Թե՛ մարզերում եւ թե՛ մայրաքաղաքում բիոզուգարաններն այդպես էլ չընդունվեցին հանրության կողմից: Դրանք կեղտոտ են ու գարշահոտով: Այդ պատճառով էլ մարդիկ հրաժարվում են օգտվել դրանց ծառայություններից: Բացի այն, որ դրանք այլեւս չեն ծառայում իրենց նպատակին, մի բան էլ, որպես շրջակա միջավայրի համար աղբ, գլխացավանք են դարձել: Այսինքն՝ այն միլիոնները, որոնք ծախսվեցին բիոզուգարանների, մասնավորապես` երկու թանկարժեք՝ 150 հազար դոլարանոց բիոզուգարանների վրա, մեղմ ասած, ջուրը լցվեցին:
Չնայած մարզերում ու մայրաքաղաքի որոշ վայրերում դեռեւս կան բիոզուգարաններ, այդուհանդերձ մեր քաղաքացիներն ու զբոսաշրջիկները դրանք շրջանցում են` գերադասելով օգտվել մերձակա սրճարանների, հյուրանոցների, բենզալցակայանների ու ստորգետնյա անցումների, շքամուտքերի ծառայություններից: «Առավոտի»` քաղաքացիների շրջանում անցկացրած փոքրիկ հարցումը նույնպես վկայեց, որ մարդիկ ավելի շատ գերադասում են օգտվել հանրային զուգարաններից՝ վճարելով 100 դրամ, քան անվճար բիոզուգարաններից, որոնցում հակահիգիենիկ պայմաններ են: Նկատենք, որ այս զուգարանները հատկապես տեղադրվում են հանրային միջոցառումների ժամանակ: Իսկ հանրային զուգարաններ ամեն տեղ չէ, որ կան: Քաղաքացի Աշոտ Պետրոսյանի խոսքով՝ մեր երկրում կարելի է ժամերով երկար ճանապարհ գնալ եւ որեւէ տեղ չհանդիպել հանրային զուգարանի, որի ծառայություններից գոնե կարելի է վճարովի օգտվել: Մեզ հետ զրուցած քաղաքացիները կարծիք հայտնեցին նաեւ, որ հենց հանրային զուգարանների պակասի պատճառով է, որ անցումները, շքամուտքերը, դալաններն անուղղակի վերածվել են զուգարանների, եւ շատ դեպքերում հենց գարշահոտության պատճառով է, որ մարդիկ խուսափում են օգտվել այդ անցումներից:
Ինչո՞ւ մեր երկրում չի լուծվում հանրային զուգարանների խնդիրը՝ այս հարցին տուրիզմի ոլորտի պատասխանատուները հակադարձում են, թե զբոսաշրջիկները կարող են օգտվել հյուրանոցների, ռեստորանների զուգարաններից, եւ նրանց որեւէ մեկը չի կարող արգելել: Սակայն զուգարան գնալու անհրաժեշտություն միայն զբոսաշրջիկը չէ, որ ունենում է:
«Առավոտի» հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը հանրային զուգարանների բացակայությունը բացատրեց այս համապատասխան ներդրողների բացակայությամբ:
Նշենք, որ եղած հանրային զուգարանները շահույթ հետապնդող կազմակերպություններ են եւ պատկանում են անհատ սեփականատերերի: Թե ինչու զուգարանի բիզնեսով զբաղվել ցանկացող գործարարներ չկան՝ պարոն Գեւորգյանը չի կարող ասել, միայն ասաց, որ եթե լինեն ներդրողներ, ապա Երեւանի քաղաքապետարանը պատրաստ է նրանց տրամադրել համապատասխան տարածքներ, որպեսզի կառուցեն հանրային զուգարաններ: «Ներկայումս կա ընդամենը մեկ ներդրող, որը հանրային զուգարան է կառուցում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմաց՝ Սայաթ-Նովայի 1ա հասցեում, աշխատանքներն արդեն տարվում են, եւ զուգարանը շուտով պատրաստ կլինի շահագործման»,- ասաց պարոն Գեւորգյանը:
ԱՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
«Առավոտ»
04.04.2018