Երբ հայաստանյան հայտնի, ոլորտում ավելի քան 20 տարի գործունեություն իրականացնող տուրիստական գործակալություններից մեկի տնօրենի հետ զրուցում էինք պետական կարիքների համար «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի միջոցով ձեռք բերվող ավիատոմսերի մասին, նա ուշադրություն հրավիրեց, իր դիտարկմամբ, շատ ավելի կարեւոր մի հարցի վրա։ Դա ՀՀ քաղաքացիներին մի շարք նորելուկ տուրիստական գործակալությունների կողմից առաջարկվող կասկածելի էժան տուրփաթեթներն են։
Զրուցակիցը, որը դեմ էր այս թեմայի համատեքստում իր անունը նշվելուն, վստահեցրեց, որ նման տուրեր առաջարկող գործակալությունները համագործակցում են թուրքական օպերատորների հետ եւ գործարքի դիմաց նրանց են փոխանցում ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները։
«Դաշտում գործող, այսպես ասած՝ ավիատոմսերի վաճառքի բուդկա աշխատեցնող մեր գործընկերներից որոշները չեն տիրապետում անգամ ամրագրումների տարրական կանոններին, եւ, չնայած այդ հանգամանքին, դրանցից շատերը ժամանակին մասնակցել են պետգնումներին եւ պետական պաշտոնյաների համար ավիատոմսեր մատակարարել: Ես, իհարկե, դեմ չեմ, որ մարդիկ բիզնես անեն, հաց վաստակեն, սակայն, ցավոք, նրանցից շատերը չունեն մարդկանց հետ աշխատելու պատասխանատվության գիտակցություն։ Ես նաեւ դեմ չեմ, որ մեր քաղաքացիները թռչեն, գնան, հանգստանան էժան տուրերով, սակայն կա հարցի մյուս կողմը՝ ինչի՞ հաշվին են նրանք ստանում նման էժան գնային առաջարկ։ Նման առաջարկ անող գործակալությունները, ինչպես մենք պարզեցինք, աշխատում են թուրքական տուրօպերատորի հետ, որը երբեմն գալիս նստում է նաեւ Հայաստանում եւ հավաքում է մեր տուրիստների մասին ամբողջական ինֆորմացիան։ Եթե դու ամրագրում ես տուրը, հյուրանոցը, բնական է, որ տալիս ես քո հաճախորդի բոլոր տվյալները եւ ո՞ւմ ես տալիս… Հաճախորդը, իհարկե, պարտավոր չէ իմանալ, թե դու ինչի հաշվին ես նրան էժան տուրփաթեթ առաջարկում։ Ու ստացվում է, որ դու քո 20-30 եվրոյի համար վաճառում ես քո երկրի քաղաքացու տվյալները։
Երբ մենք իմացանք, շոկի մեջ էինք։ Կայացած, դաշտում երկար տարիներ աշխատող գործակալությունների կողմից առաջարկվող տուրերի գինը գրեթե միշտ նույն սահմաններում է, կարող է առավելագույնը 10-20 եվրոյի տատանում տալ։ Մյուսը տալիս է մոտ 100 եվրո էժան, հարց չի՞ առաջանում՝ ինչի՞ հաշվին»,- տարակուսում է մեր զրուցակից տուրգործակալության տնօրենը:
Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում