Մինչ օրս Հայաստանի ՍԴ-ն կայացրել է 1410 որոշում
ՀՀ Սահմանադրական դատարանն իր այս տարվա առաջին որոշումը հրապարակել է հունվարի 23-ին: Այն վերաբերում էր ՀՀ կառավարության եւ Բելառուսի կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուն, ստանձնած պարտավորությունների սահմանադրականության համապատասխանության հարցին:
ՍԴ-ն նույն օրը օրակարգում ուներ դարձյալ երկու կառավարությունների, այս անգամ Տաջիկստանի եւ մեր կառավարության միջեւ գիտական աստիճանների, կոչումների փոխճանաչման եւ համադրելու մասին համաձայնագրի սահմանադրականության համապատասխանության հարցը:
Մինչ մարտի 27-ը Սահմանադրական դատարանը երեք ամիսների ընթացքում կայացրել է 14 որոշում: Մարտի 27-ի որոշումները ՍԴ նորանշանակ նախագահ Հրայր Թովմասյանի օրոք էին:
Նշենք, որ 14 գործերով դիմումատուները եղել են մեկական անգամ դատարաններից՝ Սյունիքի մարզի դատարանը, որի որոշմանն անդրադարձել է «Առավոտը» (մարտի 8), լրագրողական կազմակերպություններից՝ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը, ՄԻՊ-ը, չորս քաղաքացիներ, տասը՝ ՀՀ նախագահը:
Սյունիքի մարզի դատարանը դիմել էր Փաշա Ավանեսյանի գործով: Փ. Ավանեսյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 361 հոդվածի առաջին մասով՝ «Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը»: Ըստ այդ հոդվածի, զորակոչի կամ պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն անցնող զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաեւ զորամասից արձակվելիս, նշանակվելիս, գործուղումից, արձակուրդից կամ բուժական հաստատությունից առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տեւողությամբ, ինչպես նաեւ երեք ամսվա ընթացքում երեք եւ ավելի անգամ մեկից երեք օր տեւողությամբ՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը 1 տարի ժամկետով: Սահմանադրական դատարանում վիճարկվել էր 2003թ. օգոստոսին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի «կալանքը» հոդվածի ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու հարցը:
Լուսինե Ավետիսյանի, Անահիտ Կոշտոյանի, Անդրանիկ Պողոսյանի, Նարինե Պողոսյանի դիմումն առնչվում է Պերմյակովի գործին:
Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները ՍԴ-ից պահանջել էին հակասահմանադրական ճանաչել Շիրակի մարզի դատարանի որոշումը, որով նրանց արգելվեց Ռուսաստանից 450 հազար եվրո փոխհատուցում պահանջել։
Նրանց դիմումը ՍԴ էին ներկայացրել երկու փաստաբաններ՝ Լուսինե Սահակյանն ու Արամազդ Կիվիրյանը:
Վերաքննիչ քրեական դատարանը, Վճռաբեկը հրաժարվել էին գործը վարույթ ընդունել, վերաքննիչ դատարանն անգամ Քրեական դատավարության օրենսգրքին հղում կատարելով, հայտնել էր, թե օրենքը չի նախատեսում ոչնյութական վնասի հատուցման հնարավորությունը քրեական դատավարության շրջանակներում: Ինչն էլ դիմող կողմի պնդմամբ, հակասում էր Սահմանադրական դատարանի մի շարք այլ որոշումներին:
Հիշեցնենք, որ փաստաբանները նշել էին, որ ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը երբ տեղափոխվեց Ռուսաստան, եթե բարձր դատարանը հակասահմանադրական որակի քաղհայցը մերժելու որոշումը, ապա քրեական գործը կարող է վերաբացվել: ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 19-ին որոշել է գործի քննությունը կարճել:
Հունվարի 30-ը պատմական էր այն առումով, որ դիմումատուն «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունն էր, որի դիմումը վերաբերում էր ՀՀ հողային օրենսգրքի աճուրդին մասնակցել եւ սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելելու դրույթի սահմանադրությանը համապատասխանելուն:
Դիմողի ներկայացուցիչներն են եղել Ա. Զեյնալյանը՝ ներկայումս ԱԺ պատգամավոր, եւ Ա.Ղազարյանը: Լրագրողական կազմակերպությունը դիմել էր չորս համայնքապետերի, որպեսզի լուսաբանելու, նկարահանելու նպատակով մասնակցեն համայնքում նշանակված աճուրդ-վաճառքին:
Համայնքի ղեկավարները հողային օրենսգրքին հղում տալով մերժել էին հետաքննողների դիմումը, պատճառաբանելով, թե աճուրդը փակ է, դրան մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչն ու արձանագրողը, եւ երբ աճուրդը սկսվում է, դահլիճ մտնելն արգելվում է:
Ի դեպ, մինչ Սահմանադրական դատարան դիմելը, այս հարցը հետաքննողների ներկայացուցիչները վիճարկել են նաեւ վարչական դատարանում, հայտնելով, որ աճուրդի լուսաբանումը միտված է տեղեկատվություն տարածելուն, հանրային նշանակության դեպքերի հետաքննական լուսաբանմամբ: Պատասխանող կողմը՝ ԱԺ-ն, գտնում էր, որ պետք է այդուհանդերձ պաշտպանվեն անձնական տվյալները: Այդուհանդերձ, հետաքննողները հաղթել են ՍԴ-ում, եւ հակասահմանադրական է ճանաչվել արգելքը:
ՀՀ նախագահի ներկայացուցչի դիմումը առնչվել է ՀՀ եւ Ֆրանսիայի կառավարության պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքների անդամների՝ մյուս պետությունում զբաղվածության մասին համաձայնագրին, ընտանիքի անդամներին վարձատրվող գործունեություն իրականացնելու հնարավորություն ստեղծելուն:
Ի դեպ, միայն անցյալ տարի 62 դիմումատուներից մեկն է եղել լրագրողական կազմակերպություն՝ Գյումրու «Ասպարեզը»: Առավել խրախուսելի է, որ երեք դիմումատուներ եղել են դատարանները՝ վերաքննիչ քրեական դատարանը, երկու անգամ էլ՝ Ավան եւ Նոր Նորք վարչական տարածքի դատարանը:
Գլխավոր դատախազի դիմումները երեքն են եղել:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
04.04.2018