Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ-ում մշակվում է դպրոցների կառավարման համակարգի նոր մոդելի նախագիծը

Ապրիլ 05,2018 10:53

Դպրոցների կառավարման խորհուրդներ, անցում համընդհանուր ներառականության, փոքր դպրոցների օպտիմալ կառավարման համակարգ. այս և մարզի հանրակրթության համակարգին վերաբերվող այլ խնդիրներ էին ընդգրկված ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի օրակարգում:

Ներկայացնելով հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է ցանկացած նախագծի հանրային լայն քննարկումների կազմակերպումը, մասնավորապես ոլորտի մասնագետների հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաճախ համակարգային նույն խնդիրը պայմանավորված մարզի առանձնահատկությունից կարող է տարբեր լուծումներ պահանջել: Անդրադառնալով դպրոցների կառավարման գործող համակարգին` Լևոն Մկրտչյանը նշել է, որ կառավարման խորհուրդները շատ հաճախ ձևական բնույթ են կրում և, որպես կանոն, իրենց առաքելությունը չեն իրականացնում: Հետևաբար, նախարարությունում մշակվում է դպրոցների կառավարման համակարգի նոր մոդելի նախագիծը: Նախարարի խոսքով, առաջարկվող տարբերակներից մեկն էլ խորհուրդների խոշորացումն ու հստակ գործառույթների ամրագրումն է: ԿԳ նախարարը հորդորել է հանդիպմանը ներկա դպրոցների տնօրեններին ակտիվորեն մասնակցել քննարկումներին ու ներկայացնել կառուցողական առաջարկներ, որոնք կնպաստեն առավել գործուն և արդյունավետ համակարգի մշակմանը:

Այս ուսումնական տարվանից Արմավիրի մարզն անցում է կատարում համընդհանուր ներառական կրթության, հետևաբար քննարկումը չէր կարող շրջանցել անցման շրջանին հատուկ խնդիրները: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խոսքով, մարզում որոշակի մտահոգություններ կան, որ մարզի հանրակրթական դպրոցները դեռևս լիարժեք պատրաստ չեն արդյունավետ կազմակերպել ուսուցման դժվարություններ ունեցող երեխաների ուսուցումը, ուստի առնվազն մեկ հատուկ դպրոցի գոյությունն անհրաժեշտություն է: Կիսելով մտահոգությունը՝ նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է գնահատել բոլոր երեխաների կրթական կարիքները և այն դեպքում, երբ դպրոցները չունեն բավարար հնարավորություններ տվյալ երեխաների կարիքներին համապատասխան կրթության ապահովման համար, ապա ուսուցումը պետք է կազմակերպել հատուկ դպրոցներում: Միաժամանակ, Լևոն Մկրտչյանը շեշտել է, որ անհրաժեշտ է զարգացնել դպրոցների հնարավորությունները, որպեսզի հեռանկարում կարողանանք ապահովել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող բոլոր երեխաների ներառումը հանրակրթական դպրոցներ:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև մարզում ավագ դպրոցների և փոքր դպրոցների արդյունավետ կառավարման խնդիրներին: Մարզի կրթության պատասխանատուներն այն տեսակետին են, թե ներկայում մարզում ավագ դպրոցների թիվը բավականին մեծ է և արդյունավետ հոսքային ուսուցում կազմակերպելու համար կարիք կա դրանք միավորել: Համաձայնելով ոլորտի մասնագետների հետ՝ ԿԳ նախարարը նշել է, որ այժմ մշակվում է հանրապետության ավագ դպրոցների զարգացման նոր համակարգի և փոքր դպրոցների արդյունավետ կառավարման նոր մոդելների   նախագիծը:

Այցի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պարգևներ են հանձնել դպրոցականների 2017-2018 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների Արմավիրի մարզային փուլում հաղթող ճանաչված աշակերտներին:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30