Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանահայ տուժածը՝ «Ճվճվ Արո»-ի որդու մասին. «Ինձ ծաղրեցին, «ահաբեկիչ» անվանեցին ու ասացին, որ իմ երկիրը գնամ»

Ապրիլ 05,2018 14:28

Դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր քրեական աշխարհում հեղինակություն համարվող Արա Վարդանյանի (մահացել է 2017թ.)՝ «Ճվճվ Արո»-ի որդու՝ Սերժ Վարդանյանի եւ նրա ընկերոջ՝ Ռոբերտ Հայրապետյանի գործով հերթական դատական նիստն էր, որը տարբեր պատճառներով (մեղադրյալի հայտնաբերված չլինելու հանգամանք, պաշտպանների փոփոխություն) ձգվում է մոտ չորս տարի: Սերժ Վարդանյանն ու նրա ընկերը, որը, սակայն, դատարանում հերքում է իրենց ընկերական կապը, մեղադրվում են հասարակական կարգը խախտելու եւ իրանահայ Շանթ Մարգարյանի հանդեպ բռնություն գործադրելու մեջ: Մարգարյանը վերջերս է Երեւան ժամանել ու ներկա էր այսօրվա նիստին, որը, սակայն, կրկին հետաձգվեց: Այս անգամ պատճառն այն էր, որ Սերժ Վարդանյանի նոր փաստաբանները գործի նյութերին ծանոթանալու համար հավելյալ ժամանակ խնդրեցին, դատավորն էլ ընդառաջեց՝ հաջորդ նիստը նշանակելով ապրիլի 12-ին, ժամը 12-ին:

Իրանահայ Շանթ Մարգարյանն էլ 2014թ. պատահած միջադեպի մասին լրագրողների հետ զրույցում պատմեց, որ Սերժ Վարդանյանն իր վարած մեքենայով մի քանի անգամ կտրել է այն մեքենայի ճանապարհը, որի ուղեւորն է եղել ինքը: Իսկ հետո, երբ մեքենաներն արգելակել են, եւ ինքը փորձել է իրավիճակը պարզաբանել Սերժի եւ Ռոբերտի հետ, վերջիններս քաշքշել են իրեն, ինքն էլ փոխադարձել է: Նա ասաց՝ հայաստանյան արդարադատությունից ակնկալում էր, որ իրեն վնասածներն արժանի պատիժ կստանան, իսկ հիմա, իր խոսքով, զզվել է տարիներ տեւած դատական գործընթացից:

«Մի քանի ոստիկան է ականատես եղել դեպքին, տեսախցիկներն էլ ֆիքսել են: Սերժ Վարդանյանն ու իր ընկերը ոստիկանների մոտենալուն պես փախել են դեպքի վայրից՝ ավտոմեքենայում նստած վիճակում իմ ձեռքից բռնած ինձ քարշ տալով մոտ երեսուն մետր, իսկ ոստիկանները նրանց չեն հետապնդել՝ ասելով, որ եթե հետապնդեն, գուցե նրանք այլ ավտովթարների պատճառ դառնան: Մեջքի վնասվածք եմ ստացել, լուսանկարը պահպանել եմ»,-պատմեց Շանթ Մարգարյանը:

Իրանահայը նաեւ նշեց՝ իրեն չի հետաքրքրում այն փաստը, որ գործ ունի ՀՀ-ում հայտնի անուն ունեցող «Ճվճվ Արո»-ի որդու հետ. խնդիրն այն է, որ մեղավորները չեն պատժվում. «Պետք է պատժվեն, որ նրանց «օլիգարխությունն» ու դաժան բարքերը չշարունակվեն: Վերջիվերջո, նման մարդկանց պատճառով վերջերս ավտովթարից երկու ոստիկան մահացավ Ճվճվ Արո»-ի մյուս որդու մասնակցությամբ ավտովթար)»:

Իրանահայի հետ զրույցից նաեւ պարզվեց, որ մինչեւ այսօրվա նիստը մեկ արտահերթ նիստ է եղել, որի մասին լրագրողները տեղեկացված չեն եղել, ինքն էլ տվել է սպասված ցուցմունքը. «Մի բան էլ ինձ մեղադրեցին, թե սուտ եմ խոսում, թե իբր ես եմ կախվել ավտոյից…Կարծես ես լինեի հանցագործը: Ինձ ծաղրեցին, «ահաբեկիչ» անվանեցին ու ասացին, որ իմ երկիրը գնամ…Ես ցույց տվեցի լուսանկարը, որում երեւում է մեջքիս մեծ վնասվածքը: Ասացին, թե «ֆոտոշոփ» եմ արել, բայց եթե տարրական գիտելիքներ ունենային, կարող էին պարզել, որ «ֆոտոշոփ» չկա, հո սուտ չէի՞ խոսելու»:

Շանթ Մարգարյանը հավելեց՝ տեղյակ է, որ Սերժ Վարդանյանը մի քանի քրեական պատմությունների «հեղինակ» է. «Դեպքի ժամանակ անգամ ոստիկաններն էին ասում՝ «գիտենք ով է, էս էլ որերորդ անգամ նման պատմությունների մեջ է»…»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30