«Ապրիլյան պատերազմում մեր երիտասարդները ապացուցեցին որ ոչ ցուցափեղկային հայրենասիրությամբ են սերված»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մկրտիչ Մինասյանը: Բանախոսի կարծիքով, մեր երեխաներն ապացուցեցին, որ անկախության զավակն են. «Փառք ու պատիվ նրանց, ովքեր այդ օրերին ծառայում էին եւ նրանց, ովքեր իրենց ամենաթանկ բանը`կյանքը նվիրեցին հայրենիքին»:
Հաջորդ դասն, ըստ բանախոսի, այն է, որ մեր բանակն ամուր պիտի պահենք եւ համապատասխան քայլեր էլ արվում են: «Մեր զինվորի, մեր բանակի միջոցով մեր ոխերիմ բարեկամներին ստիպելու ենք այս տարածաշրջանում խաղաղության հետ հաշտվել»,- ասաց բանախոսը, հավելելով, որ բանակում վերազինումից մինչեւ բոլոր մնացած կազմակերպաիրավական խնդիրներն ուսումնասիրված են, թերությունները վերացվում են, վկան`«Հայ-թեք» ցուցահանդեսը, որոշ թերություններ դեռ կարող են լինել, նոր կազմակերպվող պետություն եք:
Aravot.am-ի հարցին`ապրիլյան պատերազմում 105 զոհ ունեցանք, այդ թվում նաեւ տարբեր պաշտոնյաների թերացումների արդյունքում, բայց որեւէ մեկն այդպես էլ քրեական պատասխանատվություն չկրեց, ամենամեծ պատիժը պաշտոնանկությունը եղավ, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Բարդ, հուզական եւ իրավական հարցերի շաղախ էր ձեր հարցադրումը: Դրա պատասխանը միանշանակ չի կարող լինել: Եթե այնպիսի բացթողում կամ թերություն է, որի պատճառով քրեական պատասխանատվության հարց կա, այլ խնդիր է, եթե վարչական պատասխանատվության հարց է`այլ է. Սա իրավական խնդիր է, քաղաքական գործիչը զգույշ պետք է խոսի այդ մասին»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ