«Հիմնական հարցը հետևյալն է. պե՞տք է արդյոք լինի նոր, երկրորդ աշխարհամարտի հետ իր ծավալներով համեմատելի գլոբալ ցնցում, որպեսզի հնարավոր լինի ձևավորել նոր, ժամանակին համարժեք պատասխան: Հուսով եմ` ոչ»: Սա մեջբերում է Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 7-րդ համաժողովում Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթից: Բոլորս էլ հուսով ենք: Սակայն առայժմ նման լավատեսության համար հիմքեր, կարծես թե, չկան:
Միջազգային կառույցները (ասենք, ՄԱԿ-ը) չեն դարձել այն հարթակը, որտեղ միջազգային մակարդակով մշակվում են խաղի կանոններ եւ, որն ավելի էական է, կա այդ կանոնները պարտադրելու մեխանիզմ:
Հասարակ օրինակ. ենթադրենք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում ընդգրկվում է Սկրիպալների հարցը: Պարզ է, որ որեւէ բանաձեւ չի ընդունվի. կողմերը հանդես կգան փոխադարձ մեղադրանքներով, ու դրանով ամեն ինչ կավարտվի (քարոզչությունից այն կողմ հարցը չի գնա): Բայց եթե զուտ տեսականորեն ընդունենք, որ ինչ-որ հրաշքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կընդունի որեւէ բանաձեւ՝ ի՞նչ է, Բրիտանիան կհամաձայնի, որ սխալվե՞լ է՝ մեղադրելով Ռուսաստանին, կամ Ռուսաստանը կասի, որ սխալվե՞լ է՝ թունավորելով Սկրիպալներին:
Եթե հարցին մոտենանք իրավական ամենայն խստությամբ, ապա մեղադրանքն ապացուցելու բեռն ընկնում է մեղադրող կողմի վրա, բայց այս դեպքում դա՛ չէ կարեւորը, այլ այն, որ ՄԱԿ-ը կամ միջազգային որեւէ այլ ատյան չի ապահովում խնդիրը կարգավորելու որեւէ մեխանիզմ: Եվ Սկրիպալների թունավորումն աշխարհին հուզող ամենակարեւոր հարցը չէ՝ պարզապես փոքրիկ օրինակ է:
Հայաստանի պաշտպանության նախարարը նշում է, որ Ազգերի լիգայի և Միացյալ ազգերի կազմակերպության ստեղծման պահին «այս կառույցների հետ կապված գլխավոր հույսերը՝ կապված հարատև խաղաղության պահպանման և բոլոր պատերազմների կանխման հետ, ցավոք սրտի, հիմնականում չարդարացան»: Ուրեմն, հավանաբար, Ազգերի լիգան ու ՄԱԿ-ն այն կառույցները չէին (չեն), որոնք կարող են կատարել այդ գործառույթը: Ուրեմն կարելի է ենթադրել, որ դրանք հիմնված են սխալ, չգործող սկզբունքների վրա: Որոնք պետք է լինեն նոր սկզբունքներ՝ ես չգիտեմ, բայց դարձյալ կարող եմ ենթադրել, որ մոտակա տասնամյակներում վերաիմաստավորվելու են «ուժ» եւ «հարստություն» հասկացությունները թե՛ միջազգային եւ թե՛ տեղական մակարդակով:
Իր ելույթում Վիգեն Սարգսյանը հիշեցնում է. «Մեր քաղաքականությունը կառուցվում է ոչ թե տարածաշրջանային և գլոբալ դերակատարների դիմակայության մանիպուլյացիայի գոտում, այլ ընդհակառակը՝ նրանց շահերի խաչման կետում»: Առայժմ ստացվում է: Բայց ո՞վ գիտի, թե ինչ է լինելու վաղը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ստիպված լսեցի Վիգեն Սարգսյանի ելույթը: Ոչ էի լսել: Իսկ սկզբունքները չեն վերաիմաստավորվում՝ դա է նրանց իմաստը: