Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի վստահեցմամբ՝ հատկապես մեր տարածաշրջանում ամեն մի խաղաղ օրն ու տարին տրվում է որպես ժամանակամիջոց պատրաստվելու գալիք փորձությանն ու պատերազմին:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Կարապետյանը հայտարարեց, թե պետք է ավելի արդյունավետ օգտագործած լինեինք այդ ժամանակահատվածը. «Խաղաղ ժամանակահատվածը մեզ տրված է առավելագույնս պատրաստվելու հաջորդ պատերազմին: Ապրիլյան այդ չորս օրերի գործողությունների թեժացումը եկավ ցույց տալու, որ մենք դրան նախորդած բավական երկար խաղաղ ժամանակահատվածի գինն ու արժեքը համարյա չէինք գիտակցել և պետք եղած ձևով չէինք պատրաստվել: Ուղղակի զարհուրանք է առաջացնում, որ երբ այդ օրերը անցան, մի երեք ամիս անց հենց ՊՆ նախարարն էր հայտարարել, որ մենք այս երեք ամսվա մեջ այնքան ինժեներատեխնիկական, սահմանների ծավալների ամրացման աշխատանք են կատարել, որ նախկին քսան տարում չէինք արել: Սա ոչ թե ինչ-որ պարծենալու բան է, այլ սա մի խայտառակ խոստովանություն է»:
Սամվել Կարապետյանը վրդովվեց՝ եթե կարելի էր երեք ամսում մի այնպիսի աշխատանք կատարել, որ նախկին քսան տարում դա արված լիներ, մեր հարյուր էրեխեքին գերեզման չէինք դնի. «Ի՞նչ է նշանակում այդ խոսքը: Մեր ապագային պիտի գերեզման դնեինք, որ հասկանայինք՝ ինչ է պետք անել»:
Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը, անդրադառնալով ԿԳ նախարարության կողմից ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգի քննարկման դնելուն, ասաց, թե ապրիլը ստիպեց շատ բան վերանայել. «Հասկացանք՝ ինչն էր պատճառը, որ ունեցանք այդ զոհերը, որ չեզոք գոտին հակառակորդը հաղթահարեց անխափան: Ի՞նչն էր պատճառը, որ կարողացան զենքի նման տեսակներ կիրառել»:
Պարոն Վարդանովը հարցրեց՝ ինչի՞ չեք պահանջում ավելի արդիական մեթոդներ օգտագործել ռազմական կրթության մեջ, որ դպրոցներում ավելի արդիական ռազմագիտություն դասավանդվի: Հուսով եմ՝ հարյուր հոգի զոհվածները թույլ չեն տա, որ մենք նորից հայտնվենք էշի ականջում, ինչը հակառակորդին նորից առաջ գնալու հնարավորություն կտա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ