Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աժիոտաժ Ազգային օպերային թատրոնում

Ապրիլ 05,2018 13:00

«Առավոտին» հասած տեղեկություններով՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում աժիոտաժ է, ստեղծագործական խմբերը ձեռնամուխ են եղել միանգամից չորս օպերային բեմադրությունների: Առայժմ դասարաններում ընթանում են Մոցարտի «Կախարդական սրինգ» (ռեժիսոր՝ Պաոլո Միչիկե), Բիզեի «Կարմեն» (ռեժիսոր՝ Նաիրե Ստեփանյան), Չուխաջյանի «Կարինե» (ռեժիսոր՝ Ժիրայր Փափազյան), իսկ բեմում Մասնեի «Մանոն» օպերաների փորձերն են:

«Այսօր աշխարհի ցանկացած երկիր չի կարող հպարտանալ իր օպերային ձայներով այնպես, ինչպես Հայաստանը: Իմ ցանկությունն է աշխարհին ներկայացնել ոչ միայն առանձին հայազգի ձայներ, այլ հասնել նրան, որ Երեւանի օպերային թատրոնն ընդգրկվի 39 երկրից 156 անդամ ունեցող հեղինակավոր օպերային թատրոնների ու փառատոների «Opera- Europa» միավորման կազմում»,- այս մասին մեզ նախորդ այցի ժամանակ (21.11.2014թ.) հայտնել էր լատվիացի անվանի ռեժիսոր Անդրեյս Ժագարսը: Երկու տարի անց նրա ցանկությունը կատարվեց՝ շնորհիվ մաեստրո Օրբելյանի:

«Մանոնի» փորձից:

Չորս տարի անց կրկին Երեւանում է լատվիացի ռեժիսորը, որն իր ասիստենտ Իրինա Լիչագինայի ընկերակցությամբ սկսել է Մասսնեի «Մանոն» օպերայի բեմադրական աշխատանքները: Մաեստրո Ժագարսը կինոդերասանի կարիերայից հետո 17 տարի՝ մինչեւ 2013թ., հանդիսացել է Լատվիայի ազգային օպերային թատրոնի տնօրենը: Մինչ այսօր հեղինակավոր օպերային թատրոններում նա բեմադրել է համաշխարհային եւ ժամանակակից օպերային գրականության շուրջ 20 ստեղծագործություն:


Օրերս մենք ներկա էինք «Մանոնի» փորձին: Պարզվեց, որ Երեւանի օպերային թատրոնի պատմության մեջ առաջին անգամ բեմադրվող այս ստեղծագործության համար թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը, որը նաեւ այս օպերայի բեմադրող դիրիժորն է, հրավիրել է ոչ միայն անվանի ռեժիսորին, այլեւ ճանաչված օպերային տենոր, Նիդեռլանդների Մաաստրիխ քաղաքի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ակսել Էվերարտին, որը ներկայումս դասավանդում է Լատվիայի ազգային օպերային թատրոնում: Նա նաեւ ֆրանսիական եւ իտալական երաժշտության, վոկալ տեխնիկայի փորձագետ է:

Մերի Մովսիսյանն ու մաեստրո Ժագարսը:

Հրավիրված է Սորբոնի համալսարանում ուսանած ֆրանսերենի մասնագետ Լյուբա Թադեւոսյանը եւս, քանի որ ներկայացումը բնօրինակով է՝ ֆրանսերեն, եւ օպերայում շատ են երկխոսությունները: Լիբրետոյի հեղինակներն են Անրի Մելիակին եւ Ֆիլիպ Ժիլին՝ ըստ ֆրանսիացի գրող Աբբա Պրեւոյի «Ասպետ դը Գրիեի եւ Մանոն Լեսկոյի պատմությունը» վիպակի (1731թ.): Պրեմիերան կայացել է Փարիզի «Օպերա-կոմիկ» թատրոնում, 1884թ.: Իսկ թե Երեւանի օպերային թատրոնում երբ տեղի կունենա պրեմիերան, մենեջմենթի բաժնից հայտնեցին, որ այն առայժմ ստույգ որոշված չէ:


Ի դեպ, Անդրեյս Ժագարսի բեմադրությամբ վերջերս Մոսկվայի Ստանիսլավսկի- Նեմիրովիչ-Դանչենկոյի թատրոնում կայացել է «Մանոնի» պրեմիերան, որին հրավիրված էր Ազգային օպերային թատրոնի մեներգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը (Ասպետ դե Գրիե): Նշենք, որ «Մանոնում» հանդիսատեսը կհանդիպի ոչ միայն ճանաչված, այլեւ նոր-նոր կարիերա սկսող երիտասարդ արտիստների: Փորձի ժամանակ Մանոնի դերերգով երիտասարդ սոպրանո Մերի Մովսիսյանն էր: Ինչպես միշտ, այս ներկայացումն էլ հնարավոր չի լինի առանց թատրոնի նվագախմբի (գլխավոր կոնցերտմայստեր՝ Գայանե Աբրահամյան) եւ երգչախմբի (գլխավոր խմբավար՝ Կարեն Սարգսյան):

Կարեն Սարգսյանը, Իրինա Լիչագինան, Անդրեյս Ժագարսը եւ Ակսել Էվերարտը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

04.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարծում եմ, որ ավելորդ բեմադրություն է: Քանի որ, այն ո՛չ մեր հասարակությանն է հետաքրքրելու, (չգիտես ինչու, այս հանգամանքը մեզանում չի կարևորվում), ո՛չ մեր արտիստները կարող են դրանով եվրոպայում հանդես գալ, ո՛չ մշակութային տուրիզմը կզարգանա, ո՛չ Ֆրանսիային կհետաքրքրի, ո՛չ էլ համապատասխանում է մեր պետական մշակութային քաղաքականությանը՝ այն է. ազգային մշակույթի զարգացման, պահպանման և տարածմանը … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30