Արձագանքելով Միլսի հայտարարությանը, «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը հանդես եկավ պատասխան հայտարարությամբ, որում տարակուսանք հայտնեց դեսպանի խոսքերի նկատմամբ. «Մեզ մնում է միայն հնարավոր եզրակացություններ անել եւ սպասել, թե երբ է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը ցրելու մեր տարակուսանքները՝ հաստատելով կամ ժխտելով, թե արդյոք սա պրն. դեսպանի անձնական նախաձեռնությո՞ւնն է եղել, թե՞ ԱՄՆ-ը պաշտոնապես որոշել է սատարել ժողովրդից իշխանությունը գողացողներին, բռնատիրությունը հիմնողներին, գաղութարար ռեժիմը պահողներին»։
Սփյուռքյան կազմակերպության տարակուսանքն է առաջացրել այն, որ Միլսը «նույնիսկ չակնարկելով համամարդկային արժեքների բարբարոս ոտնահարումը Հայաստանում, չակնարկելով նաեւ մարդու ապստամբության իրավունքի մասին ԱՄՆ-ում եւ ՄԱԿ-ում առկա ընդունված դրույթները, միտումնավոր կամ անհասկանալի ու անընդունելի ձեւով եզր է գտնում «Սասնա ծռերի» եւ բռնի քաղաքական պայքարի միջեւ»։ ՀՎՍԿ-ն իր կասկածն էր հայտնել «ԱՄՆ վարչակարգի կողմից ներկայիս իշխող կոռուպցիոն համակարգի հովանավորչության հնարավորության վերաբերյալ»։
Այդուհանդերձ, ԱՄՆ-ն երբեք հանդես չի եկել «Սասնա ծռերի», ապստամբության կամ զինված պայքարի աջակցությամբ։ ՊՊԾ գնդի գրավման օրերին ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել զսպվածության կոչերով, քննադատել է ոստիկանության կողմից ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ բռնի ուժի գործադրումը, սակայն զինված խմբի գործողությունները ոչ մի կերպ չի արդարացրել։ Մամուլում անգամ տեղեկություններ տարածվեցին, որոնց համաձայն «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավումից հետո ՀՀ-ում ամերիկյան դեսպանատունը դիմել էր հայաստանյան պատկան մարմիններին՝ ՊՊԾ գունդը գրաված անձանց հարազատների անունները ստանալու նպատակով, հետագայում նրանց ԱՄՆ մուտքի արտոնագիր չտրամադրելու համար:
Վլադիմիր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում