Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գնում ենք դեպի խորհրդային комитет налогового контроля». Վարուժան Հոկտանյան

Ապրիլ 05,2018 14:49

ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքներն այնքան էլ լավատեսական չեն:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը  նշեց, թե հատկապես քաղաքացու բյուջեի ներկայացման հարցում կա շտապողականություն: Անդրադառնալով բյուջետային գրասենյակի գործունեությանը՝ պարոն Հոկտանյանը հայտնեց՝ այսօրվա դրությամբ մեր երկրում խնդիրն այն է, որ երբ պատգամավորը ստանա բյուջեի, բյուջեի կատարողականի նախագիծը և այլ բյուջետային փաստաթղթեր, կարողանա հասկանալ դրանք. «Տեսականորեն հնարավոր է, որ գրասենյակն անգործության մատնվի, եթե ոչ մեկը հարցում չուղարկի: Ներկա դրությամբ երկրի բյուջետային սղության հետ կապված դրված է պարզ խնդիր, որ պատգամավորը կարողանա կարդալ այդ փաստաթղթերը ու լինի ակտիվ: Սրա նպատակն է ԱԺ վերահսկիչ դերի ուժեղացումը: Ուստի առաջին քայլը պետք է լինի հասկանալը: Առայժմ այդ մակարդակն է: Գիտենք, որ շատուշատ պատագամավորներ շատ հեռու են դրանից»:

Վարուժան Հոկտանյանը պարզաբանեց՝ պատգամավորին ոչ մեկը չի ստիպելու, նա կամավոր հիմունքներով կարող է դիմել բյուջետային գրասենյակին. «Որոշակի ակտիվության մակարդակ կա, փորձագետները նշեցին, որ ԵԼՔ-ի, Դաշնակցության, երբեմն նաև ՀՀԿ պատգամավորներն են դիմում: Իհարկե, այժմ դժվար է ակնկալել, որ մենք Վրաստանի կամ հոլանդական մակարդակ կունենանք»:

Ծրագրի փորձագետ Հովհաննես Գալստյանը տեղեկացրեց, որ Վրաստանի բյուջետային գրասենյակն ամենահաջող մոդելներից մեկն է: Այն ունի մի քանի բաժիններ և բավականին մեծ անձնակազմ: Իսկ ՀՀ-ում գործող նույն մարմնի աշխատակազմն ընդամենը 3 անդամից է բաղկացած:

Անդրադարձ կատարելով քաղաքացու բյուջեի համառոտ ուղեցույցին՝ Հովհաննես Գալստյանը տեղեկացրեց, որ դրա նպատակն է քաղաքացուն  առանց իրավաբանական խրթին տերմինների բացատրել բյուջեն: Սակայն ըստ պարոն Գալստյանի՝ առցանց տիրույթում տեղադրված տարբերակը բավականին խրթին է, ձևաչափն այնքան վատն է, որ ոչ բոլոր սիմվոլներն են հասկանալի. «Տեքստը բավականին երկար է, և չկա վիզուալիզացիա, որով այդ բարդ տեղեկությունն ավելի հասկանալի ձևով կարող է ներկայացվել քաղաքացիներին»: Ըստ Հովհաննես Գալստյանի՝ աշխարհում ամենահաջող քաղաքացու բյուջեի ուղեցույցներից է Նոր Զելանդիայինը:

Պարոն Գալստյանը նաև մտահոգություն հայտնեց, թե փաստաթուղթը դրվել է առցանց տիրույթում, սակայն հանրությունն իրազեկված չէ, որ նման փաստաթուղթ կա. ստացվում է, որ դա դրվել է զուտ որպես ֆորմալ պարտականություն կատարելու համար:

Նոր սահմանադրությամբ վերահսկիչ պալատը դառնում է հաշվեքննիչ պալատ: Ի տարբերություն 2015-ի՝ այս կառույցի գործունեության ծրագիրը, եթե նախկինում հաստատում էր ԱԺ-ն, հիմա հաշվեքննիչ պալատն  ինքն է իր գործունեությունը հաստատում: Ըստ պարոն Գալստյանի՝ սա անկախության չափանիշ է: Կամ եթե նախկինում նախագահի առաջադրմամբ էին ընտրվում վերահսկիչ պալատի անդամները, հիմա իրավասու հանձնաժողովն է դա անում. «Սա ֆորմալ փոփոխություն է, մեծ անկախություն չի տալիս, բաց դրական փոփոխություն է: Ներկայացված է քաղաքական չեզոքության սկզբունք, ինչի համաձայն՝ հաշվեքննիչ պալատի անդամը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ և չի կարող քաղաքականությամբ զբաղվել ու պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերի: Սակայն օրենքում դա չի հստակեցված: Եթե նախկինում քաղծառայողներ էին վերահսկիչ պալատի անդամները, հիմա նրանց գործունեությունը սահմանվում է որպես անկախ մասնագիտական»:

Վարուժան Հոկտանյանն էլ հայտնեց, թե հույս ունի, որ և՛ կառավարությունը, և՛ իրավապահ մարմիններն ավելի լուրջ կվերաբերվեն հաշվեքննիչ պալատի արդյունքներին: Սակայն պարոն Հոկտանյանը նաև հայտնեց, թե լսել է, որ բյուջեի վերահսկողությունը տրվելու է այլ մարմնի. «Այդ հզոր մարմինն ունիվերսալ վերահսկողություն է իրականացնելու: Այնքան էլ չեմ խորացել, բայց սա նոստալգիկ հիշողություններ առաջացրեց: Խորհրդային միությունում կար комитет налогового контроля, որը Մոսկվայից մինչև ամենափոքր գործարաններ արտադրական վերահսկողություն էր իրականացնում: Կարծես թե գնում ենք դրան: Լսել եմ նաև, որ դա վարչապետի անմիջական վերահսկողության տակ է լինելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30