Լրահոս
Օրվա լրահոսը

Անգործությու՞ն, թե՞ հաշվեհարդար. անգիտակից հաշմանդամին վիզա են տրամադրում, իսկ խնամողին մերժում

Ապրիլ 03,2018 23:33

Ես՝ ՀՀ քաղաքացի Գայատրի Դևի Դասի Մարտիրոսյանս (անունս ձևափոխվել է հոգևոր ուսուցչիս կողմից մկրտության ժամանակ), 2017թ դեկտեմբերին դիմել եմ Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանություն իմ և որդուս՝ Հնդկաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր ստանալու համար: 2017թ .դեկտեմբերի 29-ին որդուս՝ Ժակ Շաաոյին մուտքի արտոնագիր տրամադրվել է, իսկ ինձ՝ ոչ: ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանության այդ գործողությունը տարօրինակ է, իմաստազուրկ, ոչ իրավաչափ, խախտում է իմ իրավունքները և վտանգում որդուս կյանքը:

2017թ. օգոստոսի 24-ին իմ որդին՝ Ժակ Շաաոն Երևանում ավտովթարի է ենթարկվել՝ կոտրվել է գանգոսկրը: Այդ իմանալով, ես Հնդկաստանի Հանրապետությունից, որտեղ բնակվում էի վերջին մոտ 7 տարիներին, շտապ վերադարձել եմ Երևան: Որդիս՝ Ժակ Շաաոն, «Աստղիկ» ԲԿ-ում մի քանի բարդ վիրահատություններից հետո ներկայումս գտնվում է անգիտակից վիճակում, չի շարժվում, չի խոսում։ Բժիշկները խորհուրդ են տվել տեղափոխել մասնագիտական վերականգնողական կենտրոն:

Հնդկաստանի Հանրապետությունում ապրող ծանոթներիս միջոցով գտա նման կենտրոն Հնդկաստանի Հանրապետության Հայդարաբադ քաղաքում: Այդ կենտրոնի մասին տեղեկությունները, ինչպես նաև որդուս առողջական վիճակի մասին վկայող անհրաժեշտ և պահանջված փաստաթղթերը ներկայացրեցի Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո որդուս՝ Ժակ Շաաոյին մուտքի արտոնագիր տրամադրեցին, իսկ ինձ մերժեցին: Այսպիսով, ստացվում է, որ Հնդկաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր ստացած Ժակ Շաաոն ֆիզիկապես ի վիճակի չէ օգտվել արտոնագրից, քանզի անգիտակից վիճակում է: Իսկ ես, որ պետք է խնամեմ և ուղեկցեմ նրան, մուտքի արտոնագիր չեմ ստացել: Սա առնվազն՝ զավեշտալի է, եթե ոչ անմարդկային:

Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանության կողմից ինձ՝ Գայատրի Դևի Դասի Մարտիրոսյանիս, մուտքի արտոնագրի տրամադրման մերժումը տարօրինակ լինելուց բացի, իրավաչափ չէ: Նշեմ, որ Հնդկաստանի Հանրապետությունում առաջին անգամ եղել եմ 2010թ. հոկտեմբերին: 2014-ին վերադարձել եմ Հայաստան և, օրենքով սահմանված կարգով, փոխել եմ անունս՝ Գայատրի Դևի Դասի: Դրանից հետո Հնդկաստանի Հանրապետության 5 տարվա ուսանողական մուտքի արտոնագիր եմ ստացել ՌԴ-ում Հնդկաստանի դեսպանության կողմից և կրկին՝ մշակութային հետաքրքրությունից դրդված, մեկնել Հնդկաստանի Հանրապետություն: 2014-ից բնակվում եմ Հնդկաստանում, չեմ կատարել որևէ զանցանք, իմ նկատմամբ չի կիրառվել որևէ իրավական ներգործություն: Իսկ Հայաստան եմ եկել 2017թ. օգոստոսին որդուս՝ Ժակ Շաաոյի ավտովթարի ենթարկվելու և առողջության վատթարացման հետևանքով:

2017թ. դեկտեմբերին մերժում ստանալու ժամանակ իմ հարցին՝ թե ինչն է պատճառը, դեսպանատան աշխատակիցները ասացին. «գրիր նախարարին»: Եվ ես դիմում գրեցի Հնդկաստանի Արտաքին գործերի նախարարին, պատճենն էլ տրամադրեցի ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին:

Հետագայում «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (նախագահ՝ Կարեն Հեքիմյան) իմ դիմումի հիման վրա դիմեց ՀՀ Արտաքին գործերի նախարարին, միջնորդելով պաշտպանել իմ և որդուս իրավունքները: ՀՀ ԱԳՆ պաշտոնյան բանավոր պատասխանել էր, որ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատունը ինձ մերժելու հիմքեր ունի (ի պատասխան ևս մեկ անգամ նշեմ, որ Հնդկաստանում ոչ մի օրենք չեմ խախտել), բայց, այնուամենայնիվ, կարող է ինձ արտոնագիր տրամադրել, պարզապես սպասում է Հնդկաստանի Արտաքին գործերի նախարարի՝ տիկին Սուշմա Սվարաջի հանձնարարությանը, քանի որ ես, իբրև թե, առաջ եմ անցել և դիմել նախարարին։ Իմ գնահատմամբ՝ սա դիրքի չարաշահում է, քանի որ Հնդկաստանի ԱԳ նախարարին դիմել եմ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության հորդորով:

Փորձեցի խնդիրը լուծել ամուսնուս օգնությամբ: Խնդրեցի ամուսնուս, որը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի է գալ Հայաստան և օգնել ինձ որդուս խնամքի, Հնդկաստան տեղափոխվելու և որդուս առողջությունը այնտեղ վերականգնելու հարցում: Ամուսինս ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանություն ներկայացրեց մեր ամուսնության վկայականը՝ ապոստիլով վավերացված: Սակայն մեր ամուսնացած լինելը նույնպես չփոխեց ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան դիրքորոշումը, և ամուսինս ստացավ կարճ պատասխան. «Ոչ, դա հնարավոր չէ»:

Ելնելով փաստերի համադրումից կարող եմ ենթադրել, որ Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը բացահայտ, անհասկանալի հաշվեհարդար է իրականացնում իմ՝ ՀՀ քաղաքացի Գայատրի Դևի Դասի Մարտիրոսյանիս և որդուս՝ ՀՀ քաղաքացի Ժակ Շաաոյի հանդեպ, արհամարհելով ՀՀ իշխանություններին, մեր իրավունքները և միջազգային փաստաթղթերը: Իսկ ՀՀ ԱԳՆ-ն փաստացի անգործության է մատնված, որովհետև չի պաշտպանում իր քաղաքացիների, մասնավորապես՝ իմ և որդուս, կենսական շահերն ու իրավունքները, որոնք ամրագրված են ՀՀ սահմանադրությամբ և միջազգային օրենքներով (ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված. «Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 11.3 հոդված. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո»: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13-րդ հոդված. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատորեն տեղից տեղ փոխադրվելու և բնակավայր ընտրելու ամեն մի պետության սահմաններում: Եվ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լքելու ցանկացած երկիր, ներառյալ նաև սեփականը, և վերադառնալու իր երկիրը»):

Պարզ է, որ Հայաստանում Հնդկաստանի դեսպանության անհասկանալի, անտրամաբանական, ոչ իրավաչափ և ռիսկային գործողությունների արդյունքում խախտվել են ՀՀ քաղաքացիների իրավունքները և վտանգված է ՀՀ քաղաքացու Ժակ Շաաոի կյանքը: Սակայն լիահույս եմ, որ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը գործուն քայլեր կձեռնարկի Հայաստանում Հնդկաստանի դեսպանության անհամաչափ գործողության արդյունքում որդուս՝ Ժակ Շաաոյի վտանգված կյանքի փրկության ուղղությամբ:

Գայատրի Դևի Դասի Մարտիրոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30