Այսօր «Հայելի» ակումբում գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը, խոսելով «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության» ԿԳՆ նախագծի մասին՝ ասաց. «Չեմ ուզում ասեմ մենք ինչ վիճակի մեջ ենք, դրա համար այսօր այս հարցը բարձրացվել է: Տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ ունեն, պետք է իրար հետ խորհրդակցենք, իմանանք ինչ ենք ուզում: Ռազմահայրենասիրությունը զենքի հետ կապ ունի, բայց աղջիկները կարող են զենք չվերցնել: Ռազմահայրենասիրությունը բարձրացնում ենք ու ուզում ենք հիմնվել մեր արժեքների վրա: Մենք պետք է ունենանք այն, ինչ ունեն զարգացած երկրները: Մենք մի քիչ ուշացել ենք, ծրագիրն այնքան էլ պարզ չի: Ես չեմ ուզում կուսակցության մասին բան ասեմ, ամեն կուսակցություն, ամեն դպրոց իր ծրագիրն ունի, բայց պետք է մի օպտիմալ տարբերակ, մենք հասկանանք՝ ինչ օգուտ է տալիս, ինչ վնաս: Իմ կարծիքով, մենք մի փոքր քաոսի մեջ ենք: Տարբեր մարդիկ խոսում են, այնպիսի բաներ են ասում, որ հասկանում ես, թե մեր գրականությունը, սա, նա պետք չի ու այսպես մենք կորցնում ենք մեր հայկական էությունը: Ես տարբեր մարդկանց հետ շփվում եմ, ուզում եմ ես էլ հասկանամ»:
Կոմանդոսը համաձայն չէ այն կարծիքին, որ ռազմահայրենասիրությունը անպայման պետք է փոքրուց սովորեցնել. «Ես 50 տարեկան էի, Հայաստան եմ եկել, բայց Հայաստանից ոչ մի բան չէի հասկանում: Շարժումը սկսվեց, ես շարժման մեջ չկայի, չէի մասնակցում, այդ ժամանակ Սովետական բանակի զինվոր էի ու շարժման դեմ էի դուրս գալիս, ո՞նց եղավ, որ ես…Գիտեք ինչ, կյա՛նքն է ստիպում: Շարժման մեջ կինս մասնակցում էր, ես չէի մասնակցում: Մի հատ դեպք պատահեց, մեր Մերգելյան ինստիտուտը դեղորայք էր հավաքել, Ղարաբաղ պետք է տանեին ու սպա էր պետք: Ես ասեցի՝ ես կգնամ ուզում էի իմանալ ինչ է կատարվում Ղարաբաղում: Դրանից մի շաբաթ առաջ Մակաշով կար գեներալ, մեզ զենք տվեց: Տուն եկա, կինս հարձակվեց վրես, ասեց՝ ի՞նչ ա, դու պետք է մեր վրա՞ կրակես, ի՞նչ ես անում»:
Այդ ժամանակ իր հետ կռվող կնոջ դեմ Կոմանդոսը կատակով է կռվել, ասել է՝ հա, հենց կրակելու եմ . «Ես այդ ժամանակ չէի հասկանում ինչ է շարժումը, սովետական գնդապետ, պաշտպանել եմ էդ պետությունը, հիմա դրա դեմ ո՞նց կարամ դուրս գամ: Գնացի Ղարաբաղ: Այնտեղ 14 տարեկան տղա կար, գանգրենա էր ոտը, շտապ պետք է բերեինք Երեւան, չթողեցին: Այդ 14 տարեկան երեխեքը, թուրքերի վերաբերմունքը…ես դիմում գրեցի ու գնացի Սասունցի Դավիթ: Հասկանո՞ւմ եք, կյանքն է ստիպում ու կյանքը դզում է: Ես 4 տարի Բաքու եմ սովորել, 5 տարի Լենինգրադ, ես 9 տարվա զինվորական, ասի գնամ Ղարաբաղ, օգնեմ այնտեղ ղարաբաղցուն, բայց պատկերացրեք, ես իմ գիտելիքներով ավելի շատ ես սովորեցի այնտեղ մարդկանցից, ո՞նց ստացվեց: Հադրութի շրջանից 24 գյուղ հայաթափեցին, 25-րդ գյուղն էր, կեսը՝ հայեր, կեսը՝ ադրբեջանցիք: Սերժ Սարգսյանն ինձ ուղարկեց այնտեղ, 20 հոգի տվեց: Այնտեղ մենք սովետական բանակի հետ էինք կռվում, 200 հոգի սովետական բանակն էր, 50 հոգի ադրբեջանցի ՕՄՕՆ, մենք՝ 20 հոգի ու պետք է այդ գյուղը պաշտպանեինք: Ծանոթանում եմ, Դավիթ կար, իր պապը՝ ղարաբաղցի, ասում է՝ պետք է հարձակվենք, պաշտպանենք գյուղը: Ես սենց զարմանում եմ, ասում եմ՝ ո՞նց ես դու 20 հոգով 200-300 մարդու դեմ հարձակվում, բայց հետո տենամ Արթուր Մկրտչյանն եկավ, մի քանի հոգի, ասին՝ գյուղը պետք է ազատեն: Իմ գիտելիքները չէր հերիքում, Հայաստանի ու Ղարաբաղի ջոկատներն այնտեղ ավելի գիտելիք ու փորձ ունեին, քան թե…Իրենք ինձ սովորացրեցին, դուք հասկանո՞ւմ եք ինչ եղավ»:
Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է ռազմահայրենասիրական դաստիարակություն ներդնել հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում եւ քոլեջներում:
Կոմանդոսն ասաց, որ եթե հասարակությունը չի ընդունում, պետք է հասարակության հետ քննարկել ու միասին հասկանալ ինչ անել, պետք է լուրջ քննարկման փուլ անցնի նախագիծը, նոր ընդունվի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ