Դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր Լեւոն Գասպարյանի գործով հերթական դատական նիստն էր: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ նա 2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ժամանակ բռնություն է գործադրել «Ազատություն» ռ/կ-ի՝ մասնագիտական լիազորություններն իրականացնող լրագրող Սիսակ Գաբրիելյանի հանդեպ, խլել է վերջինիս տեսանկարահանող սարքը: Այս գործով մեղադրող-դատախազներից Արամ Մնացականյանն այսօր հրապարակեց Գասպարյանի մեղադրական ճառը:
Նա նշեց՝ քանի որ Գասպարյանն ընդունել է մեղքը, ունի անչափահաս երեխաներ, բնութագրվում է որպես դրական անձնավորություն, պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան: Նա միջնորդեց Գասպարյանին դատապարտել ազատազրկման 3 տարով:
Լեւոն Գասպարյանի շահերի պաշտպան, փաստաբան Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց՝ իրենց համար անսպասելի էր նման պատժաչափը, ուստի պաշտպանական ճառին պատրաստվելու համար ժամանակ է հարկավոր: Ըստ այդմ, դատավոր Գագիկ Պողոսյանը որոշեց նիստը հետաձգել եւ պաշտպանին որոշակի ժամանակ տրամադրել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ