Այսօր կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե՝ ՀՀ վարչապետի ընտրություններից հետո ներկայումս գործող կառավարության շենքո՞ւմ է արդյոք խորհրդարանական կառավարմանն անցած ՀՀ-ի վարչապետը աշխատելու, եւ արդյոք կառավարության նիստերը ներկայիս կառավարության շենքում են անցկացվելու:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ ՀՀ վարչապետն ունենալու է 2 նստավայր. «Որովհետև կառավարության անդամների հետ, թերեւս, առավել արդյունավետ աշխատանք կարող է իրականացվել այստեղ (նկատի ունի կառավարության շենքը)»:
Հիշեցնենք, որ նոր վարչապետի հիմնական նստավայրը լինելու է ներկայիս գործող նախագահի նստավայրը՝ Բաղրամյան 26-ը:
Դավիթ Հարությունյանի խոսքերով՝ «Ապագա վարչապետի հնարավորություններն այն աստիճանի են ընդլայնված, որ գործող նախագահի լիազորությունների զգալի մասն իրականացվելու է վարչապետի կողմից ու զուտ կառուցվածքային ու ենթակառուցվածքային առումով նախագահի նստավայրի շենքը հարմարեցված է մի շարք լիազորությունների պատշաճ իրականացման համար»:
Այսօր կառավարության ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց կառավարության անդամներին, որ առաջիկայում կառավարությունը հրաժարական է տալու: «Շատ չուրախանաք»,-Կարապետյանն այսպես դիմեց նիստին ներկաներին, հորդորելով շարունակել աշխատանքները եռանդով:
Նիստից հետո էլ Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ ապրիլի 9-ին Ազգային ժողովի հատուկ նիստում կառավարությունը հրաժարական է տալու, եւ կառավարության անդամները դառնալու են ժամանակավոր պաշտոնակատարներ: Ապա` ապրիլի 17-ին անցկացվելու է վարչապետի ընտրությունը, ինչից հետո հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին են ներկայացվելու կառավարության անդամների թեկնածուները: Իսկ 15 օրում կառավարության 2/3-ը պետք է նշանակված լինի, որից հետո կհայտարարվի նոր կառավարության մասին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ