Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր սկսվեց անցած տարի Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող «Արգո» վաճառատան դիմաց 102-րդ ռազմաբազայի 21-ամյա պայմանագրային զինծառայող Յալպաև Դմիտրիի սպանության մեջ մեղադրվող Արման Ջանջուղազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը։
Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած երիտասարդը, քննությամբ դեռևս չպարզված անձանց օժանդակությամբ, 2017թ. ապրիլի 22-ին, ժ.17:30-ի սահմաններում, կրոնական մոլեռանդության շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գյումրի քաղաքի Դուդկոյի փողոցի 4 հասցեում տեղակայված «Արգո» վաճառատան մոտակայքում, ապօրինի կերպով կրելով քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակը՝ դրանով մի քանի անգամ հարվածել է Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևին` սպանելով վերջինիս»:
Այսօր դատը սկսվելուն պես, ամբաստանյալը ցանկացավ, որ նիստն անցկացվի առանց լրագրողների մասնակցության՝ դռնփակ։ Նրա շահերը ներկայացնող փաստաբան Գուրգեն Հարությունյանն էլ նշեց, թե նախորդ դատական նիստին լրագրողները լուսանկարել ու համացանց են գցել ամբաստանյալի նկարները։ Դատավորը, սակայն, հակադարձեց՝ նշելով, որ դատական նիստի ընթացքում նկարահանում չի եղել, գուցե նիստից առաջ են նկարել։ Դատավորը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ դատարանը, քննելով միջնորդությունը, որոշել է՝ ամբաստանյալին տեսանկարահանելն ու լուսանկարելն արգելել։ Նրա շահերը պաշտպանող Գուրգեն Հարությունյանը դռնփակ դատական նիստ անցկացնելու անհրաժեշտությունը պատճառաբանեց իր վստահորդի անվտանգության նկատառումներով։ Նա ասաց, որ վերջինս հարազատներ ունի արտերկրում և խնդիրներ են առաջ եկել։ «Հարգելի դատարան, վերջը վկաներ են հարցաքննվելու այս դեպքի հետ կապված, ո՞նց եք կարծում, մարդիկ են, վերջը մանրամասնություններ կան, եթե հրապարակային լինի, ելնեն դրսում խոսեն, ի՞նչ գիտեք՝ որտեղից ինչ դուրս կգա, ինչ պատմություն է դառնում»,- ասաց փաստաբանը։
Դատախազ Ա․ Չախոյանը դեմ էր, որ նիստն անցկացվի դռնփակ, նա նշեց, որ ողջ դատականի նիստի փակ լինելը վնաս է արդարադատությանը: Այդուհանդերձ, դատարանը որոշեց նիստն անցկացնել դռնփակ։
Սակայն մինչ այդ, ամբաստանյալն իր պահվածքով ապշեցրեց դատավորին։ Վերջինս նախ անակնկալի բերեց դատավորին՝ հայտարարելով․ «Չեմ ուզում մասնակցեմ նիստին»։
Դատախազն առարկեց, թե նման իրավունք չունի, սակայն քիչ անց վերջինս դարձյալ հայտարարեց, որ չի ուզում շարունակել, ուզում է գնալ։ Երբ դատավորն ասաց․ «Դատարանը ձեզ թույլ չի տալիս, նստեք», ամբաստանյալը հակադարձեց՝ չեմ նստելու։ Դատավորը մեկ անգամ ևս համբերատար բացատրեց, որ ամբաստանյալի ներկայությունը նիստին պարտադիր է, սակայն ամբաստանյալն անդրդվելի էր, նորից հայտարարեց․ «Ուզում եմ գնամ»։
«Ջանջուղազյան, ձեր ուզելով չէ, այստեղ դատական նիստ է»,- ասաց դատավորը, սակայն Ջանջուղազյանը շարունակում էր պնդել, թե ինքն ուզում է գնալ։ Դատավորը նորից բացատրեց, որ առանց նրա ներկայության հնարավոր չէ նիստը շարունակել և որ պետք է ենթարկվել դատարանին, այս անգամ ամբաստանյալն ասաց․ «Չեմ ենթարկվելու»։
https://www.youtube.com/watch?v=KLU_uHqQbRs&feature=youtu.be
Դատավորը նրա պաշտպանին խնդրեց մեկնաբանել իր վստահորդի դիրքորոշումը։ Փաստաբանն ասաց, որ վերջինս մտավախություն ունի, որ իրեն վնաս կպատճառեն՝ դատը հրապարակային դարձնելով։ Դրանից հետո ևս նա չենթարկվեց դատարանին։ Դատավորի հրահանգին՝ «Ջանջուղազյան նստեք», վերջինս ասաց․ «Ես չեմ ուզում ենթարկվեմ, չեմ ուզում մասնակցեմ»։ Դատավորը հայտարարեց, որ կիրառում է դատական սանկցիա նրա նկատմամբ՝ նկատողության ձևով։
«Ջանջուղազյան, դատարանի հետ բանավիճելու իրավունք չունեք, դուք կարող եք առարկել դատարանի գործողությունների դեմ, եթե հնարավորությունը տան, կարող եք բողոքարկել դատարանի գործողությունները, համաձայն չլինել, բայց այս պահի դրությամբ դատարանը ձեզ կարգադրում է նստել, որպեսզի դատական նիստի բնականոն ընթացքը չխոչընդոտվի, դատական նիստը շարունակվի բնականոն հունով»,- ասաց դատավորը։
«Ի՞նչ անեմ», -պատասխանեց ամբաստանյալը։ Դատավորին օգնության հասավ դատախազը, որն առաջակեց ընդմիջում հայտարարել։
Ընդմիջումից հետո որոշվեց նիստն անցկացնել դռնփակ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
սա ել երեւի «Մսրա Մելիքն» է…