Ապրիլի 1-ին ժամը 19։40-ի սահմաններում՝ «Կոնգրես» հյուրանոցային համալիրի դիմաց Կոմայգուց համադասարանցիների հետ դուրս գալիս դանակահարվել է 15-ամյա Վան Բաղրամյանը։ Նա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել «կրծքային եւ գոտկային ծակած վերք» ախտորոշմամբ։ Դանակահարողին ոստիկանները նույն օրը հայտնաբերել են եւ բերման ենթարկել ոստիկանության բաժին։ Մի քանի ժամ անց, սակայն, 35-ամյա Արգամ Հ.-ն ազատ է արձակվել։
Տուժածի ընտանիքին հաջողվել է պարզել, որ Արգամ Հ.-ն Ֆրանսիայում է ապրել, սակայն նրան արտաքսել են Հայաստան։ 15-ամյա պատանու հորը՝ Միքայել Բաղրամյանին, զայրացրել է այն հանգամանքը, որ որդուն դանակահարող անձն ազատության մեջ է։ «Մենք իրենց անձամբ երբեւէ չենք ճանաչել, ուղղակի հետաքրքվել ենք, որ Օշականից է, Ֆրանսիայից դեպորտ են արել։ Ոչ մի տեղ գրանցված չէ: Նախնական տեղեկություններով, դեպորտ են արել մարդ խփելու համար, բայց դրանք տեղեկություններ են, որոնք պետք է ստուգվեն»,- ասաց հայրը։
15-ամյա պատանուն դանակահարելուց հետո մամուլում հրապարակումներ եղան, թե 35-ամյա Արգամ Հ.-ն պատանուն հարվածել է անպարկեշտ հայտարարություններ անելու համար։ Ինչպես նաեւ գրել էինք, որ ըստ Արգամ Հ.-ի խոստովանական ցուցմունքի՝ նա 15-ամյա երեխային կասկածել է նույնասեռականության մեջ։ Այս հրապարակումները զայրացրել են տուժածի հորը։ «Իմ ամբողջ զայրույթն այն է, որ ապատեղեկատվություն է եղել, երեխան, նախ, մենակ չի եղել, այգում պտտվել են, ես եմ թույլ տվել որոշ ժամանակով։ Ժամը 7-ի կողմերը զանգեցին, ասացին սենց դեպք է պատահել։ Ընկերներն են առաջին օգնությունը ցույց տվել, մարդ չի հասկացել՝ ինչի համար է տեղի ունեցել»,- ասաց նա։
Պարզվեց, որ Արգամ Հ.-ի վերաբերյալ նույն օրը երեք ահազանգ է ստացվել ոստիկանություն։ «Ես ոստիկանության աշխատակիցներին հարցրի՝ բա լավ ո՞նց բռնեցիք իրեն, ոստիկանության աշխատակիցն ասաց, որ երեք ուրիշ ահազանգ ենք ստացել, որ այսպիսի մարդ կա, դանակով քաղաքում պտտվում է։ Հետաքննիչի պատմելով՝ նա ցուցմունք է տվել, խոստովանել, որ ինքն է խփել, հետո հայտնաբերել են այդ գործիքը, ինչով որ խփել է. խորությունը 4 սմ է երկու վերքերի ու բավական լայն։ Նա նպատակադրված է եղել ինչ-որ մարդ խփելու»։ Տուժածի հայրը նաեւ ասաց, որ որդուն դանակահարելուց հետո Արգամ Հ.-ն վազել է անգամ մյուս երեխաների հետեւից:
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում