Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Մարուքյանին. «Այն ճանապարհը, որը գծագրված էր պարոն Մարուքյանի հոդվածում, նույնպես տրորված է մի քանի անգամ»

Ապրիլ 03,2018 17:41

«Քաղաքացիական պայմանագրի» քայլարշավի 4-րդն օրն է այսօր: ՔՊ-ի անդամներն այսօր Սպիտակ քաղաքից դուրս են եկել եւ մինչ Վանաձոր հասնելը Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Լուսանկարը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» նախագահ եւ «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանի՝ այսօրվա մեկնաբանությանը՝ թե ինչու չի միանում ՔՊ-ի նախաձեռնությանը, մասնավորապես՝ «Այս փուլում պարտված խաղի պայմաններում ձեռք ենք բերելու հուսահատության եզրին հասցված քաղաքացիների, որոնց չափազանց դժվար է լինելու բացատրել, թե ինչու հերթական անգամ չստացվեց խոստացված հեղափոխությունը», Փաշինյանն ասաց. «Եթե այդպես է, մենք արդեն ուշացել ենք, որովհետեւ «ո՛չ թանկացումներին» շարժումը, որը նախաձեռնել էր «Ելք» դաշինքը, էլի փողոցային պայքարի տրամաբանություն էր, եւ ըստ էության, մեզ չհաջողվեց թանկացումները կասեցնել, օրենսդրական փոփոխություններ անել: Եթե այդպես է, ուրեմն՝ մենք պետք է նախ բացատրություն տանք, թե՝ ինչո՞ւ էինք նախաձեռնել «ո՛չ թանկացման» գործընթացը, որովհետեւ նախաձեռնողներից մեկը Մարուքյանն է եղել»:

Մարուքյանի մեկ այլ դիտարկմանն էլ, որով առաջարկում է ընդդիմությանն ավելի շատ լիազորություններ տալ, ԱԺ-ում հանձնաժողովի նախագահի պաշտոն տալ, ՏՄՊՊՀ-ում կամ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընդդիմությունից անդամներ ներգրավվեն, քանի որ «Ծառուկյան» դաշինքը դառնալու է իշխանություն, եւ ընդդիմությանը այս քայլերը շատ անհրաժեշտ են, Փաշինյանն այսպես արձագանքեց.«ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ունենք 2 ներկայացուցիչ, ի դեմս Մարուքյանի եւ Արտակ Զեյնալյանի: Մասնակցում են նիստերին եւ ի հեճուկս, ՀՀԿ մեծամասնությանը հաջողվում է այնպիսի օրենսդրական նախագծեր սղացնել, որ չենք էլ հասցնում հետեւել, թե՝ գիշերներն ինչ են փոփոխում: Մարուքյանը հիշել էր նաեւ Սահմանադրական դատարանի, Դատական օրենսգրքի հետ կապված դեպքերը: Այս փաստերի արձանագրումը պետք է ակնհայտ դարձնի, որ Հայաստանը ընթանում է այլ ճանապարհով եւ չի կարող ընդառաջել ընդդիմությանը»:

Մարուքյանը նաեւ ասել է՝ «Ես վստահ եմ, որ հնարավոր չէ հին գործիքներով լուծել նոր խնդիրները, քարացած մտածողությամբ գործել այսօրվա փխրուն աշխարհում: Հենց այս նոր մտածողությունն ու գործիքակազմն է, որ ի սկզբանե դրվել է «Ելք» դաշինքի գործունեության հիմքում. չգնալ նախկին քաղաքական ուժերի տրորած արահետներով, չտրվել կարճաժամկետ փառքի արկածախնդրությանը: Ինչպես հայտնի խոսքն է ասում՝ անմտություն է ամեն անգամ անել նույն բանը և ամեն անգամ սպասել, որ կստանաս նոր արդյունք. հնարավոր չէ նույն քայլերով այլ արդյունքի հասնել»։

Այս առնչությամբ էլ Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց. «Այն ճանապարհը, որը գծագրված էր պարոն Մարուքյանի այսօրվա հոդվածում, այդ ճանապարհը նույնպես տրորված է մի քանի անգամ, տրորվել է, մասնավորապես, Հայ հեղափոխական դաշնակցության եւ «Օրինաց երկիր» կուսակցության կողմից»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց. «Ես ուզում եմ հիշեցնել, որ «Ելք» դաշինքի համատեղ քաղաքական գործունեության հուշագրի մեջ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունում խնդիրների լուծումն ունի հրատապություն։ Այսինքն՝ մենք ասել ենք, որ խնդիրների լուծումը հրատապ է, եւ ուրեմն, նշանակում է, որ մենք պետք է օգտագործենք ամեն առիթ: Հաջորդը՝ «Ելք» դաշինքը որոշել է, որ Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետն անընդունելի է դաշինքի համար եւ 2017 թվականի հունիսին ես «Ելք» դաշինքի խմբակցության անունից լիազորված ասել եմ, որ եթե հանրապետականները շարունակեն, փորձեն Սերժ Սարգսյանին 3-րդ ժամկետով կարգել Հայաստանի ղեկավար, ուրեմն մեր ժողովուրդը պետք է իմանա, որ ունի հնարավորություն դուրս գալ փողոց եւ փոխել իրավիճակը։ Հիմա մեր գործընկերներն ասում են, որ ժողովուրդը չի կարող փողոց դուրս գալ եւ փոխել իրավիճակը։ Նրանք կողմ են արտահայտվել 2017 թվականի հուլիսին, որ մեր դիրքորոշումն այն է, որ մեր ժողովուրդը կարող է դուրս գալ փողոց եւ փոխել իրավիճակը, եւ ես հիմա գործում եմ «Ելք» դաշինքի կայացրած որոշումների տրամաբանության մեջ, եւ ես համոզված եմ, որ իմ գործողությունները հիմնված են «Ելք» դաշինքի ընտրողների ճնշող մեծամասնության կամարտահայտման վրա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30