Այսօր կառավարության վերջին, այսպես ասած՝ բաց նիստն էր, որից հետո արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասնեց, թե հաջորդ նիստին ինչպես է կարգավորվելու լրագրողների աշխատանքը:
Նիստերի հեռարձակումը վերացնելու եւ դռնփակ անցկացնելու մասին Հարությունյանն ասաց, որ դա ճիշտ որոշում էր, քանի որ այդպես նիստերում քննարկումներն ավելի խորը եւ բովանդակալից կլինեն, արդյունքում ավելի որակյալ որոշումներ կընդունեն:
Ինչ վերաբերում է լրագրողների՝ կառավարությունում աշխատանքին, Հարությունյանն ասաց, որ նիստի օրակարգը բաց է լինելու, այն հրապարակվելու է, ուստի լրագրողները հնարավորություն կունենան վեր հանել հարցեր:
«Նախարարներն ամենակարեւոր հարցերով, մենք քննարկել ենք, որ պետք է որոշում կայացվի հենց նիստից հետո, թե որ հարցերն են հանրային հետաքրքրություն ներկայացնում, եւ նախարարները պետք է պատրաստ լինեն պատասխանել լրագրողների հարցերին»:
Aravot.am-ի այն դիտարկմանը՝ օրենսդրական փոփոխությամբ նախարարները նիստից հետո լրատվամիջոցներին թե ինչ պիտի ասեն՝ վարչապետի թույլտվությամբ է լինելու, այս դեպքում նախարարներին որքան ազատություն է տրվելու, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Խնդիրը, վարչապետի թույլտվությամբ խոսելու, վերաբերում է միմիայն նիստի քննարկումների եւ ընթացքի մասին: Ինչո՞ւ, որովհետեւ կառավարության կարեւոր սկզբունքն է՝ կոլեկտիվ պատասխանատվությունը: Դա հնարավորություն է, որ անկաշկանդ ու բաց արտահայտի իր կարծիքը՝ չմտահոգվելով, որ վաղն իրեն քննադատելու են, որ ինքն այսինչ նախարարի այսինչ մոտեցմանը դեմ արտահայտվեց»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ