Հարցազրույց Ալվարդ Պետրոսյանի հետ
-Իր վերջին հարցազրույցում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ո՞վ է լինելու հանրապետության վարչապետը, պարբերաբար տրվող հարցի պատասխանը յուրովի տվեց, ինչից հետո շատերը եզրակացրեցին, թե վերջ, ինտրիգը լուծված է, վարչապետը լինելու է Սերժ Սարգսյանը: Իսկ օրերս ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարն ասաց, որ իրենք դեռ որոշում չեն կայացրել: Եթե քննարկումների արդյունքում որոշեն, որ իրենց թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանը, դրա հիմնավորումները կներկայացնեն:
Մինչ այդ՝ մի տեսակ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել՝ նրանք, ովքեր կատեգորիկ չեն ցանկանում Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում տեսնել, ելակետային են համարում հենց այն, որ նա չպետք է լինի, իսկ բոլոր այն քաղաքական ուժերը, որ Սերժ Սարգսյանին են տեսնում այդ դերում, նրա առավելություններն են նշում և փաստում՝ բաղդատելով նրան դաշտում եղած գործիչների հետ՝ հետևյալ շեշտադրմամբ՝ «ո՞վ է այդ երկրորդը, որ ունի Սերժ Սարգսյանի փորձառությունը, միջազգային հեղինակությունը, բանակցային գործընթացներում հմտությունը և այլն… Մեկ հոգու անուն, եթե կա՝ տվեք, քննարկենք: Չկա, չեք կարող տալ»:
Միով բանիվ, որքան էլ պարադոքսալ է, որևէ մեկը որևէ պահանջ ապագա վարչապետին չի ներկայացնում: Այսինքն, ամեն բան արտակա՞րգ է եղել. Ասելու բան չկա՞…
Տիկին Ալվարդ, Ձեր թեկնածուն, գիտեմ, Սերժ Սարգսյանն է, պարզապես հետաքրքիր է, Դո՞ւք էլ նրան ուղղված հարցեր, առաջարկներ, պահանջներ չունե՞ք:
-Գիտեմ, որ բոլորին չեմ կարող համոզել իմ մտքերով, բայց բոլորին կարող եմ համոզել, որ ծայրահեղ անկեղծ եմ: Չգիտեմ՝ ընտրողներն ում կընտրեն, բայց ես ինքս Սերժ Սարգսյանին արդեն վարչապետ նշանակել եմ, ընտրել եմ և ես չեմ երկնչում սա ասել: Չեմ էլ կասկածում, ոչ թե նրա համար, որ անփոխարինելի է, ո՛չ, ես այն կարծիքին եմ, որ հայոց արգանդը դեռ չի չորացել, տաղանդավոր մարդիկ կան, բայց ճանապարհ պիտի անցնեն, պիտի ունենան այն փորձառությունը, որ ինքն ունի: Ամենամեծ բարեմասնությունը, որ ես Սերժ Սարգսյանին կարող եմ վերագրել, նրա 30 տարվա փորձառությունն է: Սև մազերը հիմա լրիվ ճերմակել են, և ոչ իզուր: Իհարկե, ամեն տարեցի երեց չեն ասում: Ես իրեն երեց ասում եմ: Ինքը լուրջ փորձառություն է ձեռք բերել, իսկ մեր երկիրն այն վիճակում չի, որ անփորձ, թեկուզ՝ շատ տաղանդավոր մարդ գա: Փորձն այս նժարի վրա շատ կարևոր է:
Շատ կարևոր է, որ երկրիդ ղեկավարը ազգի արժանապատվությունը կրում է իր վրա: Ոչ բոլոր ղեկավարներն ունեն այդ հատկանիշը: Վառ օրինակը` անցյալ սեպտեմբերին ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթն էր. այն համահայկական առաջնորդի խոսք էր, ուղղված Ադրբեջանին՝ հստակ և հասցեական, այն է՝ մեզ հետ ուլտիմատումների լեզվով խոսել չի կարող ոչ ոք:
Ի դեպ, հիշում եմ դեպք, երբ Սիրիայում մեր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ էր ունենում, ես հեռուստացույցի էկրանը համբուրեցի. թեև երբեք ՀՀՇ-ին չեմ համակրել, բայց այդ պահին ինքն իմ երկիրը ներկայացնող առաջին դեմքն էր, և ես շատ հպարտ էի: Երբ Միլոշևիչին տարան Հաագայի դատարան, իմ ազնվական տղան ասաց՝ մամ, գիտես չէ, ինչ կարծիքի եմ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, բայց, ասաց՝ եթե գային ու իրեն այսպես ուզենային բռնել, ավտոմատը ձեռքիս մինչև վերջ կպայքարեի: Սա երկրի արժանապատվությունը կրող մարդկանց տեսակետ է:
Հիմա, նշածս կետերով ինքս ինձ համար Սերժ Սարգսյանին ընտրել եմ. նրա նման՝ դպրոցի բոլոր դասարաններն ուսումնասիրած՝ պետություն կառավարելու ունակ մարդ չեմ տեսել: Էլ չեմ ասում՝ իր շախմատային մտածողությունը: Տեսեք՝ Արմեն Սարգսյանին բերեց, մինչդեռ՝ ինչքան մարդիկ կային, որ հավակնում էին: Իսկական անակնկալ արեց:
-Ի՞նչ մշակույթ կբերի իր հետ Արմեն Սարգսյանը, նա կկարողանա՞ եղանակ ստեղծել, ինտելեկտուալ ներուժի ավելացման, արժևորման, գնահատման դոզան մեծացնել:
-Ես առիթ ունեցել եմ Արմեն Սարգսյանի հետ շփվելու, երբ ՀՅԴ-ն կասեցված էր, իր շատ արժանիքներին ծանոթ եմ: Հին հայկական սովորությամբ չեմ ուզում ոգևորվել, բայց վստահ եմ՝ իր նախագահ դառնալը դրական ազդեցություն կունենա: Անգլիո ուղղությամբ ահագին աշխատանք կա անելու: Կարծում եմ՝ այս փաստն ինքնին վկայում է Սերժ Սարգսյանի խոհեմության մասին, որովհետև Արմեն Սարգսյանը Եվրոպայում, աշխարհում, որպես դիվանագետ և գիտնական, ճանաչված անձ է, արքայական ընտանիքի բարեկամ: Այդպիսի հզոր անհատականություն բերելու համար պիտի ուժեղ լինել, չվախենալ զուտ մարդկային մրցակցությունից և շատ սիրել սեփական երկիրն ու ժողովրդին:
-Ի դեպ, այդ առումով այլ կարծիքներ են հնչում, ասենք՝ Սերժ Սարգսյանը օրենսդիր, գործադիր կարևոր դիրքերում բերում է այնպիսի մարդկանց, որոնց թիկունքում, հետևում քաղաքական ուժ, կուսակցություն չկա: Անհատներ են:
-Դա կուսակցությունների մեղքն է: Նախ չափազանց շատ են, երկու հոգին կարող է կանգնել, ասել կուսակցություն ենք ստեղծում, Րաֆֆին ի՞նչ արեց, ի՞նչ ժառանգություն թողեց, հռետորական հարց եմ տալիս ու կանխում՝ ո՞ւր է ինքը: Ուրախ եմ, որ «Ելքը» մտել է ԱԺ, երիտասարդ մարդիկ են, միշտ չի, որ համաձայն եմ իրենց հետ, բայց ուրախ եմ, որ «Ելք» կա: «Ոչ» ասելու ընդունակ մարդկանց խումբ են, իրենք իրենց տեղը գրավեցին և ոչ ոք իրենց չխանգարեց, որ իրենց տեղը գրավեն:
Իրենցից ավելի հոծ բազմություն ունեցող կուսակցություն կար՝ «Հայկական վերածնունդ» էր կոչվում, բայց չկարողացան մտնել պառլամենտ:
Անկեղծ ասած՝ ժողովրդավարական դրսևորումներին չեմ հավատում, ուժեղ անհատականություններին եմ հավատում և փառք Աստծո, այսօր 2 ընդգծված ուժեղ անհատականություններ պետության ղեկի մոտ են: Սերժ Սարգսյան, Արմեն Սարգսյան, զարմանալի ազգանուն է այդ Սարգսյանը, չէ՞: (Անընդհատ ուզում եմ հարցնել՝ սուրբ Սարգիսը հեչ հայ չի էլի, բայց ինչո՞ւ է մեր ամենասիրելի սրբերի թվում:)
ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն իրենց ձայնը կտան Սերժ Սարգսյանին, թե ոչ, ես իմ մտքում արդեն ձայնս տվել եմ, թեև պառլամենտն է ընտրում, բայց պառլամենտը պիտի ժողովրդի շունչն ու քվեն զգա, որ ընտրի:
Իսկ ընդհանրապես, Սերժ Սարգսյան-Արմեն Սարգսյան տանդեմի համար ուրախ եմ: Ուժեղ անհատների ներկայությանը, նրանց շնորհիվ պատմության անիվը պտտելու կարողությանը շատ եմ հավատում:
Արտաքին հարաբերություններում մեր վերջին տարիների հաջողությունները անհավատալի կարևոր եմ համարում: Այս «և՛ և՛»- ի քաղաքականությունը, այն, որ այսօր հզոր Եվրոպայի և հզոր Ռուսաստանի հետ կարողանում ենք գործընկերային հարաբերություններ ունենալ, Սերժ Սարգսյանի և իր թիմի հաղթանակն է:
Երբ պայմանավորվեցինք այս հարցազրույցի համար, առաջին բանը, որ մտածեցի, վերնագիրն էր, քանի որ գրող եմ, ավելի շատ, քան՝ լրագրող: Վերնագիրը ուղղորդում է գրողի հետագա ասելիքը, իսկ ես չգիտեմ ինչու՝շարունակ «սխալ ձմեռ» բառակապակցությունն էի կազմում:
– Ինտրիգ կա մեջը ու շատ է գեղարվեստական…
-Եվ ճշմարիտ, որովհետև ինչքան էլ գեղարվեստական լինի, եթե տակը ճշմարտություն չկա… Վերջերս լսում էի գլխավոր օդերևութաբանին, ասաց, որ այս տարվա ձմեռվա նման երբևէ չէր եղել, անհավատալի ձմեռ ունեցանք, իսկ եթե անհավատալի է, ուրեմն՝ սխալ ձմեռ է, որը շատ հետաքրքիր է ազդում մեր ժողովրդի հոգեբանության վրա: Վառելիք չունեցողներն ուրախ էին, որ ցուրտ չեղավ, անտառին վնաս չպատճառվեց, ահագին ծառեր մնացին, չկտրվեցին:
Ու թեպետ թեթև ձմեռ էր, ժողովուրդը շարունակ տագնապի մեջ է՝ բա որ ցրտահարություն լինի, բա որ բերքը ցուրտը տանի՞…
Սխալ ձմեռը դրական էր, ահագին օգուտներ բերեց: Բայց մերոնք տաք ձմեռից ոչ թե ուրախանում են, այլ՝ տագնապում: Մարդիկ ոչնչի չեն հավատում, շարունակ կասկածում են և լավատես չեն:
-Տառապանքը փորձ ունի, անցած տարիներին շատերը եկան ու գնացին, խոստացան ու չարեցին…
-Այո, իր մեղքը չի, մի կողմից՝ առաջնորդները շեղեցին, մյուս կողմից՝ աշխատասեր ժողովրդին հումանիտար օգնություններին վարժեցրին` «Փարոս» ծրագիրը, ոչ վայելուչ բարեգործությունը:
-Տիկին Պետրոսյան, վերադառնանք Ձեր պահանջատիրությանը:
-Այո, ես ընտրել եմ և պահանջատեր եմ, լիքը պահանջներ ունեմ, ընդ որում, առաջին հերթին՝ կրթության և մշակույթի բնագավառւմ:
-Ի դեպ, մեր իրականության մեջ շարունակաբար տեղի ունեցող հակամշակութային երևույթներն այնքան շատ են, տարողունակ և համակարգային, որ ըստ իս, մեծ սանացիայի անհրաժեշտություն կա: Ամեն պահի հանդիպում ենք արժեքային համակարգի խեղաթյուրման:
– Մշակույթ, կրթություն, բանակ, հեռուստատեսություն…Վերջինս ամեն օր մտնում է մեր տները՝ սփռելով սխալ շեշտադրումներով և բառերի սխալ օգտագործմամբ ձևախեղված խոսք: «Վիճվեցինք» բառ չկա, գոյություն չունի, բայց ես ամեն օր այդ բառը լսում եմ: Թվում է՝ այն արտաբերողները ոչ թե վիճում, կամ բանավիճում են, այլ՝ «վիճվում են» իրենք իրենց հետ:
Մարդիկ կան, որոնց նկատմամբ արդեն ալերգիկ ատելություն ունեմ, որ անընդհատ պիտի տեսնեմ: Հարց եմ ուզում տալ՝ իրենց դերասան հորջորջող, թլվատ, լեզուն ապականող այդ մեյմուններին ես ինչո՞ւ պիտի շարունակ տեսնեմ, բայց ինչո՞ւ չպիտի տեսնեմ Վահրամ Փափազյանին, չլսեմ՝ Հրաչյա Ներսիսյանին՝ «Լճակ» կարդալիս, ինչո՞ւ չպիտի լսեմ Համո Սահյանի բանաստեղծությունները՝ Սոս Սարգսյանի կատարմամբ, որ սքանչելիք էին: Եվ կամ՝ Խորեն Աբրահամյանին ինչո՞ւ ես պիտի չկարողանամ լսել:
-Հեռուստամագնատները ձեզ կասեն ու կհամոզեն, որ հեռուստատեսությունը երկու ֆունկցիա ունի՝ լրատվություն + ժամանց, որը և իրենք ներկայացնում են:
-Միշտ էլ եղել է ժամանցայինը, բայց հեռուստատեսությունը ահռելի քարոզչական մեքենա է, երկիր կերտելու մեքենա: Ցավոք, այսօր այն ոչնչապաշտություն է քարոզում:
-Կպատասխանեն Ձեզ՝ դրանք մասնավոր հեռուստատեսություններ են՝ ինչ ուզում ցուցադրում են՝ առաջնորդվելով պահանջարկի և առաջարկի սկզբունքով: Եվ որ զազրելի, հայհոյախառն, քրեականացված, մեր ազգային հոգեկերտվածքի հետ կապ չունեցող ֆիլմերն են ամենամեծ պահանջարկն ապահովում, քանզի ողջ ազգը նստած նայում է:
-Գիտեք, գրաքննության պահանջ չեմ դնում, բայց մի չափանիշ պիտի լինի, որ ասվի՝ ինչ չի կարելի անել: Ասվի՝ չի կարելի, որ ով կամենա, դառնա իմ երկրի մշակութային բրենդը, որ նորմալ հայերեն անգամ խոսել չկարողացող ոմն պստլիկ բոլոր ծրագրերով երևա: ՉԻ ԿԱՐԵԼԻ: Այսինքն, մարդիկ են երկիրդ ներկայացնում, որ դու սկսում ես ամաչել, որ դեգեներատ չես, սկսում ես թերարժեքության բարդույթ ունենալ, որ գրքեր ես կարդացել, գրել՝ նույնիսկ: Ինչո՞ւ պետք է այս մեկը, մի պճլիկ՝ 10 ուժեղ, տաղանդավոր տղամարդու չափ փող ստանա: Ասպարեզ չի թողել այլևս ոչ մեկի համար: Աշխարհի հզոր պետությունները, թեկուզև քողարկված, ամենաուշադիրը քարոզչության գործիքներին են վերաբերվում, առաջին հերթին հեռուստատեսությանը:
Ի դեպ, մի տխուր երևույթ էլ սեփական հնարավորություններից մեծ թեմաների դիմելն է, կամ՝ ավելի լավ ձևակերպում ունեմ՝ թեմա փչացնելը: Այս առումով «Հին արքաներ» ֆիլմին կուզեի անդրադառնալ, որին մրցանակի էլ արժանացրին: Ես չեմ հավատում, որ «Սարոյան եղբայրների» կամ՝ «Աշնան արևի», թեկուզ քաղաքականապես շատ մերժելի՝ «Նվագախմբի տղաներից» /վերջինս շաբաթը մեկ ցույց են տալիս ու մարդիկ հաճույքով նայում են, որովհետև տաղանդավոր մարդիկ են նկարել ու խաղում, ես էլ շատ ուրախ եմ՝ իմ Լորենցին տեսնում եմ/ հետո այդօրինակ կեղծ, պաթետիկ և ահագին աղճատված ֆիլմ կարող էր նկարահանվել: Սիրտս մղկտում էր, որ թեման փչացրեցին, որովհետև եթե հավակնում ես Տիգրան Մեծի կամ Նժդեհի հետ կապված ֆիլմ նկարել, պիտի շատ տաղանդավոր անես, իսկ եթե չես անում, 20 տարով հետ ես գցում թեման: Վրացիներն իրենց ֆիլմերով ազնվական ազգի կերպար կերտեցին: Մենք ի՞նչ ենք անում…
Ո՞նց կարելի է նորմալ համարել, որ մի տարօրինակ արարած կարող է Մովսես Խորենացու մեդալ ստանալ: Եվ կամ՝ ոնց կարո՞ղ է Արմենչիկը վաստակավորի կոչում ստանալ: Ես դժբախտություն, թե երջանկություն եմ ունեցել տեսնելու, թե Կառլ Մոր և Իշխան Միշկին խաղացող իմ Լորենցը, որն իր խաղով հիացնում էր մոսկովյան հանդիսատեսին, որքան տարիներ անց ստացավ վաստակավոր արտիստի կոչում: Ու երբ հիմա նայում եմ, թե ովքեր և ինչ հեշտ են վաստակավորի կոչում ստանում, չգիտեմ՝ ինչ ասեմ: Այնքան ցավալի է: Այս հարցի հանդեպ շատ զգույշ և լուրջ վերաբերմունք եմ պահանջում: Բայց ուզում եմ նաև, որ պարգևատրվեն երիտասարդ տաղանդավորները:
-Մշակութային քաղաքականության համատեքստում է՞լ ինչ դիտարկումներ կանեք:
Ինձ համար, օրինակ, նշանակալի են անցած տասնամյակի ընթացքում մեր իրականության մեջ ավանդական դարձած դասական երաժշտության փառատոները, աշխարհահռչակ երաժիշտների հետ հայ հանդիսատեսի հանդիպումները:
-Սիրելի Անահիտ, կարող է շատացել են փայլուն երաժիշտների ու երգիչների համերգները Հայաստանում, փառատոնային շարժումն էլ արդեն ավանդական է դարձել, բայց դրանք մեկ-երկու մարդիկ են կազմակերպում, կոնկրետ Առաջին տիկնոջ այդ նախաձեռնություններով ես հիանում եմ, բայց իմ խոսքը սովորական, առօրյա մշակութային կյանքի մասին է: Այդ թվում նաև՝ մեկ բաժակ սուրճի շուրջ սրճարանային զրույցի մշակույթի, որը մենք կորցրեցինք, մինչդեռ ժամանակին բալթյան երկրներն էլ էին հիանում մեր այդ մշակույթով:
– Ձեզ հետ այնքան էլ համամիտ չեմ, քանի որ ձեր նշածն այսօր էլ կա, ընդ որում՝ այսօր ակումբային-կամերային երաժշտական և գրական հանդիպումներն են շատ տարածված: Նույնիսկ ինքնաբուխ՝ կոնկրետ փողոցներ են այս առումով հետաքրքիր ժամադրավայրերի վերածվել, Սարյան փողոցն, օրինակ, գինեգործության մշակույթի ներկայացմամբ՝ զանազան գրական-մշակութային հանդիպումների վայր է դարձել:
Կուզեի խոսենք նաև «Եվա» ֆիլմի մասին, որը վերջերս Թուրքիայում փառատոնի ժամանակ ուղղակի կասեցվել է պետական ատյանների կողմից: Որքան գիտեմ՝ «Օսկարի» ներկայացնելու հետ կապված էլ այս ֆիլմը խնդիր ունեցավ, հին սովետական ժամանակների հանգույն, Հայաստանից մեկը զանգ էր տվել…
-Գիտեք, այդ ֆիլմի ակունքներին մոտ եմ կանգնած՝ միջնորդ տեր պապայի դեր եմ խաղացել տիկին Ռիտա Սարգսյան-մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի մոտ: Օսկարի ներկայացնելն էլ գուցե խորհրդանշական էր, գիտեի, որ չի շահելու, բայց ինքնին մասնակցելը շատ լուրջ քայլ էր, մանավանդ, որ Հայաստան-Իրան համատեղ ֆիլմ էր ներկայացվում: Անահիտ Աբադը, այդ փոքրամարմին, տաղանդավոր մարդը շատ լավ էր հասկանում իր խնդիրը և հենց սկզբից համակրանք շահեց: Ի դեպ, նա է, որը Ջուղայի խաչքարերի ջարդը նկարեց՝ երկու տարի տնային կալանքի ենթարկվելով: Ինքը հաղթած է, էն, որ Թուրքիայում ֆիլմն արգելել են, Օսկարի նման մի բան թող համարի: Ես դա հաղթանակ եմ համարում՝ առանց ճղճղոցի, զուսպ, առանց կեղծ պաթետիզմի, շատ նուրբ ֆիլմ է: Իսկ 37 թվի գեները՝ հանձին մատնագրեր գրողների ժառանգների, ցավոք, չեն մեռել:
Ինչ վերաբերում է կրթության ոլորտին, ապա ֆունդամենտալ գիտելիք տվող մեր կրթահամակարգը կորցնելու համար ցավ եմ ապրում: Ի դեպ, զգացե՞լ եք, թե որքան ծանր են այսօրվա երեխաների պայուսակները: Թոռնիկիս կեստոննայանոց պայուսակին եմ նայում ու հիշում եմ իմ լղրճուկ պայուսակը, որով գնում էի դպրոց: Մտածում եմ՝ սովետմիությունում մեր փոքրիկ պայուսակները, հնամաշ գրքերը ոնց որ չէին խանգարում ավելի մեծ գիտելիք ձեռք բերելուն: Թեստերով սովորող երեխեքը մեղք են: Կրթության հոգին հանել են, հեքիաթ չկա, մայրենի են սովորում՝ հոգի չկա: Հրաշալի շարադրություններ է գրում թոռս, ես էլ, անշուշտ, գրելիս օգտակար լինում եմ: Հետո հարցնում եմ՝ հաջորդ օրը՝ քեզ ուսուցիչը չգովե՞ց, պարզվում է՝ բանի տեղ էլ չեն դրել:
-Նախկինում երևութականացումները շատ էին, սկսած՝ դպրոցից: Իսկ հիմա անտարբերությունն է շատացել: Զանազան կասկածելի կազմակերպություններ՝ տարօրինակ անուններով, ասենք՝ ինչ-որ Չումբո, հեշտուհանգիստ կարող են մտնել դպրոց՝ բարեգործի դիմակ հագած, իրենց մուտքով իսկ արդեն վտանգ հանդիսանալով կրթության ոլորտի, երեխաների համար:
-Մեր երիտասարդության մի զգալի հատված անտեղյակ է հայ գրողներից ու բանաստեղծներից, Թումանյանին ու Սևակին խառնում են: Տարրական գրագիտություն չունեն, պարզ չի՞, թե նրանց դաստիարակած զավակները վաղն ինչ մակարդակ են ունենալու: Մենք խոսում ենք բանակից, քառօրյա պատերազմի հերոսներից՝ ովքեր վերևում են, Աստծո կողքին նստած, և՛ ապրողներից, որոնք մեր աչքի լույսը պիտի լինեն: Ցավոք, չեմ տեսնում այդ երեխաների մեջ որևէ պաշտոնյայի զավակ, ինչն ինձ շատ դառնացնում է: Ժողովուրդն ասում է՝ մեղր կանչելով, լեզուդ չի քաղցրանում: Իսկական հոգևոր դաստիարակությունը այնքան կարևոր է: Հիշում եմ՝ բանակի ձևավորման շրջանն էր, լուսահոգի Վազգենի հետ խոսում էինք, ասաց՝ Ալ, չես պատկերացնի, ինչ մակարդակ կա, գյուղերից կիսագրագետ, անինտելեկտ սերունդ է գալիս, ասաց՝ կղզյակներ պիտի լինեն, այ, Նարեկի նման իրենց շուրջը իրենց ընտանեկան դաստիարակությամբ հավաքեն…:
-Հիմա էլ է այդպես, ռաբիսությունն է ահավոր շատացել, ամպագոռգոռ, կեղծ հայրենասիրական մոտիվը քանի գնում՝ իշխող է դառնում:
-Վարդան Բախշյանի, Պետոյի, Թաթուլ Կրպեյանի տեսակը, Դեդի՝ Սիմոն Աչիկգյոզյանի, Ալեքսանդր Թամանյանի՝ Շուրիկի տեսակն արդեն իսկ իր շուրջը բան էր ստեղծում: Այսինքն, նույն վիճակն է՝ նորից հասկանում ենք, որ ուղղորդողը փոքրամասնությունն է: Եղել է այդպես, և է:
Սոցցանցերում նայում եմ, թե նոր նախարարի հանդեպ ինչպիսի չարության դրսևորումներ են լինում: Ինչո՞ւ: Երիտասարդ, ներկայանալի, քաղաքական դպրոց անցած պաշտպանության նախարարը թողեք թող գործի, այնքան գեղեցիկ է իր քնքշանքը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմա-մարզական վարժարանի նկատմամբ: Նա ունի նույն մտահոգությունները, ինչ և մենք:
Այս ամենը՝ վիճվելը՝ վիճել ու բանավիճել դարձնելը, Մովսես Խորենացուն պաշտպանելը, վերևում ասված բոլոր պահանջներս նորընտիր վարչապետի առաջ եմ դնում: Իրենից լավ ոչ ոք այս երկրի թերությունները, բացերը, պակասները չգիտի:
Ասում են՝ երբ ժողովրդի մեջ հացի խնդիր ունեցող կրիտիկական մասսա է ձևավորվում, արդեն բարձր մշակույթի, կրթության մասին խոսելն անիմաստ է դառնում: Բայց մենք պիտի խոսենք: Որ երկրում այնքան են խեղված որոշ բաներ, որ ժողովուրդը տաք ձմեռվա տաքությամբ նույնիսկ չի ապրում, որ շարունակաբար երջանիկ չի, որ այսօր էլ աշխարհի երկրների համար կազմված երջանկության ցուցակներում մենք վերջից մի քիչ ենք առաջ, որ երջանիկ ժողովուրդների մեջ Դանիան և Ֆինլանդիան միշտ առջևում են, իսկ մենք՝ վերջերում… Մենք երջանիկ լինել չենք կարողանում: Մինչդեռ՝ պիտի կարողանաս երջանիկ լինել: Դա տաղանդ է:
-Ձեր այս դիտարկումներն ու պահանջները ներսի մարդու մտահոգություններ են, իսկ մշակույթի մարդու Ձեր հայացքով՝ ինչպե՞ս է մեզ այսօր ընկալում դուրսը, աշխարհը…
-Այս աշխարհի հզորները խոշորացույցի տակ փոքր երկրների գոյատևման էներգիայի պոտենցիալն են ուսումնասիրում, փիքր անելով, թե այս փոքր երկրները որքան կենսունակություն ունեն, արժե՞ թողնեն, որ գոյատևեն: Մեր մասին մտածում են՝ ո՞նց եղավ, որ երկրաշարժ տարավ, ցուրտ ու մութ տարիներ, շրջափակում, բան, երկրի 1/3-ը ավերվել էր, բայց այսքանով հանդերձ՝ դեռ պատերազմում էլ հաղթեց ու ամենաբարձր պրոֆեսիոնալ բանակն ստեղծեց: Ի դեպ, հարգում են մեզ ոչ միայն դրա համար:
Վասն ինչի՞ են մեր զինվորիկները սահմանը պահպանում. սահմանը մենակ հողը չի, սահմանը նաև հոգևոր Հայրենիքն է: Համաշխարհայնացման այս շրջանում շատ կարևոր է մշակույթով պաշտպանել ազգային դիմագիծը: Առանց այս հոգևոր բանակի, մենք չենք կարող մեծ հաղթանակ ակնկալել:
Հաղթանակներ գրանցած բանակ ունենք, որովհետև բարձր մշակույթ ունենք, երկրագնդի հնամենի դասական ժողովուրդներից մեկն ենք, քրիստոնյա աշխարհի առաջին պետականորեն քրիստոնեություն ընդունած ժողովուրդը:
Անգլիայում ապրող և գործող աշխարհագրագետ և քարտեզագիր Ռուբեն Գալիչյանի քարտեզների ցուցահանդեսն էր բացվել վերջերս էստոնիայում, ուր ցուցադրվում էին նրա հավաքած հնամենի քարտեզները: Աշխարհի ամենահին քարտեզները փաստում են, որ Հայաստանը, Հռոմը, Պարսկաստանը եղել են ու կան, բայց ո՞ւր են մեր մյուս հարևանները:
Իրանի նման գերհզոր երկիրը շատ լավ գիտի, որ իր պատմության հզոր շրջանները հայկական հզոր շրջաններին են առնչվում, արյան ընդհանուր գենետիկ ընդհանրություններ կան և այլն: Բայց Չինաստա՞նն ինչու է ուշադիր, խիստ քնքուշ. Հուսամ՝ այդ Մետաքսի ճանապարհը Հայաստանով է անցնելու:
Ես այն կարծիքին եմ, որ միշտ էլ փոքրամասնությունն է որոշիչը, բայց փոքրամասնությունը խելացի է, երբ ինտելեկտ ունենալով հանդերձ՝ կարողանում է իր ինտելեկտը վերագրել մեծամասնությանը: Երբ ասում են տաղանդավոր հայ ժողովուրդ, բնականաբար, նկատի ունեն մի Գրիգոր Նարեկացի, մի Կոմիտաս, մի Արամ Խաչատրյան, մի Մարտիրոս Սարյան:
Ցավոք, փոքրի ու մեծի՝ միկրոմեգասի միասնությունն այսօր խզվել է:
Ցանկանում եմ, որ պրն Սերժ Սարգսյանը, իր բազմահոգս աշխատանքի ընթացքում, այս հարցերին էլ ուշադրություն դարձնի: Թերի պատմություն չի գրվում, պատմությունը պիտի ամբողջական լինի:
Անահիտ ԵՍԱՅԱՆ
«Առավոտ»
04.04.2018
Իսկ ով է մեր երկրում պարգևատրում մի բառ այդ մասին ասել եք պարգևատրողին; Ձեզ հավատալ չի լինի Ձեր մեջ անձնականնէ խոսում