ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻ կարծիքով՝ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «պաշտոնապես» ընդունեց «Ելք» դաշինքում գոյություն ունեցող խորքային տարաձայնությունները՝ «Արագ պարտության եւ երկարատեւ, բայց անխուսափելի հաղթանակի երկընտրանքը» խորագիրը կրող հոդվածում հիմնավորելով իր դիրքորոշումը՝ առ այն, որ Սերժ Սարգսյանի «վարչապետացման» դեմ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած փողոցային արշավը հեռանկար չունի։
– Թեպետ հրապարակման մեջ ուղղակի անդրադարձ չկա Փաշինյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մյուս գործընկերների վարքագծին, ակնհայտ է, որ դաշինքով խորհրդարան եկած այս փոքր խմբակցությունը կազմաքանդման նշաններ է ցույց տալիս։
Ցավով եմ սա ասում, որովհետեւ համոզված էի, որ դաշինքի անդամ կուսակցությունները, այնուամենայնիվ, կգան ընդհանուր հայտարարի եւ այսքան շուտ՝ ընտրություններից մեկ տարի անց, գոնե գլոբալ հարցերում ընդգծված հակասություններ չեն ունենա։ Մտավախություն ունեմ, որ ընդդիմությունը, ի տարբերություն իշխանության, հատկապես խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը, դժվարությամբ են ինտեգրվում նոր սահմանադրությամբ ամրագրված խաղի կանոններին։
Եվ սա՝ այն դեպքում, երբ կառավարման համակարգը, որ որդեգրել ենք, շատ ավելի մեծ լիազորություններ է վերապահում խորհրդարանական ընդդիմությանը, եւ այդ լիազորությունների շրջանակներում գործելով, աշխատելով, պայքարելով՝ կարելի է շատ ավելի լուրջ արդյունքներ արձանագրել, քան նախորդ սահմանադրության պայմաններում։
– «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը, որպես «արագ պարտության»՝ իշխանության դեմ փողոցային պայքարի այլընտրանք, առաջարկում է ավելացնել ընդդիմությանը վերապահված վերահսկողական լծակները։ Օրինակ, ԱԺ մշտական հանձնաժողովներից երկուսի նախագահի եւ հանրային խորհրդի ղեկավարի պաշտոնը զիջել ընդդիմությանը, հնարավորություն տալ, որ ընդդիմությունը նշանակի Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի, ԿԸՀ-ի եւ կառավարման համակարգում առանցքային դերակատարություն ունեցող այլ կառույցների անդամներից մի քանիսին։ Ի՞նչ կասեք այդ մասին։
– Այդ պայմանները բոլորովին անընդունելի են մեզ համար, որովհետեւ սահմանադրությունը հստակ ամրագրել է՝ ով ինչ իրավունքներ ունի, ինչ լիազորություններ եւ ինչ պարտականություններ։ Չի՛ կարող այնպես լինել, որ իշխող կուսակցությունը, հավաքելով այդքան ձայն եւ ձեւավորելով կառավարություն, հետագայում իր դիրքերը զիջի կամ կառավարման որոշ լծակներ հանձնի ընդդիմությանը։
Ամեն ինչ ունի իր տրամաբանությունը, եւ ընդդիմությունը պետք է գործի այդ տրամաբանության շրջանակներում, ոչ թե պահանջի ավելին, քան սահմանադրությամբ իրեն վերապահված է։ Մենք այսօր խնդիր չունենք փոխելու սահմանադրությունը, որովհետեւ այն լիազորությունները, որ տրված են ընդդիմությանը գործող սահմանադրությամբ, առանց այն էլ բավականաչափ լայն են։
Կարծում եմ, այս հակասությունները չէին լինի, եթե երեք կուսակցությունները դաշինք կազմելիս համաձայնեցնեին իրենց մոտեցումները գլոբալ հարցերի վերաբերյալ։
Ինչ վերաբերում է փողոցային պայքարին, բովանդակային առումով պրն Մարուքյանը լուրջ փաստարկներ է բերել, թե ինչու իրենք չեն գնում փողոց, եւ, այո, դա հնացած, իր դարն ապրած գործիքակազմ է։ Որեւէ մեկը չի վիճարկում միտինգների, ցույցերի ազատությունը, բայց երբ քաղաքական ուժը ներկայացված է խորհրդարանում, ունի ժողովրդի մանդատը, որի շրջանակում կարող է ծավալել իր գործունեությունը, նման գործելաոճը ինչ-որ տեղ դառնում է ինքնանպատակ։ Էլի եմ ասում՝ շատ դրույթների հետ համաձայն չլինելով հանդերձ, Է.Մարուքյանի, ընդհանրապես այդ թեւի մոտեցումները շատ ավելի ռացիոնալ, ավելի կառուցողական եւ ավելի տրամաբանական եմ համարում։
Ամենակարեւորը՝ այսքան աղմուկ-աղաղակից հետո մի քանի տասնյակ մարդ՝ առավելագույնը 100 հոգի է դուրս գալիս փողոց, եւ դա ամենեւին չի վկայում, որ փողոցային պայքարի կողմնակիցները հետեւորդների մեծ զանգված ունեն։ Իսկ դա նշանակում է, որ դրա պահանջարկն այնքան մեծ չէ, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել։
Հանրապետականի հետեւորդների բանակը շատ ավելի մեծ է, բայց նրանք փողոցներում չեն։ Ընդհանրապես երբ մարդը իշխանության, կառավարության որդեգրած քաղաքական ուղեգծի հետ համամիտ է, առանձնապես չի խոսում այդ մասին։ Չնայած՝ ինքս գյուղերում հանդիպել եմ շատուշատ մարդկանց, որոնք այնուամենայնիվ անվտանգության, կայունության կողմնակից են եւ փողոցային «զորավարժերին» այնքան էլ դրական չեն վերաբեր
Լիլիթ Պողոսյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում