Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանած, ծագումով թուրք, գերմանաբնակ ռեժիսոր Ֆաթիհ Աքընը թուրքական «Tuhaf» հանդեսին հարցազրույց է տվել, որտեղ խոսել է Թուրքիայում տիրող ռասիստական տրամադրությունների մասին։
Աքընը նշել է, որ Հայոց ցեղասպանության մասին «Սպի» ֆիլմի ստամբուլյան ցուցադրությունից հետո արդեն 3 տարի է, ինչ ինքը չի եղել Թուրքիայում։ Ռեժիսորը, Թուրքիայում աճող այլատյացության վրա ուշադրություն հրավիրելով, ասել է.
«Թուրքիան ծանր ժամանակաշրջան է ապրում, և դա ինձ իրականում մտահոգում է։ Ատելությունը և այլատյացությունը թունավորել են ամբողջ երկիրը։ Թուրքական հասարակության մեջ դրանք խորը արմատներ են գցել։ Նախկինում էլիտար խավը շահագործում էր գավառականներին, հիմա գավառականները վերցնելով իշխանությունը, վրեժ են լուծում։ Այսօրվա Թուրքիայից պետք է հեռու մնամ. այս պահին այնտեղ ֆիլմ նկարահանելու մտադրություն չունեմ: Եթե փորձեմ ինչ-որ բան նկարահանել, ամենայն հավանականությամբ կձերբակալվեմ: «Սպի» ֆիլմից հետո այնտեղ ինձ հավանաբար ազգի թշնամի են համարում»։
Հիշեցնենք, որ «Սպի» ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է: Այն պատմում է տեղահանված մի հայի՝ մարդինցի դարբին Նազարեթ Մանուկյանի դեգերումների մասին։ Հայոց ցեղասպանության տարիներին նա կորցնում է իր երկվորյակ դստրերին։ Տարիներ անց, իմանալով, որ նրանք կարող են ողջ լինել, ճանապարհ է ընկնում նրանց փնտրելու։ Ֆիլմի սցենարը հեղինակել են թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինը և իրանահայ Մարտիկ Մարտինը։
138 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Իտալական, ֆրանսիական, գերմանական և ռուսական համատեղ արտադրության այս ֆիլմի պրոդյուսերական կազմը համալրում են Ռուբեն Դիշդիշյանը, Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը:
Աղբյուր` Gazetekarinca