Ապրիլի 5-ին «Նոյյան տապան» գործակալության մամուլի սրահում կայացավ ստամբուլաբնակ գրող Ժուլէթ Պետրոսյանի ստեղծագործությունների ՝ «Արեւանա՜լ, երկինքոտվե՜լ» վերնագրով անդրանիկ ժողովածուի եւ jpetrosyan.com կայքի շնորհանդեսը: Գիրքը կներկայացրին Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը եւ բանաստեղծ Վարուժան Խաստուրը։
Վարուժան Խաստուրն ասաց, որ վերջին շրջանում բազում գրքեր են ձեռքի տակով անցել, եւ հատկապես Հայաստանից գնացածները ուզում են գիրք ունենալ. «Գրքի մարմաջ կա, մարդիկ գումար են աշխատում, ուզում են մտնել գրական աշխարհ ու գիրք տպագրել… Մեկ էլ հանկարծ էս տեսակները դառնում են չգիտես ով, ոմանք Սիլվա Կապուտիկյանի կեցվածքն են ընդունում: Գրական աշխարհը ողողված է գրական աղբով, թերահավատ էի, կարդացի ու ինձ համար անակնկալ բացվեց այնտեղ, որովհետեւ տեսա ճշմարիտ գրականություն, դեռեւս շատ առումներով չհղկված, բայց վճիտ գրականություն: Անմիջապես զգացի մեր արեւմտահայ գրականության շունչը, որը կարծես փակվել էր մեր հանճարների կորստից հետո; Միսաք Մեծարենցի ստեղծած դպրոցի գրականությունը մի տեսակ նահանջ էր ապրում: Ուրախ եմ, որ այստեղ բանաստեղծը ներկայանում է ինքնատիպ զուգորդումներով»: Բանաստեղծը նաեւ հավելեց, որ Ժուլէթ Պետրոսյանի պոեզիան հիշեցնում է թանկաների մտածողությունը:
Աբգար Ափինյանն էլ նշեց, որ գրքի մասին տեղյակ է եղել հրատարակությունից առաջ, լսել էր, որ «Նոյյան տապան» գործակալությունն է հրատարակելու: «Գիրքը ապացուցեց, որ բանաստեղծությունը սկսվում է անհատականությունից, գրող չի նշանակում գրքեր ունեցող անձնավորություն: Կան գրողներ, որ տարեկան 4-5 գիրք են տպագրում, բայց այդպես էլ գրող չեն դառնում»,-ասաց նա: Նաեւ հայտնեց, որ գրքի ազդ-օրինակը ընթերցել է մեկ ժամում:
Ժուլէթ Պետրոսյանը հեռուստակամուրջի միջոցով մեկնաբանեց իր գրքի վերնագիրը: Նա նաեւ ասաց, որ շատ կուզենար գրականության փողոցում իր հասցեն ունենալ, արվեստից ու գրականությունից բանավիճել իր նման մտածող մարդկանց հետ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը nt.am-ից: