Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի եւ Էդուարդ Զեյթունյանի (լուսանկարում) գործով հերթական դատական նիստն էր: Նրանք մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ: Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Սարի թաղում ջուր եւ գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհն էլ փակ է եղել (տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց բողոքելու. նրանց եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել, ձերբակալված է մեկ տասնյակ քաղաքացի:
Այսօր որպես վկա հարցաքննվեց ոստիկանության ծառայող Վահան Կարագյոզովը, որը միջադեպը որակեց որպես թեթեւ վիճաբանություն. «Վեճից հետո բախում տեղի ունեցավ: Բնակիչները պահանջում էին, որ փողոցը բացենք, որ կարողանան տեղաշարժվել, մենք էլ բացատրում էինք, որ դա իրենց անվտանգության համար է, որովհետեւ ՊՊԾ գնդից անկանոն կրակոցներ էին հնչում: Բացատրեցինք, մի մասը համաձայնեց մեր հետ, մի մասը՝ ոչ»:
Վկա-ոստիկանի խոսքով՝ սարիթաղցիները ոստիկաններին հայհոյել են, նրանց ուղղությամբ քարեր ու փայտեր նետել, ձեռքով-ոտքով հարվածել, հրել: Արդյոք ոստիկանները հարվածե՞լ են քաղաքացիներին, վկան հայտնեց. «Գուցե քաշքշած լինեն, խառը վիճակ էր, չեն հիշում»: Ամբաստանյալների պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը հարցրեց՝ «տեսե՞լ եք, թե ինչպես են ոստիկանները գետնին ընկած մի քաղաքացու ոտքերով հարվածում»: Վկան պատասխանեց, որ չի հիշում նման բան. «Բախման ժամանակ հազար բան կարող է լինել էլի»:
Պաշտպաններից Գրիշա Բալասանյանն էլ հետաքրքրվեց՝ «հնարավո՞ր է՝ քաղաքացիական հագուստով ոստիկաններ լինեին դեպքի վայրում»: «Դժվար»,-պատասխանեց վկան ու բացառեց, որ ոստիկանները կարող են քաղաքացիական հագուստով ծառայություն իրականացնել:
Լիպարիտ Սիմոնյանը շարունակեց՝ ասելով, որ ոստիկաններից մեկի ցուցմունքի համաձայն՝ ինքը դեպքի վայրում կրակոցներ է արձակել: Այս մասին եւս վկա Վահան Կարագյոզովը տեղեկություն չուներ:
Հիշեցնենք, որ պաշտպանական կողմի պնդմամբ՝ դեպքի վայրում բախումը հրահրել են քաղաքացիական հագուստով ոստիկանները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ