«Այնպիսի որոշում պետք է կայացնել, որ հետագայում նման իրավիճակներ չկրկնվեն որևէ այլ վայրում: Այլապես կարող են համատարած քանդել եկեղեցիները՝ խաչքարերի որոնման նպատակով: Շատ արագ, հենց հիմա ստեղծեք հանձնախումբ և այսօր ևեթ գործուղեք՝ տեղում խնդիրը պարզելու և տեղում լուծում գտնելու համար»,- թռուցկաժողովում այսօր նախարար Ամիրյանի հնչեցրած այս հանձնարարականն առնչվում էր Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի միջնադարյան եկեղեցուն, որի վերականգնման աշխատանքի ընթացքում թույլ են տրվել կոպիտ շեղումներ գոյություն ունեցող նախագծից:
Մշակույթի նախարարության Պատմության և մշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի խոսքով, 2013 թվականին նախարարությունը համաձայնեցրել է հիշյալ հուշարձանի մասնակի վերականգնման և նրա զանգակատան կառուցման նախագիծը, սակայն աշխատանքները կատարվել են նախագծին ոչ համարժեք:
Մինչդեռ վերջին օրերին սոցցանցերում և լրատվամիջոցներով հարցը ներկայացվում է որպես մի քանի հարյուր հին խաչքարերի անսպասելի հայտնաբերում։
«Սկսվել են ապամոնտաժման աշխատանքներ, և եկեղեցու պատերի միջից դուրս են բերվել խաչքարերի ու տապանաքարերի հիմնական ծավալները: Իրավիճակի պատասխանատուն և՛ համայնքի ղեկավարությունն է, որը շինարարության թույլտվություն է տվել, և՛ շինարարությունն իրականացնող, տեխնիկական և հեղինակային հսկողության կազմակերպությունները»,-ասաց Արմեն Աբրոյանը:
Խնդրին ինչպիսի՞ լուծում է տեսնում մշակույթի նախարարությունը.
«Մենք պետք է փորձենք խնդիրը կարգավորել նախագծային լուծումներով, որի ընթացքում մեր Գիտահետազոտական ՊՈԱԿ-ի միջոցով պետք է հաշվառել դուրս հանված խաչքարերը, անձնագրավորել, ուսումնասիրել՝ որտեղ կարելի է դրանք կիրառել, նաև պետական ցուցակներում ներառել: Հանձնախումբը պետք է փորձի հասկանալ՝ դուրս հանված հուշարձանապատկան բեկորները որքանո′վ են վերականգնելի, առաջարկի լուծումներ, որոնք նվազագույնի կհասցնեն հուշարձանին հասցված վնասը: Պետք է հետևողական լինենք, որպեսզի մասնագիտական լուծումներով վերականգնենք այդ վնասը: Իսկ անդառնալի վնասի համար մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն»:
Ալիսա Գևորգյան
Լուսանկարները՝ Վահրամ Մոսինյանի