«Բուրգեր Քինգ» արագ սննդի կետի հայաստանյան ներկայացուցչությունն արագ գործի է անցել. արդեն մեկ-երկու օր է՝ տարբեր վայրերում քաղաքացիներին «Բուրգեր Քինգ»-ի բուկլետներն են բաժանվում, որոնցում ներկայացված է օբյեկտի ճաշացանկը: Գովազդային արշավը, ըստ ամենայնի, հաճախորդներ չկորցնելու նպատակով է: Եվ քանի որ սննդի այս ցանցը համաշխարհային ճանաչում ունի, ընկերության վաճառքի գծով պատասխանատուները զուր ժամանակ չեն կորցնում եւ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի միջադեպի պատճառով ընկերության հաճախորդների քանակը չպակասի: Անցորդներից ոմանք, սակայն, երբ փոքր-ինչ հեռանում էին ու տեսնում, որ խոսքը նույն սննդի կետի մասին է, բուկլետն աղբամանն էին նետում: Սակայն կային քաղաքացիներ, որ բուկլետը վերցնում եւ սիրով ուսումնասիրում էին:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցավ պայթյուն, ինչի հետեւանքով 8 քաղաքացի ծանր վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց: Ամենաշատ վնասվածքներ ստացածը 8-ամյա մի երեխա է, որը դեռ հիվանդանոցում է:
Լուսանկարները` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ»
05.04.2018