Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն մտահոգություններ է հայտնել Թուրքիայում նախընտրական իրավիճակի շուրջ

Ապրիլ 05,2018 16:33

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Թուրքիայի հարցերով համազեկուցողներ Մարիան Միկկոն (Էստոնիա) և Նիգել Էվանսը (Բրիտանիա) լուրջ մտահոգություններ են հայտնել՝ կապված Թուրքիայում 2019թ. ընտրություններին նախորդող իրավիճակի հետ:

«Երկու տարի առաջ հեղաշրջման փորձը հետք է թողել հասարակության վրա, և Թուրքիան օրինական իրավունք ուներ պաշտպանելու իր ժողովրդավարական կարգը: Երկու տարի անց, սակայն, մենք ցավում ենք, որ արտակարգ դրությունը անհարկի կերպով 6 անգամ երկարաձգվել է՝ թույլ տալով անհամաչափ միջոցներ ձեռնարկել, այդ թվում պաշտոնյաների զանգվածային ազատում և բազմաթիվ ԶԼՄ-ների ու քաղաքացիական հասարակության ասոցիացիաների փակում»,- ասվում է ԵԽԽՎ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Համազեկուցողները ողջունել են Հետաքննությունների հանձնաժողովի աշխատանքը՝ կապված պաշտոնանկ արվածների դիմումները վերանայելու ուղղությամբ, այնուամենայնիվ, ըստ նրանց, այդ գործընթացի արդյունքում վերականգնվել է միայն մի քանի պաշտոնյա:

«Մենք նաև մտահոգված ենք մամուլի և խոսքի, ինչպես նաև հավաքների ազատության շարունակական խախտումներով, որը Վեհաժողովն ընդգծել էր իր վերջին բանաձևում, և որը, ցավոք, խորացել է 2018թ. հունվարին Թուրքիայի՝ Սիրիայում ռազմական միջամտությունից հետո: Եվ չնայած Թուրքիան իրավունք ունի լուծել իր անվտանգության խնդիրները, դա չպետք է լինի ժողովրդավարական ազատությունների գնով:

Ուստի մենք կոչ ենք անում իշխանություններին գտնել ճիշտ հավասարակշռությունը անվտանգության և ժողովրդավարության միջև և ապահովել, որպեսզի լսելի լինեն բոլոր ձայները, անգամ այլախոհ: Ցանկացած սահմանափակում, համաձայն Ստրասբուրգի դատարանի, պետք է խստորեն անհրաժեշտ և համաչափ լինի իրավիճակին»,- ասվում է հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ Թուրքիայում խորհրդարանի անդամների, լրագրողների, գիտնականների, ուսանողների և իրավապաշտպանների շարունակական ձերբակալությունները ծանր ազդեցություն են ունեցել հասարակության վրա: «Dogan Media Group-ի՝ վերջերս իրականացված վաճառքը և ինտերնետային ծառայությունների մասին թիվ 6112 օրենքի ընդունումը կարող են վտանգել մամուլի բազմակարծությունը: Այսպիսով, մենք կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին ստեղծել հնարավորություններ և էական քայլեր ձեռնարկել ժողովրդավարական հասարակության արժեքները, ինչպիսիք են բազմակարծությունը, հանդուրժողականությունը և լայն մտածելակերպը, վերականգնելու և պահպանելու համար, որում Եվրոպայի խորհուրդը պատրաստ է օգնել»,- նշել են համազեկուցողները:

Համազեկուցողները կարծում են, որ այս քայլերը հատկապես անհրաժեշտ են Թուրքիային 2019թ. սպասվող տեղական, խորհրդարանական և նախագահական ընտրություններին ընդառաջ: «Ընդդիմադիր կուսակցությունները կիսում են մեր խորը մտահոգությունները՝ կապված նոր ընդունված ընտրական օրենքի հետ, որը բողոքարկվել է Սահմանադրական դատարանում: Նրանք մեզ ասել են, որ իր ներկա տարբերակով այս օրենքը կարող է հետագայում խոչընդոտել արդար ընտրությունների կազմակերպումն ու իրականացումը՝ ընտրական անվտանգությանն առնչվող իր մի քանի հակասական դրույթների պատճառով: Սա այն հարցն է, որում մենք կուզեինք վստահ լինել, որ Թուրքիան ընտրությունները կկազմակերպի եվրոպական ստանդարտներին համապատասխան: Մենք ակնկալում ենք, որ մեզ հավաստիացումներ կտան առ այն, որ ընտրությունները կլինեն ազատ ու արդար»,- ասվում է հայտարարության մեջ:

Համազեկուցողները նաև հույս են հայտնել, որ Թուրքիայի իշխանությունները պատրաստ կլինեն վարել իրական և կառուցողական երկխոսություն այս և մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը վերաբերող մտահոգությունների շրջանակում գտնվող այլ հարցերի շուրջ: «Դրանով իշխանությունները կհաստատեն իրենց հավատարմությունը Եվրոպայի խորհրդի արժեքներին: Նրանք նաև կարդարացնեին Թուրքիայում այն մարդկանց սպասելիքները, որոնք խորը հավատարմություն են ցուցաբերել ժողովրդավարության նկատմամբ՝ չհաջողված հեղաշրջման ընթացքում դուրս գալով փողոց: Թուրքիան և Եվրոպայի խորհուրդը պետք է պատրաստ մնան շարունակելու իրենց համագործակցությունը և մշակելու երկարաժամկետ լուծումներ, որոնք պաշտպանում են մեր ընդհանուր արժեքները և ընդգրկում են թե՛ ժողովրդավարությունը, թե՛ անվտանգությունը»:

Այցի ընթացքում համազեկուցողները հանդիպել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի, Արդարադատության և Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների, ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության ղեկավարի և անդամների, խորհրդարանում ներկայացված քաղաքական խմբերի անդամների, Հետաքննական հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև մամուլի, ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30