«Ռազմական պաշտպանության հենքը երիտասարդությունն է, իսկ պատանեկան տարիքը անձնային հատկանիշների ձեւավորման ժամանակահատվածն է եւ շատ կարեւոր է ռազմական կրթության առաջին տարրերի ձեւավորումը»,- այսօր «Հայելի» ակումբում «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիրակության ռազմավարության» անհրաժեշտությունն այսպես հիմնավորեց Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի դասախոս Մելս Մկրտումյանը:
Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է ռազմահայրենասիրական դաստիրակություն ներդնել հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում եւ քոլեջներում:
Ըստ Մկրտումյանի, վերջին շրջանում հայրենասիրությունը, բարոյականությունը, երկրի պաշտպանությունը, ազգային արժեքների նկատմամբ հարգանքը ստվերում է մնացել, իսկ ռազմական գիտելիքները, պրակտիկ հմտությունները, որը դպրոցը կարող է տալ, նորակոչիկների նախապատրաստման առաջին հենքն է. «Եթե մատների արանքով են նայում, թողտվություն է նկատվում, առաջին պահանջները ոչ այնքան զենքին տիրապետելն է, այլ բարոյական, հոգեբանական, ազգային, հայրենասիրական խնդիրների առաջադրումը, որտեղ զենքը դառնում է միջոց: Սեռային առանձնահատկություններն են նկատվում աղջիկների, տղաների մոտ, համապատասխան դիրքորոշումներն են նկատվում բանակ գնալու համար: Դպրոցում կենսաբանության, ֆիզիկայի հետ հավասար, միգուցե ավելի շատ պետք է կարեւորություն տրվի այս առարկային: Մենք պետք է մեր ունեցվածքը, արյան գնով ձեռք բերվածը պահպանենք: Եթե ռեզերվ չունենանք, կորուստներ կունենանք»:
Նա ասաց, որ իհարկե, ռազմավարությունը կատարյալ չի, հղկման կարիք կա, մասնագետները պետք է մասնակցեն քննարկմանը, որովհետեւ խնդիրը հեռանկարային միտում ունի՝ անձի կայացման, երկրի պաշտպանության առումով:
ՊՆ եւ ԿԳՆ համատեղ միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, նաեւ 120 հիմնական դպրոցի զինղեկ Սամվել Վանեսյանի խոսքով՝ «Մենք երեխային պետք է տանք ռազմահայրենասիրական դաստիարակությունը փոքր ժամանակից՝ անկախ սեռից, տղա, աղջիկ չկա: Դպրոցները, բուհերը այսօր պետք է ընդգրկվեն ռազմահայրենասիրական դաստիարակության թեմաներում՝ ընդլայնված: Երեխաները քննությունները հանձնում են, գալիս ասում են՝ դու գնում ես բանակ: Երեխաները պետք է հոգեպես, բարոյապես պատրաստ լինեն՝ ՀՀ սահմանները պաշտպանելու: Մենք բոլորս գիտենք, որ սահմանները պահում են 18-20 տարեկան տղաները: Եթե նա պատրաստություն չունենա, դաստիարակություն չունենա, երեխաները ո՞նց կարող են լինել պատրաստ: Եթե մենք չունենայինք ռազմահայրենասիրական դաստիարակություն մեր դպրոցականների մեջ՝ սկսած հենց 1-ին դասարանից, մենք վաղուց կլինեինք տանուլ տված՝ հայ արցախյան պատերազմում»:
Հարցին՝ ռազմագիտությունը հենց դրա համար չի՞ նախատեսված, արդյոք սա չի՞ նշանակում, որ ռազմագիտությունը ճիշտ չի կազմակերպվել, բացթողումներ կան ու դրա համար լրացուցիչ դասընթացներ են մտցնում՝ Վանեսյանը պատասխանեց, որ ռազմագիտության դասաժամերը շատ քիչ են. «Մեկ ժամ շաբաթական տրվում է, դասը 45 րոպե է, դա շատ քիչ է: Երեխաները խեղդում են դասերից հետո, ասում են՝ պարոն գնդապետ, ե՞րբ գանք կրակենք, ի՞նչ մրցում կազմակերպենք, երեխաներն իրենք էլ են շահագրգռված»:
Վանեսյանն ասաց, որ հիմա առաջարկում են, որ ոչ թե 8-12-րդ դասարանի աշակերտների համար, այլ՝ ցածր դասարաններից անցնեն այն. «Ռազմահայրենասիրական ուշադրությունը քիչ է, դասերի որակը պետք է բարձրացվի, գրքերը կրկնվում են եւ 8-րդում, եւ 10-րդում, ե՛ւ 11-րդում»: Հարցին՝ եթե կրթական ծրագիրն է թերի, դա լրացվի, դասագրքերը փոխվեն, այլեւս սրա անհրաժեշտությունը չի՞ լինի՝ Սամվել Վանեսյանը պատասխանեց, որ կլինի. «Մինչեւ 8-րդ դասարանը երեխաները վերջիվերջո պիտի՞ պատկերացում ունենան»:
Դիտարկմանը, որ երեխան գրականությունից, մյուս առարկաներից իմանում է ինչ է ընկերասիրությունը, ծնողասիրությունը, հայրենիքի նկատմամբ սերը, պարտադի՞ր է, որ 10 տարեկան երեխային սովորեցնեն ինչ է զենքը, ի վերջո նախ պիտի մարդը ձեւավորվի՝ գնդապետը հակադարձեց. «Մենք չենք ասում, որ 4-րդ դասարանից զենք տանք, բայց մի մոռացեք, որ գտնվում ենք թշնամիներով շրջապատված երկրում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ