Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վլադիմիր Պուտինի թուրքական քայլերգը. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 05,2018 12:39

Այն, որ Ռուսաստանի նորընտիր նախագահ Վ.Պուտինն իր առաջին պաշտոնական այցը կատարեց Թուրքիա եւ այնտեղ նրան ընդունեցին ամենաբարձր պետական արարողակարգով, չի կարող անուշադրության մատնվել մեր երկրում, որը ներկա գարնանը կրկին հայտնվել է Ադրբեջանից բխող անմիջական ռազմական սպառնալիքի տակ։

Հասկանալի է, որ վերջին քառորդ դարի ընթացքում Ադրբեջանի միջոցով է Թուրքիան իրականացնում Հայոց պետականությունը շրջափակումների ու փուլային պատերազմական գործողությունների միջոցով մաշելու քաղաքականություն։ Նման ռազմավարության գոյության ավելի քան ապացուցված փաստը չի կարող անհանգստություն չառաջացնել՝ նկատի ունենալով ռուս-թուրքական հարաբերություններում նկատվող մերձեցումը։

Անշուշտ այս մերձեցումն առայժմ հստակորեն «ընդդեմ» սկզբունքով է ընթանում՝ նպատակ ունենալով Իրանի հետ միասին կանխել ԱՄՆ առաջխաղացումը Մերձավոր-Միջին Արեւելքում։ Դա է պատճառը, որ ինչպես ապրիլի 3-ին՝ երկկողմ ձեւաչափով, այնպես էլ երեկ՝ Իրանի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ բանակցությունների հիմնական թեման սիրիական ճգնաժամն էր ու նրա կարգավորումը։

Թուրքերն այդ հարցում արդեն իսկ ստացել են Ռուսաստանի որոշակի աջակցությունը եւ այժմ ամեն ինչ անում են նաեւ իրենց արեւմտյան գործընկերներին շանտաժի ենթարկելու համար։ Թուրքիան նորանոր քրդական թիրախներ է հստակեցնում Սիրիայում եւ Իրաքում՝ հաջողությամբ օգտագործելով Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններում տիրող լարված կացությունը։

Այս գործընթացը ներկա հանգրվանում իրականում ձեռնտու է մեծ խաղի բոլոր մասնակիցներին, քանի որ յուրաքանչյուրն իր շահերի դիտանկյունից շահագրգռված է Թուրքիայի՝ Սիրիայում խրվելու հեռանկարով։ Սակայն քանի որ Վ.Պուտինի այցի հետ կապված խոսք է բացվում արդեն ռուս-թուրքական ռազմավարական գործակցության մասին, ապա պետք է սպասել, որ Թուրքիայի նախագահը փորձելու է երկկողմ օրակարգ բերել հարցերի շատ ավելի լայն շրջանակ, որոնք գտնվում են Սեւ ծովի ավազանում, Հարավային Կովկասում եւ այլ տարածաշրջաններում։

Թուրքիայի ախորժակը օրեցօր մեծանում է, ուստի ցուցադրաբար աջակցելով Ռուսաստանին՝ արեւմտյան պատժամիջոցները հաղթահարելու հարցում, Անկարան անպայման ներկայացնելու է պատասխան հաշիվը։

Սակայն դա գիտակցում են նաեւ Ռուսաստանում։ Ուստի պատահական չէ, որ Վ.Պուտինի այցին նախօրեին եւ ապա՝ այցի օրերին տեղի ունեցան այնպիսի իրադարձություններ, որոնք ի ցույց դրեցին Ռուսաստանի անհանգստությունը նման հեռանկարի հանդեպ:

Մասնավորապես ռուսական «Գազետա» թերթում հայտնվեց մի վերլուծական առ այն, որ թուրքական կողմը պատրաստվում է շատ թանկ վաճառել Մոսկվային Արեւմուտքի հետ իր դիմակայության մեջ աջակցելու արտաքին ձեւական կեցվածքը եւ պարտադրել մեծ զիջումներ. «Այդ թվում՝ նաեւ այն ոլորտներում, որոնցում մենք երբեք դրանց չէինք համաձայնի, օրինակ, Անդրկովկասում»։

Միգուցե նման հավանականությունը կանխելու նպատակով էր ռուսական մամուլը վերջին շրջանում խոսում Հայաստանին ռազմավարական զենքի նոր խմբաքանակների, մասնավորապես՝ «Իսկանդերների» նոր դիվիզիոնների վաճառքի մասին։ Ընդ որում՝ նույն օրերին Հայաստանում գտնվող ռուսական ռազմակայանում լայնածավալ զորավարժություններ էին ընթանում։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30