Ինչո՞ւ Հայաստանը որոշեց պաշտպանել Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը Սկրիպալների գործում. այսօր այս մասին կառավարության նիստից հետո հետաքրքրվեցին լրագրողները արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանից:
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանը միացել է 13 այլ` հիմնականում նախկին Խորհրդային Միության երկրների եւ, դեմ գնալով Արեւմուտքին, պաշտպանել Ռուսաստանի դիրքորոշումը նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման հարցում: Հաագայում` Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության արտահերթ նիստում, Մոսկվան շրջանառության մեջ է դրել հայտարարության նախագիծ` պահանջելով նոր հետաքննություն սկսել եւ ներառել նաեւ ռուս մասնագետների: Առաջարկը տապալվել է:
«Խնդիրն այն չէ, որ մենք որեւէ մեկին պաշտպանում ենք, խնդիրն այն է, որ տվյալ փուլում պետք է ձեռնպահ մնալ որեւէ դատողությունից, գնահատականից, գործողությունից, քանի դեռ չկա երեք հարցի պատասխան՝ որտե՞ղ է արտադրվել այդ քիմիական զենքը, ո՞վ է իրականացրել, եւ ո՞ւմ պատվերով: Մենք հույս ունենք, որ հնարավորինս արագ այդ հարցերը կպարզվեն, որից հետո նոր կարելի է դատողություններ անել եւ քայլեր ձեռնարկել»,-ասաց Շավարշ Քոչարյանը:
Արդյոք բրիտանացիների հրապարակած փաստերը բավարար չե՞ն, այս հարցին ի պատասխան Քոչարյանն ասաց. «Դա մասնագետները պետք է ասեն: Համենայնդեպս, այն լաբորատորիան, որը փորձարկել է, ասել է, որ չի կարող բացահայտել ծագումը: Այնպես որ, սպասենք մինչեւ մասնագիտական կառույցները տան իրենց գնահատականը: Կա համապատասխան կոնվենցիա քիմիական զենքի մասին, կան մասնագիտացված կառույցներ, որոնք կտան իրենց եզրակացությունները»:
Քոչարյանը նշեց՝ «Մենք չենք պաշտպանում Ռուսաստանին, մենք կողմ ենք, որպեսզի մինչեւ վերջ բացահայտվի»:
Հարցին էլ՝ Հայաստանն ինչ-որ խնդիրներ ունի՞ արեւմտյան այն երկրների հետ, որոնք Բրիտանիայի դիրքորոշմանն են կողմ քվեարկել, Քոչարյանն այսպես պատասխանեց. «Չեմ կարծում, թե՝ բարդություն կարող է ունենա այն երկիրը, որը ցանկանում է, որ բացահայտվի ճշմարտությունը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ