Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար այսօր ապրելը, այս երկիրը հանդուրժելը դարձել է դավաճանություն». Խաչիկ Չալիկյան

Ապրիլ 05,2018 16:40

Այսօր «Հոգեւոր Հայաստան» նախաձեռնությունը, որի անդամները մտավորականներ են, ասուլիս էին հրավիրել եւ հայտարարում էին, որ այսօրվանից ՀՀ քաղաքական ուժերի՝ դիմադիր, ընդդիմադիր, հանդիպումների շարք են սկսում: Նպատակն է համախմբել համայն հայությանը: Ըստ նրանց ուղերձի, «հայության անվերապահ աջակցությունը չունեցող իշխանությունը ցանկացած փոփոխություն նախաձեռնում է հենց փոփոխությունները բացառելու միտումով, ինչն է՛լ ավելի է խորացնում ճգնաժամը: Արդյունքում՝ հայրենազրկված, հուսալքված ժողովուրդ եւ բզկտված հասարակություն»:

Ըստ նրանց, ընդդիմադիրները այլընտրանք չեն տեսնում, քան միայն առճակատվել ու անձնազոհ ընդվզել՝ անցանկալի հետեւանքներով, իրավիճակը դառնում է օրհասական, ուստի Հոգեւոր Հայաստանն առաջարկում է համայն հայությանը համախմբվել ու ձեւավորել «Համայն հայության հարցերի խորհուրդ»:

Նախաձեռնության անդամ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Կարապետյանի խոսքով՝ «Մենք երբեք, որպես միասնական պետություն հանդես չենք եկել ոչ ներսում, ոչ արտաքին աշխարհում: Մենք հանդես ենք եկել հատվածային, կուսակցական, կազմակերպչական տարբեր կառույցների միջոցով: Մենք այսօր հանդիպումների շարք ենք սկսում՝ սկսած բոլոր քաղաքական կուսակցություններից, կազմակերպություններից, անհատներից, որոնք կարեւորությունը տեսնում են: Մենք հստակ ճանապարհային քարտեզն ունենք, առաջարկներ ունենք եւ վստահ ենք, որ այն արձագանք կգտնի հանրության լայն շրջանակներում: Համահայկական գործելակերպը կարող է հարթակ ընտրել, ազգային ընտրանու ձեւավորման խնդիրը լուծել: Մեր ազգային ընտրանին աստիճանաբար թուլանալով, օտարանալով, ոչնչացվելով՝ եկել հասել ենք այնպիսի իրավիճակի, երբ մտավոր ընտրանին չի կարողանում տեր կանգնել իր սեփական ժողովրդին: Այսօր կարիք ունենք այդ ազգային ընտրանու: Դա կլինի այն կարեւոր հարթակը, որտեղ տարիների ընթացքում կձեւավորվեն, կբյուրեղանան այն լիդերները, որոնք հայտ կներկայացնեն ազգային առաջնորդության»:

Երգահան, երաժիշտ Եղիշե Պետրոսյանն էլ ասաց, որ մենք այդպես էլ չկարողացանք ունենալ այն ազգային առաջնորդներին, այն էլիտան, որոնք կվերցնեին պատասխանատվություն՝ համայն հայության խնդիրների մասին բարձրաձայնելու. «Մենք առանց թռիչքի չենք կարող անցնել հաջորդ էտապ: Մեր պետությանը, մեր ժողովրդին պետք է անպայման թռիչք: Փորձը ցույց տվեց, որ մեր իշխանությունները ի զորու չեղան դառնալ այն գեներատորը, որը կհամախմբեր համայն հայությանը, սփյուռքի էլիտան էլ չի ներկայացնում սփյուռքի ամբողջ ուղնուծուծը, ձեւական ինչ-որ մի շերտ է ձեւավորվել»:

Ըստ Եղիշե Պետրոսյանի, մենք հետեւում քարշ եկողի կարգավիճակում ենք, ամեն բան պետք է ձեռնարկենք, որ թռիչք ունենանք: Ու այդ թռիչքն ունենալու համար «Հոգեւոր Հայաստանը» մտադիր է հանդիպել ու համախմբել իշխանական ու ընդդիմադիր քաղաքական ուժերին նաեւ:

«Արդեն նախնական պայմանավորվածություն ունենք ավանդական կուսակցությունների հետ՝ Ռամկավար, Հնչակ, ՀՅԴ, նաեւ՝ «Հանուն Հայաստան պետության ճակատ», «Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն», «Երկիր Ծիրանի», այդ թվում՝ նախատեսում ենք հանդիպում իշխանական ուժերի հետ»,- ասաց Ռուբեն Կարապետյանը:

Ռեժիսոր Խաչիկ Չալիկյանն էլ ասաց. «Ինձ համար այսօր ապրելը, այս երկիրը հանդուրժելը դարձել է դավաճանություն, որովհետեւ մենք, ծնված լինելով գերխնդիրներով, ապրում ենք ամենաչնչին հարցերով: Եթե անգամ երկրից հեռանում ենք, գնում ենք հայրենիք փնտրելու, եկեք մեր շուրջը հայտնաբերենք այդ հայրենիքը եւ դա պիտի սկսենք համայն հայության համախմբմամբ՝ ձեւավորելով համահայկական կառավարություն, որովհետեւ մենք այսօր իշխանություն ու կառավարություն չունենք»:

Ըստ նախաձեռնության անդամների, մենք հիմա չունենք մի կազմակերպություն, որը կներկայացնի ողջ հայությանը. «Սփյուռքի նախարարությունը պետական միավոր է»: Մեր հարցին՝ հիմա դուք այլընտրա՞նք եք առաջարկում Հրանուշ Հակոբյանի ու Սփյուռքի նախարարության՝ Ռուբեն Կարապետյանը պատասխանեց. «Ոչ բացարձակ, մենք ինչքան կազմակերպություն ունենք աշխարհում, հիմա պատկերացրեք, այդ բոլոր կազմակերպությունները մի համահայկական նավի մեջ: Սփյուռքի նախարարության գործառույթն է ձեւավորել քաղաքականություն սփյուռքի հետ, երբ ՀՀ-ում համաժողով են իրականացնում ու գրում են՝ Հայաստան-Սփյուռք համաժողով, սա չի կարող դիտարկվել՝ որպես Հակաստան + Սփյուռք: Սփյուռքը պետք է դիտարկենք մեր անբաժան մաս»:

Փորձեցինք հասկանալ, թե ի վերջո ի՞նչ են անելու, ի՞նչ նպատակներ ունեն՝ խորհուրդ ձեւավորելով, ուստի հարցին՝ դուք, գտնելով, որ մեր իշխանությունները,կառավարությունն իր գործառույթը չի անում, ուզում եք ստվերայի՞ն կառավարություն ձեւավորել՝ Ռուբեն Կարապետյանը նորից ասաց՝ ոչ, բացարձակ, մեկը մյուսին չի հակադրվում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30