Այսօր կառավարության նիստից հետո արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «ՎիզաՄետրիկ»-ի հետ կապված աղմուկին:
Հիշեցնենք, որ 2018թ. ապրիլից Երեւանում Շենգենյան վիզայի համար ներկայացված դիմումները (Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի եւ Շվեդիայի համար) կընդունվեն ոչ թե Գերմանիայի դեսպանության, այլ առանձին սպասարկող ընկերության՝ ռուս-թուրքական կոնսորցիումի «ՎիզաՄետրիկի» կողմից: Նշենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, ուստի գերմանական կողմի որոշումը հարուցել է դժգոհություն եւ մտահոգություն, որ այդպիսով վտանգված է հայերի անձնական տվյալների գաղտնիությունը:
Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գերմանիայի դեսպանատունը հայտարարել է, որ դեռեւս գործելու է նախկին կարգը. «Հարցը պետք է մինչեւ վերջ քննարկվի, քննվի, որովհետեւ ՀՀ-ի համար անընդունելի է, որպեսզի անձնական տվյալների գաղտնիությունը վտանգված լինի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ