Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերի վրա թռնելով, տանիքների վրայով քայլելով, ծառերի վրա բարձրանալով` հենց այդ նույնն էին իրենք երազում»

Ապրիլ 04,2018 10:26

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը`
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին

– «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը երեկ «Առավոտում» տպագրած իր հոդվածում հայտարարել է, որ իրենք չեն հավատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրենց գործընկերների կողմից շրջանառության մեջ դրված այն թեզին, որ ժողովուրդը կարող է թույլ չտալ, որպեսզի Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, եւ այդ պատճառով իրենք չեն մասնակցում «Քաղաքացիական պայմանագրի» գործողություններին: Ի՞նչ է սա նշանակում՝ ըստ Ձեզ:

– Ես կարծում եմ, որ իրենք միմյանց պետք է հավատան, քանի որ շատ վաղուց նույն ճանապարհով գնացել են իրար հետ: Պատերի վրա թռնելով, տանիքների վրայով քայլելով, ծառերի վրա բարձրանալով` հենց այդ նույնն էին իրենք երազում: Եվ ժողովրդի ձայնին հավակնելով` իրենք պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ժողովուրդն էլ իրենց հավատա: Ես կարծում եմ, որ իրենք միասնական պետք է պայքարեն եւ անեն ամեն բան, որպեսզի ժողովուրդն իրենց հավատա եւ վստահի:

– Կարծում եք՝ «Ելք» դաշինքը փլուզվո՞ւմ է:

– Չեմ կարծում, որ դաշինքը փլուզվում է: Բաց «Ելք» դաշինքի որոշ անդամներ, եթե իրենց շատ լավ իրավաբանի տեղ էին դնում եւ մեզ հավատացնում, որ լավ իրավաբան են, կարծում եմ՝ քաղաքականության մեջ դեռեւս սովորելու շատ բան ունեն:

– Հետաքրքիր է, բայց այս օրերին իրենց հարցազրույցներում ՀՀԿ-ականները խոսում են այն մասին, որ «Ելք» դաշինքը պետք է միասնական մնա: Մի փոքր անհասկանալի է. իշխող ուժին կարծես պետք է ձեռնտու լինի ոչ միասնական, թույլ ընդդիմությունը:

– Ես կարծում եմ, որ ընդդիմությունը նախ պետք է ժողովրդին ապացուցի, որ ինքն ընդդիմություն է, եւ իր գործողություններով հասնի նրան, որ ժողովուրդը հավատա իրեն: Ժողովուրդը հենց հավատաց` իրենք ամեն ինչի կհասնեն: Իսկ այսօր ինչ որ ցանկանում են անել` կիսատ-պռատ փորձերով, իրար չվստահելով, ճիշտ չէ: Համենայնդեպս, վերջնական արդյունքում դա ճիշտ քայլերի չի տանում:

– Էդմոն Մարուքյանն իր հոդվածում նշել էր, որ իշխանությունը պետք է ընդդիմությանը զիջի Ազգային ժողովի երկու մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները, ՍԴ ապագա անդամ նշանակելու քաղաքական իրավունքը, ԲԴԽ 5 անդամներից 2-ին նշանակելու քաղաքական իրավունքը եւ այլն: Սրան ինչպե՞ս եք վերաբերվում:

– Հումորով: Դա փաստում է ոչ կոռեկտ պահվածքի մասին: Նման դեպքերի համար մի հետաքրքիր խոսք կա. «Ծիտն էլ երազում կորեկի պահեստի պահեստապետ է իրեն կարծում»: Այդ ամեն ինչին պետք է հասնեն եւ հասնեն ժողովրդի վստահությամբ: Ամեն ինչ պետք է անեին, որ իրենք դառնային իշխանություն: Իշխանություն դառնալուց հետո այդ ամենն իրենք կստանային: Իսկ իշխանությունը ցանկացած քաղաքական ուժի տալիս է միայն ժողովուրդը:

– Այսինքն` ընդդիմադիրներն իշխանական կարկանդակից ընդամենն իրենց բաժի՞նն են ուզում:

– Չեմ կարծում, որ իրենց բաժինն են ուզում. ցանկանում են ամբողջը` մոռանալով, որ ամբողջը տրվել է քաղաքական մեկ այլ ուժի եւ նույն ժողովրդի կողմից:

– «Ելք»-ի անդամները քանիցս են հայտարարել` ՀՀԿ-ն գնել է ադ ձայները տասը հազար դրամներով:

– Ընտրակաշառքներով ձայներ չեն գնվել: Միջազգային բոլոր կառույցները միաձայն ապացուցեցին հենց նույն ընդդիմությանը, որ ընտրություններն անցել են միջազգային բոլոր նորմերին համապատասխան:

– Միջազգայիններին փորձում ենք խաբել, ինքներս մեզ է՞լ խաբենք. մարդկանց հետ տարբեր շփումներից շատ բան է հայտնի:

– Ես չեմ կարծում, որ որեւէ մեկն այստեղ խաբեությամբ է զբաղվում: Ժողովուրդը իր ձայնը տվել է այն քաղաքական ուժին, որին վստահում է: Որ ուժին, որ չի վստահում, պետք է հասնեն այդ վստահությանը: Այսօր պահանջներ դնելով՝ չեմ կարծում, որ որեւէ քաղաքական ուժ կարող է իր համար ճանապարհ հարթել:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

04.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Aram says:

    Ավելի ազնիվ է պատերի վրա թռնելով, տանիքների վրայով քայլելով, ծառերի վրա բարձրանալով ձայներ ապահովել, քան թե այդ ձայները հավաքել ձեր պատճառով թշվառ վիճակի մեջ հայտնված մարդկանց կաշառք տալով, որը ի դեպ քրեորեն պատժելի է հանցանք է:

  2. manvel says:

    Եթե Ընդդիմության որևէ հսկողական լծակ չի տրվում/.օրինակ գոնե դատախազ նշանակելը/ ով ել գա իշխանության նույնն է լինելու՝ անվերահսկելի հանցավոր իշխանություն. մի անեկդոդ հիշեցի մեկը երկու մոզի է ունենում որոնց կապում է հանդում արածելու, մեկը բացվում է և փախչում տերը գալիս կապածին սկսում է ծեծել հարևանը հարցնում է ինչու ես ծեծում պատասխանում է սա որ բացվեր նրանրց ավելի հեռու էր փախչելու:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30