Փետրվարի սկզբներին երբ ծանրորդները նոր էին վերադարձել արձակուրդից, IWF պլանի համաձայն միջազգային մասնագետները Հայաստանում մարզումներից մեկի ժամանակ դոպինգ անալիզ են վերցրել մեր ծանրորդներից եւ Սոնա Պողոսյանի փորձանմուշում հայտնաբերել GHRP-2 նյութ, որի համար մարզուհու մրցելույթները ժամանակավորապես դադարեցվել են մինչեւ վերջնական որոշում կկայացվի:
Aravot.am-ին հայտնի է դարձել, որ կատարվածի համար Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը եւ կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Տեղի ունեցածը բացառիկ երեւույթ է հայկական ծանրամարտի վերջին տարիների պատմության մեջ: WADA-ի կանոններով S2 խմբին պատկանող աճի հորմոնի պեպտիտ GHRP-2 նյութ օգտագործած լինելու համար մարզիկին սպասվում է չորս տարվա որակազրկում: Միայն բացառիկ դեպքերում որակազրկումը կարող է կրճատվել մինչեւ երկու տարի, բայց ոչ պակաս:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ