Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր Սարի թաղի բնակիչներից Սարգիս Գրիգորյանի գործով հերթական դատական նիստն էր: Նա մեղադրվում է ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:
Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Սարի թաղում ջուր եւ գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհն էլ փակ է եղել (տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց բողոքելու. նրանց եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել. այս գործով ձերբակալված է մեկ տասնյակ քաղաքացի:
Այսօր որպես վկա հարցաքննվեց ոստիկան Արմեն Մաթեւոսյանը, որի պատմելով՝ ինքն ամբաստանյալին չի ճանաչում, դեպքի օրը չի տեսել: Ճանաչում է միայն գործով տուժած-ոստիկան Արմեն Գալստյանին, որը միջադեպի ժամանակ վնասվածք է ստացել քարի հարվածից: Վկայի խոսքով՝ քարերի հարվածներից ոստիկանների ծառայողական մեքենաները եւս վնասվել են, իսկ սարիթաղցիները երկու անվադող են այրել ու գլորել ոստիկանների ուղղությամբ:
«Սկզբում մի քանի երիտասարդներ մոտեցան, որոնք ագրեսիվ էին: Ալկոհոլի հոտ էր գալիս, ես վստահ եմ, որ ալկոհոլ էին օգտագործել: Ասում էին՝ «մեր Սարի թաղն ա, մենք ենք տերը»…այդպես, քաշքշուկ սարքեցին, հայհոյեցին, հետո քարերով հարվածեցին ոստիկաններին: Նաեւ ասում էին՝ «թողեք միանանք ՊՊԾ գնդի մեր եղբայրներին, Մոսկվայի «թայֆան» եկել՝ նրանց սպանում է»…Բնակիչների մյուս մասն էլ հանգիստ պահանջում էր ճանապարհը բացել: Մենք էլ բացատրում էինք, որ ՊՊԾ գնդի կողմից կրակոցներ են հնչում, եւ ճանապարհը փակելը բխում է բնակիչների անվտանգությունից»,-պատմեց վկա Արմեն Մաթեւոսյանը:
Ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանի շահերի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը նկատեց՝ քրեական գործում առկա տվյալներով՝ քաղաքացիական հագուստով որոշ ոստիկաններ հանդես են եկել որպես քաղաքացի՝ իրավիճակը հանդարտեցնելու պատճառաբանությամբ, սակայն վկա-ոստիկանն այդ մասին տեղեկություններ չուներ:
Հիշեցնենք, որ սարիթաղցիներն իրենց մեղավոր չեն ճանաչում, իսկ նրանց պաշտպանների պնդմամբ՝ դեպքի վայրում բախումը հրահրել են քաղաքացիական հագուստով ոստիկանները, իսկ բնակիչների՝ ՊՊԾ գունդը գրավածներին միանալու եւ ալկոհոլ օգտագործած լինելու մասին տեղեկություններն արժանահավատ չեն: Այս գործով հաջորդ նիստը մայիսի 10-ին է՝ 12:00-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ