Դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ այսօր «Նորատուսցի Ալիկ» անունով հայտնի Ալիկ Բանդուրյանի և մյուսների գործով հերթական դատական նիստն էր:
Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերին «Լիա» գեղեցկության սրահում մահացած էին հայտնաբերվել Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը: Նրանց սպանության համար մեղադրվում են Պետրոս Իսրայելյանը՝ հայտնի որպես «Չարբախցի Գեղամ», Ալիկ Բանդուրյանը եւ Արմեն Գասպարյանը՝ հայտնի «Բդո» անունով:
Այսօրվա նիստում դեռ շարունակվում էր գործում առկա իրեղեն ապացույցների հետազոտման փուլը: Նախ ամբաստանյալներից Ալիկ Բանդուրյանի եւ Պետրոս Իսրայելյանի շահերի պաշտպանները հայտարարեցին, որ վերջիններս առողջական խնդիրների պատճառով չեն կարող մասնակցել զննությանը, իսկ ամբաստանյալներից Արմեն Գասպարյանն ուղղակի չցանկացավ ներկա լինել:
Ապա դատավարության կողմերը գնացին Երեւանի ՃՈ հատուկ պահպանվող տարածքներից մեկը, որտեղ գտնվում է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:
Զննությունից հետո Aravot.am-ի հետ զրույցում ամբաստանյալներից Պետրոս Իսրայելյանի շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը նշեց՝ մեքենան իր վրա հանցագործության հետքեր չի պարունակում. «Առկա չէ Մուշեղ Մուշեղյանի սպանության հետ կապված հետք: Մեքենայի մեջ կան միայն հետքեր, որոնք վերաբերում են Մուշեղ Մուշեղյանի կողմից Արամ Պետրոսյանին հրազենով ծանր մարմնական վնասվածք հասցնելուն եւ Գեւորգ Ավետիսյանին կյանքից զրկելուն: Երկուսի արյան հետքերն էլ հայտնաբերվել են մեքենայում»:
Հավելենք, որ ըստ մեղադրանքի՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղում Պետրոս Իսրայելյանը կազմակերպել է հանդիպում՝ ապահովելով նաեւ Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը, ապա Պետրոս Իսրայելյանը եւ Գևորգ Ավետիսյանը սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի միջոցով Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել: Նա էլ ատրճանակով կրակոցներ է արձակել, մահացել է Գևորգ Ավետիսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ