Լրահոս
Օրվա լրահոսը

Կնիկ, մորքուր և վիրավորական արտահայտություններ՝ դատարանում

Ապրիլ 04,2018 15:43

Դատավորը թույլ չի տվել ընդմիջում հայտարարել, որպեսզի պաշտպանն իր պաշտպանյալի հետ ունենա առանձնազրույց: Գրանցվել է դատավորի կողմից ամբաստանյալին անունով դիմելու, նրան կշտամբելու վարքագիծ: Գենդերային կարծրատիպերի վրա հիմնված վիրավորական արտահայտություններ, դիմելաձև է դիտվել. օրինակ՝ դատավորը կամ մեղադրող կողմը դիմել է ամբաստանյալին կնիկ, մորքուր արտահայտությամբ:

«Մեդիա կենտրոնում» ներկայացնելով 2016 թ. հուլիսյան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի դատական քննության մշտադիտարկման ընթացքում գրանցված խախտումները՝ մշտադիտարկման համակարգող, «Իրավական հետազոտության եւ զարգացման կենտրոն» ՀԿ անդամ Նունե Դանիելյանը մանրամասնեց, որ մի շարք օրենսդրական և գործնական կիրառման խնդիրներ են արձանագրվել. «Կայացված մի շարք որոշումներում կիրառվել են բառացիորեն նույն ձևակերպումները, ինչը վկայում է ոչ անհատական մոտեցման մասին: Որոշ որոշումներում անձի ազատության սահմանափակման անհրաժեշտությունը հիմնավորված չէ, փոխարենն ընդգծվել են նրան՝ ազատ չարձակելու հիմքերը: Դատարանը քրեական գործը վարույթ ընդունելուց խափանման միջոցի հարցն առանձին քննարկման առարկա չի դարձնում, այլ անփոփոխ է թողնում նախաքննության ընթացքում խափանման միջոցի վերաբերյալ որոշումը»:

Զեկույցի հեղինակ, «Իրավական հետազոտության եւ զարգացման կենտրոն» ՀԿ ղեկավար Անահիտ Չիլինգարյանը հայտնեց, որ իրենք մշտադիտարկումը սկսել են 2016-ի դեկտեմբերից՝ դատական գործերը դատարան ուղարկվելու փուլից: Զեկույցում ներառված են 2016-ի դեկտեմբերից մինչ 2017-ի հուլիսն ընկած ժամանակահատվածում գրանցված իրավիճակի արդյունքները. «Ներգրավված են եղել մոտ 16 գործերով 32 ամբաստանյալներ: 22-ի վերաբերյալ դատաքննությունն արդեն ավարտվել էր այս ժամկետում: Մշտադիտարկումն իրականացվել է նախապես սահմանված մեթոդաբանությամբ»:

Անահիտ Չիլինգարյանը հայտնեց, որ փորձել են հարցազրույցներ ունենալ տուժողների հետ՝ ոստիկանների, ԶԼՄ ներկայացուցիչների, սակայն չի հաջողվել. հրաժարվել են: Փոխարենն ունեցել են հարցազրույցներ նրանց ներկայացուցիչների՝ փաստաբանների հետ: Այս առիթով տիկին Չիլինգարյանը հավելեց. «Մեթոդաբանությունը չի ներառել հարցազրույցների իրականացում պետական մարմինների ներկայացուցիչների, մեղադրող կողմի, ոստիկանության ծառայողների, դատավորների, դատախազների հետ: Սա արվել է միտումնավոր, որպեսզի հետագայում զեկույցի վերաբերյալ նրանից կարծիքներ ու նկատառումներ ստանանք»:

Մշտադիտարկող, «Իրավական հետազոտության եւ զարգացման կենտրոն»-ի ներկայացուցիչ Մարիա Վարդանյանը ևս արձանագրեց որոշ խնդիրներ. «Դատական նիստի օրվա և ժամի մասին որոշ դեպքերում ամբողջական տեղեկատվություն չի եղել: Որոշ դեպքերում դատարանի դահլիճի չափսերը ոչ բավարար են եղել»:

Անդրադառնալով նիստին ներկա գտնվող քաղաքացիների նկատմամբ սանկցիաների կիրառմանը՝ Մարիա Վարդանյանն ասաց, թե հաճախ անձանց նիստերի դահլիճից հեռացնելու սանկցիաները պարզ չեն եղել քաղաքացիներին. «Մեկ անձի թույլ չի տրվել ընդմիջումից հետո վերադառնալ դահլիճ, սակայն նիստից հետո նրա նկատմամբ ոչ մի սանկցիա չի կիրառվել: Որոշ դատարաններում ոչ մատչելի է եղել մուտքը ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար, մուտք գործող անձինք մետաղորսիչ սարքերով ենթարկվել են ստուգումների, մինչդեռ ոստիկանները ստուգումների չեն ենթարկվել: Սա կարող է խտրական վերաբերմունքի մասին խոսել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30