Այսօր «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձավ իր ծրագրին, թե ի վերջո ինչպես է լինելու Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3-րդ ժամկետի ձախողումը:
Ըստ Փաշինյանի, ժողովուրդը հավաքվում է Ազատության հրապարակում, հիմնական խնդիրը վարչապետի ընտրությունը ՀՀԿ-ի սցենարով թույլ չտալն է. «Որից հետո 2-րդ փուլն է ընտրությունների, այդ թվում խորհրդարանական մեծամասնությունն ընտրության առաջ է՝ կամ ընտրել որեւէ վարչապետ, կամ՝ օրենքի ուժով խորհրդարանական արտահերթ ընտրություն: Այս փուլում, եթե ժողովուրդը ունենա որեւէ թեկնածու, կարող է գործող ԱԺ-ին առաջարկի, որ նրան ընտրեն՝ պայմանով, որ արտահերթ ընտրությունը տեղի կունենա ոչ թե այս պահին, այլ ինչ-որ մի ժամանակ հետո՝ քաղաքական պրոցեսները տրամաբանական հունի մեջ դնելու համար: Բայց չեմ բացառում, որ ժողովրդի տրամադրությունը հենց հիմա խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելն է»:
Ապա Փաշինյանը արձագանքեց «Լուսավոր Հայաստանի» նախագահ եւ «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանին, որն այսօր մեկնաբանել է, թե ինչո՞ւ չի միանում Փաշինյանի նախաձեռնությանը, ասաց. «Հիշեցնեմ՝ մեր դաշինքի գործընկերները տեսակետ են հայտնել, որ եթե Ազատության հրապարակում քաղաքական պրոցեսներն ընթանան այնպես, ինչպես մենք ակնկալում ենք՝ հավաքել տասնյակ հազարավոր մարդիկ, ապա իրենք կաջակցեն: Հույս ունեմ Մարուքյանի այդ հոդվածը հրաժարում չէ այդ տեսակետից եւ դիրքորոշումից»:
Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր անդրադարձել է Մարուքյանի մի քանի մեկնաբանություններին՝ ՔՊ-ին չմիանալու եւ այս փուլում նման պայքարին դեմ լինելու առնչությամբ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ