Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների անդամներն այսօրվանից շրջայցեր են սկսել Երեւանի վարչական շրջաններում։ Առաջին շրջայցը ավագանու անդամները մեկնարկեցին Շենգավիթ վարչական շրջանից, «Չարբախ» մետրոպոլիտենային կայարանի շրջակայքից։
Ավագանու անդամներն, ինչպես իրենք ասացին, պետք է շրջեն մայրաքաղաքի բակերով, ու տեղում ծանոթանան քաղաքային խնդիրներին:
Այսօր Մետրոպոլիտենի «Չարբախ» կայանի հարակից թաղամասերում շրջեցին, զրուցեցին բնակիչների հետ, վթարային մի քանի շենքերի խնդիրների հետ ծանոթացան եւ բնակիչներին խոստացան խնդիրը բարձրացնել քաղաքապետարանում:
Օրինակ, վթարային շենքերից մեկի բնակիչները դժգոհեցին շենքի նկուղից, որտեղ պարբերաբար կոյուղաջրեր են լցվում եւ խարխլում շենքի հիմքը:
Այդ թաղամասում խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն, օրինակ, բացահայտեց մի աղբավայր, որտեղ ով՝ ինչ ասես թափում է, սակայն, ըստ էության, այդտեղ պատշաճ աղբահանություն չի լինում:
Մանրամասն՝ տեսանյութում
Aravot.am-ը ավագանու անդամներից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ հիմա սկսեցին այս նախաձեռնությունը, երբ «Ելքի» մյուս թիմը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» շրջում է մարզերում եւ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ առաջադրվելու կանխումն է քաղաքական օրակարգ դարձրել, արդյոք՝ ավագանու անդամների քաղաքում շրջելն ու այլ խնդիրները բարձրացնելը ՔՊ-ի օրակարգից ընտրողներին չի՞շեղում:
«Լուսավոր Հայաստանից» Դավիթ Խաժակյանն ասաց, որ այս նախաձեռնությունը ավագանու «Ելք» խմբակցությանն է, եւ հնարավոր է հաջորդ այցին միանան նաեւ ՔՊ-ից ավագանու անդամներ, ասենք՝ Ալեն Սիմոնյանը կամ Զարուհի Բաթոյանը:
Ինչ վերաբերում է ընտրված ժամանակահատվածին, որը համընկնում է Նիկոլ Փաշինյանի պայքարի շրջանին, Խաժակյանն ասաց, որ ավելի շուտ դուրս չեն եկել, որովհետեւ մարտ ամսին մի քիչ ցուրտ էր. «Պետք չէ սա որեւէ հակադրության մեջ դիտարկել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության հետ»,-ասաց Խաժակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Ավագանու անդամ Անի Սամսոնյանն էլ ավելացրեց՝ «Դուք խառնում եք քաղաքական եւ քաղաքային հարցերը: Ավագանու «Ելք» խմբակցությունը զբաղվում է քաղաքային հարցերով: Այն, ինչ հիմա մենք անում ենք՝ քաղաքային հարցեր են, մենք զբաղվում ենք մեր աշխատանքով, որը խոստացել ենք քաղաքացիներին: Անցյալ տարի ընտրություններին խոստացել էինք, որ վերադառնալու ենք ընտրողների մոտ, եւ վերադարձել ենք: Սա տեւելու է մինչեւ հոկտեմբեր ամիսը, ապրիլով չի սահմանափակվելու»:
Դավիթ Խաժակյանն էլ ավելացրեց՝ «Սա Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության նախաձեռնությունն է, որն ընդունելի է եղել բոլորի համար: Այն համընկավ այս բարդ շրջանի հետ: Նախորդ ամիս կրկին այլ խնդիրներ կային: Ամեն ամիս ինչ էլ անեինք, համընկնելու էր որեւէ քաղաքական գործընթացի հետ»:
Ապա Խաժակյանը վստահեցրեց, որ իրենց այս նախաձեռնության մասին տեղյակ են պահել ավագանու «Ելք» խմբակցության մյուս անդամներին, որոնք այս օրերին Փաշինյանի հետ են, նրանք որեւէ առարկություն չեն ունեցել. «Մյուս գործողությունների մասով՝ Սերժ Սարգսյանի վարչապետացման, դա ավագանու գործունեության հետ որեւէ առնչություն չունի, եւ մենք այսքան ժամանակ չենք ունեցել մի հակասություն, որը չկարողանանք հարթել»:
Aravot.am-ի ճշտմանը՝ այսինքն՝ ավագանու անդամների լիազորության կամ գործողությունների մեջ չի՞ կարող մտնել Փաշինյանի առաջադրած օրակարգն ընդդեմ Սերժ Սարգսյանի, եւ ասենք ավագանու անդամներն էլ նույն կոչով մայրաքաղաքի վարչական շրջաններում հանդես գային, Խաժակյանը պատասխանեց. «Մենք բոլորս կուսակցական գործիչներ ենք եւ այդքանով մեզ առնչվում է որեւէ մեծ կամ փոքր քաղաքական խնդիր, այդ թվում նաեւ Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետը»:
Մանրամասն՝ տեսանյութում
Անի Սամսոնյանն էլ ասաց՝ «Աղբի կամ այլ խնդիրների վերաբերյալ քաղաքացիների մեր գրությունները, որ ուղարկենք քաղաքապետին, դրանք չեն խոչընդոտելու, որ քաղաքացիները որոշում կայացնեն եւ ապրիլի 13-ին գնալ Ազատության հրապարակ»:
Ապա Խաժակյանն առաջարկեց զրուցել քաղաքացիների հետ եւ պարզել՝ առաջնային խնդիրները որոնք են՝ Սարգսյանի՝ վարչապետ առաջադրվելո՞ւ խնդիրը, թե՞ այլ հարցեր կբարձրացնեն: Ու թեեւ քաղաքացիները մի թեթեւ դժգոհեցին նաեւ քաղաքային, կենցաղային եւ սոցիալական խնդիրներից, սակայն հենց սկզբում սկսեցին վրդովված դժգոհել Սերժ Սարգսյանի գործունեությունից:
«Էդ ինչ է արել, որ տուն տվին: Էն Ջրաշենի վերեւում սաղ ջերմոցներն էլ իրանն են, աղջիկն էլ, փեսեն էլ ընդեղ են, ես եմ տեսել»,-ասաց քաղաքացիներից մեկը: Մինչեւ ղեկավարություն չփոխվի, էս երկիրը չի փոխվի»: Ապա ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն այս քաղաքացուն հարց տվեց՝ «Տեղյա՞կ եք, որ այն շենքի նկուղ ջուր է լցվում»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ