորդն օրենքով գող «Տոլիկ ցիպլյատան» էր: Եվ այդպես շարունակ:
Հատուկ գնացքով մեզ հասցրին Պորտ Վանինո: Դա մի փոքրիկ քաղաք էր՝ Սախալին կղզու դիմաց, Ճապոնական ծովափին: Քառասուն հազարանոց ճամբարը լծված էր մի աներևակայելի դժվար աշխատանքի: Քաղաքի դիմաց փոքր ցամաքալեզվակով կղզու ծովափին, լեռան մեջ ռազմական օդանավակայան էր կառուցվում: Փորում էին լեռան ընդերքը՝ ապարը հանձնելով ծովին: Պատժի ու մահվան սարսափով, մարդկային մրջնանոցն անդուլ բանում էր, հորատում, բետոնապատում, ավելի խորը մխրճվում դիվական խորքը: Ապարատար վագոնների դղրդյունի, ցեխի, ջրի ճողփյունի, քլունգների ու մուրճերի համազարկերի, փլուզումների ու քարաթափերի գեհենում կյանքի ու մահվան երգն էր վրնջում: Իսկ դրսում, ուր մոլեգնում էր քամին, մարդիկ կառչում էին հատուկ կապված պարաններից՝ տեղաշարժվելու և հողմից չշպրտվելու համար: Յուրաքանչյուր աշխատանքային օրը համարվում էր երեք օր, մեկ տարին՝ երեք տարի: Քչերին էր բախտ վիճակվում դուրս պրծնել մահվան չարագուշակ այդ զնդանից: Հատկապես անհույս էր երկրորդ աշխարհամարտում գերի ընկածների, 58-րդ հոդվածով դատվածների (հակահեղափոխական, հակապետական գործունեություն) վիճակը: Նրանց բերում, մաղում էին, տեսակավորում, վերախմբավորում: ԿԳԲ-ի գիշակերները քրքրում էին յուրաքանչյուրի գործը. որտեղ է գերի ընկել, ով է եղել հրամանատարը, ինչ է արել գերության մեջ և այդպես շարունակ: Նրանք, ովքեր իրավունք չունեին ապրելու, մասսայաբար մահացու թունավորվում էին ճաշին: Քրեականներիս էր վերապահված մեռածներին բեռնատարները բարձելու և էքսկավատորներով փորված ուղղաձիգ, երկար փոսերը լցնելու գործը: Լցնում ու տափանում էին՝ չթողնելով ոչ մի հետք: Իսկ քրեականների համար կար հատուկ թաղման վայր: Մի քանի շարքով՝ կիլոմետրերով ձգվող լարերի վրա ամրացված երկաթե թիթեղիկներին մահացածի գործի համարն էր, անունը, ծննդյան ու մահվան թվականները: Իսկ երբ փչում էր քամին, պողպատե թիթեղիկները կարծես հոգեհանգստյան մեղեդի էին մրմնջում:
Բա չես ասի՝ ինչ եղան մեր ճամբարի մյուս կալանավորները,-էլի անհասցե հայհոյանք հղելով՝շարունակեց.
-Ուրեմն «Коробка» կոչվող եռահարկ նավը, որի ստորին երկու հարկերը կահավորված էին որպես բանտ, նախատեսված էր կալանավորներ տեղափոխելու համար: Վերին հարկում տեղափոխող ու սպասարկող անձնակազմն էր: Պորտ Վանինոյից նրանք շարունակում են ճամփան դեպի Մագադան: Նրանց մեջ գլուխ ունեցող մարդիկ կային է՜, գիտե՞ս ի՜նչ մարդիկ,-ծոր տվեց ծերունին ու շարունակեց.-ճաշ բաժանելու ժամանակ, երբ շրխկոցով բացվում էր փոքրիկ դռնակը, և խոհարարները պիտի ներս փոխանցեին կերակուրը, թրմփոցով, իբր ուշագնաց, վայր է ընկնում մի կալանավոր: Դռնապաններն արագ բացում են դուռը՝ դուրս քաշելու ընկածին: Իսկ նրանց հենց այդ էր պետք. վրա են պրծնում, զինաթափում դռնապաններին, դուրս հորդում՝ նրանց փակելով երկաթե զնդանում: Անաղմուկ բացում են մյուս բոլոր դռներն ու ելնում տախտակամած: Զինաթափելով բոլորին՝ գրավում են նավը և ուղղվում դեպի Ամերիկայի ափերը: Այնուամենայնիվ, վերակացուներից մեկին հաջողվում է տագնապի ազդանշան տալ: Զեկուցվում է Մոսկվա, որտեղից ստացվում է հրամանը՝ խորտակել նավը: Հուսավառ մարդկանց երթը կասեցնում են օդ բարձրացած ռմբակոծիչները՝ բոլորի հետ ծովի խորքերն ուղարկելով նաև տագնապ հնչեցրած անմիտ վերակացուին…
Այդ մասին ծածուկ պատմում էին բարաքներում, փայտաշեն, գաղջ, մահահոտ թոհուբոհում:
Նա թախանձագին նայեց աչքերիս ու նետեց.
-Բեր՝ չպատմեմ, էլի՜, ինչու՞ ես հիշեցնում: Բայց հանդիպելով աննահանջ կեցվածքիս, շարունակեց.
-Ամբողջ գաղութը շրջապատված էր փշալարե պարսպով ու դիտաշտարակներով: Հարյուրավոր միահարկ բարաքներ, թեև շարված էին կողք-կողքի, բայց մեկուսացած էին և ունեին առանձին մուտքեր: Յուրաքանչյուր բարաք իր հերթին ներսից բաժանված էր 60-70 տեղանոց հատվածների, որոնցից յուրաքանչյուրը կազմում էր մեկ բրիգադ: Բարաքում մշտապես հերթապահում էր մեկը, ով մաքրում, սրբում էր, հետևում վառարանին ու ջուր կրում: Ամեն մի բրիգադ ուներ իր աշխատանքային տեղամասը, որ գտնվում էր մեկ կիլոմետրի վրա: Նախաճաշն ու ընթրիքը տրվում էին բարաքում, ճաշը՝ աշխատատեղում: Անզեն հսկիչներն ամեն օր մտնում էին բարաքները, ստուգում ու հաշվառում: Կարգազանցները հայտնվում էին տուգանային բրիգադներում БУР և ЗУР (барак усиленного режима և зона усиленнего режима) և մեկուսարաններում: Գաղութն արտաքնապես էր միասնական: Այն բաժանված էր գոտիների և յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ էր՝ առանձնացված ու մեկուսի: Համակեցությունն անհնար էր, այդ աշխարհում գործում էին մարդկային վարքուբարքի տարբեր ընկալումներ ու դրսևորումներ (масть), որոնք իրար հակոտնյա էին ու թշնամի: Երբ գալիս էր էտապը, ամեն ոք հայտնում էր իր մաստը և ներառվում համապատասխան зон-ում: Սխալ ընտրությունը հավասարազոր էր մահվան: Կար յոթ масть: Առաջինը՝ хули нам, անտարբերներն էին: Այսինքն՝ անտարբերություն ամեն ինչի նկատմամբ. սրանք չէին ենթարկվում ոչ-ոքի՝ չընդունելով նաև գողերին ու գողականը: Երկրորդը лом подпоясный-ն էր. սրանք այն ըմբոստներն էին, ովքեր ապավինում էին բիրտ ուժին ու դագանակին: Երրորդը красношапочники կոչվողներն էին՝ երբևէ ծառայած և ուսադիրներ կրածները: Չորրորդը գողերն էին: Համարյա ամեն բրիգադում գող կար: Նրանք վերահսկում էին միջանձնային հարաբերություններն ու կարգուկանոնը, պաշտպանում յուրայիններին ուրիշների ոտնձգություններից: Հաջորդը՝ суки, այսինքն՝ բ-րը: Եթե նրանցից մեկը հայտնվեր կամ բացահայտվեր այն зон-ում, որտեղ գող կար, պետք է անպայման սպանվեր, այլապես իշխողը կզրկվեր տիտղոսից: Հետո գալիս էր честные мужики անձանց խավը, որը ենթարկվում էր գողերին ու ապրում նրանց հետ: Եթե կար առաջինը, կար նաև երկրորդը: Եվ, վերջապես, անողոք այդ աշխարհի հատակում педараст կոչվողներն էին՝ մերժվածների կաստան՝ ենթակա սեռական շահագործման, որոնք իրավունք չունեին օգտվել ընդհանուր ճաշարանից և կողից կախված ունեին ալյումինե թասեր:
Նկատելի աշխուժացած, համապատկերից էպիզոդիկ դրվագներ վերհիշելու այլևս պատրաստակամ, զրուցակիցս շարունակեց (ժամանակ առ ժամանակ տեղավորվում էր խոհանոցի անկյունում. նստում էր ծնկները գրկած, պատմում, խնդմնդում՝ հայացքը մի անորոշ կետի, երկար լռում ու ծխում. հետո նորից, հոգոց հանելով, շարունակում. ծնկները գրկած. երբեմն քայլում էր՝ խոհանոցից՝ միջանցք ու՝ նորից խոհանոց՝ շարունակելով պատմությունը).
-Նորեկների հագուստներն ու կոշիկները, որ մնում էին տրվող հատուկ հանդերձանքից հետո, տնօրինում էինք մենք: Դրանցից լավագույնները տրվում էին մոտալուտ ազատ արձակվողներին, մնացածը փոխանակում էինք լուցկու, մախորկայի, самосад-ի՝ ինքնատունկ ծխախոտի, օդեկոլոնի, թեյի… շան և այլ ուտելիքի հետ: Մի օր քրոմե սապոգների դիմաց մեր ասած տեղը կապած գտանք մեծ մի շուն: Մորթող էլ գտնվեց, բայց, այ, մորթազերծ անող չկար: Հանձն առա: Հիշում էի, թե ինչպես էր հայրս ոչխարը մաշկում: Կացնահար ու գլխատված կենդանուն կախեցի ծառից, թևքերս քշտեցի ու սկսեցի մաշկել: Կողքին վառված կրակի վրա դույլի մեջ տաքանում էր ջուրը, իսկ երբ ճեղքեցի որովայնն ու փորոտիքը վար էի քաշում, անհանգիստ խլրտոց լսվեց: Հանկարծակիի եկած «հանդիսատեսները» ոտքի կանգնեցին: Բարձրացրի գլուխս, մի պահ քարացա: Հետո բնազդաբար շարունակեցի գործս՝ հայացքս մերթընդմերթ նետելով անսպասելի ու վտանգավոր «հյուրերի» կողմը: Բարձրաստիճան զինվորականներ ու բարձր պաշտոնյաներ էին, ոմանք գեներալական լամպասներով, ոմանք՝ ցիլինդրներով: Անսպասելի ու անսովոր տեսարանից ապշահար, մի պահ կանգնեցին, հարցրին բրիգադի համարն ու հեռացան: Իսկ երբ աշխատանքից վերադարձած բրիգադի անձնակազմի առաջ փայտով հարթված ձյան վրա նրանց քանակին համապատասխան կտրտված ու եփված միսը դույլից թափեցի, նրանց չարագուշակ տեսքը կրկին հայտնվեց աչքերիս առաջ: Վտանգ զգացի: Այս շան նման ինձ էլ կտոր-կտոր կանեն, անցավ մտքովս: Առաջինը վերցրի կրծքի հատվածից յուղոտ մի կտոր և սկսեցի ուտել: Մնացածը, ասես տոնական տրամադրությամբ, աշխույժով մոտենում էին ձյունե սեղանին, վերցնում իրենց բաժինը, կողք քաշվում և ըմբոշխնում: Հազիվ էի կուլ տվել բաժնիս վերջին պատառը, երբ սառը օդը թրատելով, պողպատաձայն հնչեցին անուն-ազգանունս: Ակամա յուղոտ ձեռքերով սղալեցի դեմքս ու աչքերս: Ձեռքերս առած մեջքիս, կառափնարան գնացողի պես վերակացուի առաջն ընկա: Իսկ երբ ուղղվեցինք բարձունքում գտնվող լայն պատուհաններով, բոլոր կողմերից տեսանելի գորշ ու մռայլ շենքի կողմը, սարսուռս սահուն փոխակերպվեց դողի: Քիչ հետո բացվեցին գաղութի պետի աշխատասենյակի դռներն, ու ներս հրեցին ինձ: Մտա: Ընդարձակ սենյակում, կոքսի մեծ վառարանից քիչ հեռու սեղանի շուրջ նստած էին նույն պաշտոնյաները: Ինչ ասես՝ կսպասեի նրանցից, բացի նրանից, ինչ տեղի ունեցավ: Ինձ տեսնելով՝ նրանք սկսեցին անզուսպ քրքջալ ու աշխույժ իրար նայել: Երբ հանդարտվեցին, սեղանի վերին մասում նստածը տիրական ձայնով ասաց.
-Տղա՛ս, մոտ արի:
Երբ մի քանի քայլ մոտեցա, նորից սկսեցին հռհռալ: Շփոթահար, անհանգիստ երբ աջուձախ նայեցի, նրանցից մեկը ցույց տալով պատից կախված հայելին, ասաց.
-Մոտեցիր հայելուն ու նայիր քեզ:
Համարյա հիպնոսացած մոտեցա ու…սկսեցի ծիծաղել: Ինձ թվաց, թե սենյակը հիմա կպայթի ներկաների նորից ծայր առած հուժկու ծիծաղից: Հայելու մեջ ես չէի կարծես, այլ վարպետորեն շպարված խեղկատակ: Շան ճարպն ու ճրագուն, երբ յուղոտ ձեռքերով սղալել էի քիթ-մռութս ու աչքունքս, սառել էին դեմքիս, քամին ու փոշին էլ իրենց գործն էին արել՝ հարդարելով վերջնականապես: Զվարճալի տեսքիս հետ ահն էլ, կարծես, չքացավ:
-Ո՞վ ես դու ազգությամբ,-հարցրեց տիրական ձայնը:
-Ձերոնցից,-երկմտանքով ասացի ես:
-Չէ՛, ասա կոնկրետ,-պահանջեց խստաձայն:
-Հայ եմ,-ասացի:
Աշխուժություն ալիքվեց: Նա հաղթական հայացք նետեց աջուձախ ու բարեկամաբար ասաց.
-Ես էլ հայ եմ: Տեսնելով քեզ՝ հասկացա, որ դու էլ հայ ես: Չհավատացին ինձ ընկերներս: Ես ճիշտ դուրս եկա: Իսկ կոնկրետ որտեղի՞ց ես:
-Զանգեզուրից:
-Ավելի ստու՞յգ,- կարծես հետաքրքրությունը շարժեցի:
-Գորիսի՛ց;
-Ա՜, ազգականիս եմ գտե՜լ…-բացականչեց նա, մոտեցավ, գրկեց ինձ ու սեղմեց կրծքին:
-Ես շուշեցի եմ,-ասաց,-հայրս սայլապան էր և հաճախ էր գալիս ձեր կողմերը: Մի անգամ էլ ինձ առել էր հետը:
Որոշ հարցուփորձից հետո, ինձ հորդորեց կարգապահ մնալ, շուտափույթ ազատ արձակվել ու լծվել խաղաղ աշխատանքի:
-Ինձ, երբ կարգի կգաս, կուղղվես, կարող ես գտնել այս հասցեով:
Ջերմորեն սեղմեց ձեռքս և ներս մտած վերակացուին կարգադրեց ինձ ուղեկցել բարաք:
Նա ԽՄԿԿ Խաբարովսկի երկրամասի երկրկոմի առաջին քարտուղարն էր՝ Տուշմալյանը, ով եկել էր մեր՝ Շինարարություն N 508-ը՝ շինարարական շրջանի վարչության պաշտոնյաների հետ:
Ազատազրկման ժամկետիս ավարտին մնացել էր երեք օր: Պատրաստ հագուկապուստս անկողնիս մոտ կախված էր պատից: Շորերիս մեջ հատկապես աչք էր շոյում կաշվե ճապոնական շագանակագույն մի բաճկոն, որը գնել էի լենինգրադցի կալանավոր օդաչուից և չտեսնված բան էր: Անկյունս զարդարված էր նաև բանտային արվեստի գործերով՝ մերկ, կիսամերկ գեղեցկուհիներով: Գաղութի ռեժիմը ստուգելու եկած մի հանձնաժողով հայտնվում է մեր բարաքում՝ անկողնիս մոտ: Օրապահը զեկուցում է ու հայտնում, որ այդ ամենը պատկանում են ինձ և որ շուտով պիտի ազատվեմ: Եկան կանչեցին: Ուրախացա՝ մտածելով, որ պատրաստվում են ազատ արձակել: Անխոս երկու մռայլ վերակացուներ գաղութի բանտի դուռը տարան:
Ընդհատելով խոսքը՝ զրուցակիցս ձեռքն առավ ծխախոտի տուփը, մի գլանակ հանեց, հետ նստեց ու սկսեց երկու ձեռքերի ցուցամատի ու բթամատի արանքում պտտեցնել այն ու լռեց: Ասես մոռացել էր իմ մասին, սովորականի պես սուզվել ապրած կյանքի փոթորկահույզ խորքերը: Անհանգիստ շարժումով խոր շունչ քաշեց ջրից դուրս պրծած լողորդի նման, աղերսալի ու կշտամբական հայացքը մեխեց աչքերիս ու վրա բերեց.
-Ախպեր, ինչի՞ ես է հիշեցնում, բեր՝ չպատմեմ, էլի:
Ես դարձյալ՝ առարկություն չհանդուրժող լուռ ժպիտով պատասխանեցի: Նա վառեց ծխախոտն ու շարունակեց:
-Ներս տարան ու նետեցին ընդհանուր պատժախուց: Ուրախ ճիչ-աղմուկով մի քանի հոգի մոտեցան, գրկեցին, ձեռքս սեղմեցին ու սկսեցին հարցուփորձ անել: Ուսսուրական ճամբարի բախտակիցներս էին, որոնք ճանաչել էին ինձ: Ասացի, որ այստեղ հայտնվելուս պատճառը չգիտեմ, որ երեք օր է մնացել ժամկետիս ավարտին: Բաժանեցի ունեցածս մախորկայից, ու վերհիշեցինք դեպքեր անցյալից: Ի դեպ, «Коробка»-ի պատմությունը հենց այստեղ լսեցի: Որոշ ժամանակ անց ինձ դուրս տարան ու հրեցին փոքր մի սենյակից ներս: Երեք բանտայիններ էին ներսում՝ դաժան, ապակեփայլ աչքերով: Թղթեր հանեցին, կարդացին ու պահանջեցին ստորագրել: Գրված էր, որ իբր բռնությամբ հագուստներ եմ խլել, մարմնական վնասվածքներ հասցրել, վնասարարությամբ զբաղվել: Յուրաքանչյուր բարաքում նրանք ունեին գործակալ մատնիչ-զրպարտիչներ, ովքեր կեղծ վկայում ու ստորագրում էին: Հրաժարվեցի ստորագրել: Հրեշները վրա պրծան ու կոխկրտեցին: Արյունլվա, կիսամեռ ինձ քարշ տվին բանտի խորքը: Դղրդոցով բացված դռնից ներս նետեցին ու փակեցին: Ցավը երկար գալարեց ու գամեց գետնին: Երբ գիտակցության եկա, պղտոր հայացքս դանդաղորեն սկսեց ընկալել շրջապատը: Առանց ապակու, ճաղապատ, բարձրադիր պատուհանից հորդող լույսն ու օդն ուշքի բերեցին ինձ: Շրջապատն ապականված էր մարդկային կղանքով: Դիմահայաց պատի տակ, երկաթե հարթակին ամբողջովին մերկ, մազ-մորուքի մեջ կորած, ածխի պես երկու մարդ էին կծկված: Գունդուկծիկ երկու արարած էլ ընկած էին մյուս անկյունում: Բոլորն էլ համակ ուշադրությամբ հետևում էին ինձ՝ բեմ նետվածիս: Ընդարմացած, ոտքս հազիվ ուղղելով, ձեռքս մի կերպ խոթեցի վարտիքիս գրպանը, հանեցի самосад-ը, փաթաթեցի, վառեցի ու սկսեցի ծխել: Անկյունի գունդուկծիկը սկսեց շարժվել ու բացվել: Կոտրված ու ծուռումուռ կպած ձեռուոտով թշվառները սողացին դեպի ինձ ու երկչոտ հայացքով ծխախոտ աղերսեցին: Նրանց համար էլ փաթաթեցի: Ու երբ բերաններն առան ու վառեցի, և ծխաց խոտը, անմիջապես հետ քաշվեցին՝ ասես վախենալով կորցնել բաժին հասած՝ տենչալի բարիքն ու հետնաքարշ անկյուն մղվեցին: Մի տեսակ անիրական թվաց այդ ամենը՝ արթու՞ն եմ թե՝ քնած, իրականությու՞ն է թե՝ մղձավանջ: Իսկ երբ քարացած թարթիչներս ու սևեռված հայացքս պղտորվեց ու դեռ ստույգ չէի պարզել իրականի ու անիրականի թնջուկը, ուժգին հրոցով տապալվեցի գետնին: Մոլեգին շնչով կատաղի մարդը ակնթարթորեն պատռելով հետ քաշեց օձիքս ու սուր ատամները խրեց ուսիս մեջ և աննկարագրելի թափով պատառ պոկելով, ընկրկեց ու սկսեց ծամել: Հանկարծակիի եկած, արյունաբերան հրեշի տեսքից սարսափած, սկսեցի գոռալ, օգնություն կանչել: Արձագանքը քարացավ ու լռեց: Թևս ու կողս ավելի ու ավելի էին թրջվում ու ջերմանում: Մերկանդամ մարդակերը ծամե՜ց, ծամե՜ց երկար ու մի փոքր գունդ՝ մնացորդը թքեց իմ կողմը: Մյուսը՝ ընկերը, խոժոռ, լուռ, դիտում էր: Դանդաղորեն վար իջավ երկաթե հարթակից, մոտեցավ ինձ ու նախատելով սկսեց ինձ օգնություն ցույց տալ: Պոկեց մի կտոր բամբակե հագուստիցս, վառեց, մնացորդով խարկեց վերքս ու կապեց:
-Ասացի չպատմեմ, հազիվ մոռացել էի,-ասաց ու մանրիկ աչքերի խորամանկ խայտանքով ժպտաց: Ոտքի կանգնեց, արձակեց վերնաշապիկի վերին կոճակները և, որպես վկայություն, մերկացրեց դեպի վեր պարզած ուսը: Ընկույզից քիչ մեծ սպին, որպես ակնախորշում ծվարած կեղծ աչք, երևաց ու թաքնվեց:
-Սա իմ սխալի հետևանքն էր, կարող էր և չլինել: Ոչ թե մեկ, այլ երկու կոպիտ սխալ էի թույլ տվել: Երբ գիտակցության էի եկել ու նկատել նրանց, չէի բարևել: Դե՝ բարևիր, էլի՜, մարդ չե՞ս դու, խի՞ ես էդպիսի սխալ անում,-դատափետեց իրեն ու անցավ երկրորդ վրիպմանը:
-Երկրորդ սխալս այն էր, որ ծխախոտ էի հրամցրել անարժաններին, իսկ իրենց անտեսել: Մահվան այդ զնդանից, որտեղից ոչ ոք կենդանի դուրս չէր գալիս, դուրս պրծա հաջորդ օրը: Ահա թե ինչպես դա պատահեց. երբ ընդհանուր խցից ինձ հանել էին, ծանոթ բախտակիցներս պարզել էին, որ ոչ մի խցում ես չկամ. բանտային կյանքում վաղուց ընդունված՝ պատին հարմարեցվող երկաթե գավաթի(кружка) օգնությամբ կալանավորները կարողանում էին հաղորդակցվել: Հաջորդ առավոտյան նրանք հրաժարվում են սնունդ ընդունել: Պատահմամբ այդ օրը բանտ է այցելում բժշկական ծառայության գնդապետ Ագաֆոնովը: Լսելով բանտարկյալների գանգատը՝ նա կարգադրում է բանտի ղեկավարությանը զեկուցել: Ու նա պնդում է բացել բոլոր դռները: Հայտնվում է նաև մեր խցում: Զարմացական հայացքով չափելով բոլորին՝ պահանջում է ինձ դուրս տանել: Կարգադրեց ու հեռացավ: Երկաթե դուռը վնգստալով փակվեց՝ հետևում թողնելով դժոխքը: Քիչ հետո նստած եմ նրա՝ փրկչիս առաջ: Պատմեցի ողջ եղելությունը: Հուսադրեց, ասաց, որ իր կինը հայուհի է, խոստացավ օգնել ու հրահանգեց ինձ տանել բանտային հիվանդանոց: Լողացրին ու նոր հագուստներ հագցրին: Հաջորդ օրն ինձ այցի եկավ նրա հայրենակարոտ կինը: Գուցե մայրակա՞ն թե՝ ցեղային ամենակարող բնազդն էր նրան բերել բանտային խարխուլ հիվանդանոց՝ չնչին ու իրավազուրկ կալանավորիս ի տես: Նա գյումրեցի էր:
Մեկ շաբաթ հետո ազատ արձակվեցի, այդքան էլ հյուրընկալվեցի նրանց տանը: Ակնարկեցին մնալ, կոմերիտական հարսանիք կազմակերպել՝ ամուսնացնելով իրենց միակ դստեր հետ, մարդ դարձնել, բայց… արևմուտքը կանչում էր: Խոստացա հարազատներիս հետ տեսնվելուց հետո ետ վերադառնալ: Մեկ ճամպրուկ գրքերով ու բավական կլորիկ գումարով ինձ ճամփու դրին: Տուն չհասած, մեկ շաբաթ հետո կրկին ձերբակալվեցի, դատվեցի ու… կրկին բանտ…
1 Հայտնի օրենքով գողեր:
Վարդան Սարգսյան