Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա և թուրքական քաղաքականությունը տարածաշրջանում, երկու նախագահների հանդիպումը վերջին երկու-երեք տարիներին թուրքական ակտիվ արտաքին քաղաքականության հետևանքն է: «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետը նշեց. «Երբ հետևում ենք պաշտոնական Անկարայի քայլերին հարակից տարածաշրջաններում, անգամ Հարավային Կովկասում, ակնհայտ է, որ ավելի ագրեսիվացել է թուրքական քաղաքականությունը: Առավել մտահոգիչ է այն, որ Թուրքիան սկսել է կարողանալ պայմանավորվել իր հարցերի շուրջ գերտերությունների հետ, անգամ այն պետությունների, որոնք հակադիր աշխարհաքաղաքական շահ ունեն տարածաշրջանում»:
Ըստ պարոն Մելիք-Շահնազարյանի՝ դրա վկայությունը դեպի Աֆրին ներթափանցումն ու Էրդողանի իշխանության հաջողումն է ռազմական օպերացիա իրականացնել Սիրիայում և ներթափանցել Աֆրին այն պարագայում, երբ հակառակ կողմից կար ԱՄՆ-ի լուրջ հակազդեցությունը. «Թուրքիան իր պայմաններն է թելադրում և դա ընդունում են այն աշխարհաքաղաքական ուժերը, որոնք շահ են հետապնդում տարածաշրջանում»:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի վստահեցմամբ՝ Թուրքիան ագրեսիվ քաղաքականություն է վարում տարածաշրջանում:
Հարցին՝ Թուրքիայի ագրեսիվ և ակտիվ քաղաքականությունն ի՞նչ ռիսկեր է պարունակում Հայաստանին ուղղված, պարոն Մելիք-Շահնազարյանը նկատեց՝ Թուրքիայից բխող ռիսկերը շատ բացահայտ են. «Թուրքիան էլ չի թաքցնում իր այդ մոտեցումը Հայաստանի համար մի շարք կենսական կարևորություն ունեցող հարցերի նկատմամբ: Օրինակ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի բացահայտ աջակցությունը Ադրբեջանին, որը միջնորդական և հավասարակշռված մոտեցում չէ: Բացի քաղաքական աջակցությունից Թուրքիան մասնակցություն է ունենում Ադրբեջանի զինված ուժերի կայացմանը, բարձր մակարդակի վրա է տնտեսական համագործակցությունը, Թուրքիան ամեն ինչ անում է, որ Ադրբեջանն ավելի մեծ դերակատարություն ունենա միջտարածաշրջանային տարբեր նախագծերում»:
Հարցին ատոմակայանի շինարարությունն արդյոք ՌԴ-ի կողմից կանաչ լույս չի՞ վառում Թուրքիայի համար, պարոն Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ դա Թուրքիային միջուկային զենք ունենալու հնարավորություն է տալիս: Ատոմակայան չի նշանակում դեռ միջուկային զենք: Կարող են թափոններն օգտագործել, բայց նման դեպքերում վերահսկողության մեխանիզմներն ամուր են: Էներգետիկ առումով Թուրքիան լուրջ մրցակից է դառնում Ռուսաստանի համար, բայց հնարավորություն է տալիս ռուսական խողովակաշարերի կառուցմանը: Այս պարագայում կոմերցիոն շահը գերակա է ՌԴ-ի համար: Նույն Ադրբեջանին զենք վաճառելը ՌԴ անվտանգության տեսակետից սպառնալիք է: Պայթյուն՝ Արցախում, նշանակում է նաև մշտադիտարկումներ Հյուսիսային Կովկասում, ինչպես եղավ 1990-ականներին: Բայց նորից կոմերցիոն շահը գերակա դարձավ աշխարհաքաղաքական շահից»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ