Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարներ Զաքիր Հասանովը, Նուրիթթին Ջանիքլին և Լևան Իզորիան ապրիլի 1-ին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում 6-րդ եռակողմ հանդիպումն են անցկացրել, գրում է civil.ge-ն: Հանդիպման ավարտին ստորագրվել է հուշագիր, որով նախատեսվում է երեք երկրների միջև սերտ համագործակցություն ռազմական ոլորտում:
Հանդիպումից հետո անցկացված համատեղ մամուլի ասուլիսում Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան երեք երկրների միջև համագործակցությունն անվանել է «օրինակելի»՝ նշելով, որ «տարածաշրջանում բոլոր նախագծերի իրագործումը՝ լինի դա էներգետիկ, առևտրային կամ այլ ոլորտներում, մեծապես կախված է այդ համագործակցության որակից»:
«Մեր համագործակցությունը գնալով ավելի է ընդլայնվում, ինչը օրակարգ է բերում մեր հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը, հատկապես անվտանգության ոլորտում»,- հայտարարել է Իզորիան՝ ընդգծելով, որ անցյալ տարին ամենահաջողն էր պաշտպանական ոլորտում համագործակցության, հատկապես «համատեղ ռազմական զորավարժություններ» կազմակերպելու տեսանկյունից:
«Ուրախ եմ, որ այսօր ստորագրվել է Հուշագիր, որը նախատեսում է առավել ընդլայնված ձևաչափով համագործակցություն և ադեկվատ կերպով արտահայտում է այն դինամիկան, որը մենք ստացել ենք այս տարիներին, և որը մեզ լավագույն հիմքն է տալիս հետագա զարգացման համար»,- ասել է Իզորիան:
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների առաջին եռակողմ հանդիպումն անցկացվել է 2014թ. օգոստոսին Նախիջևանում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ