Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը ներկայացրեց ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը:
Նա ասաց, որ ոռոգման ծրագիրը ավարտել են, Գառնիում բնակիչների հետ ունեն խնդիրներ, խնդիրները շտկվել են, այդ իսկ պատճառով միայն այդ հատվածը հետաձգել են մինչեւ 2018-ի հունիսի 30-ը. «Աշխատանքներն այնտեղ ամբողջությամբ համարյա ավարտվել են, 37,5 մլն դոլար ծավալի աշխատանքներից մնացել է անավարտ մոտ 200 մլն դոլարի աշխատանք, ինչը եղանակների հետ է կապված: Մենք ունեցել ենք տնտեսում մոտ 1,3 մլն դոլարի չափով, ինչը ուղղվել է այդ ծրագրի շարունակական մի այլ ծրագրի, Մեղրիի հատվածում ձախ թեւում նախատեսել էինք աշխատանքներ, հիմա աջ թեւում էլ ենք աշխատում: Արդյունքում՝ մոտ 60 մլն դրամի էլեկտրաէներգիա ենք տնտեսում եւ կառուցում ենք նոր ջրագիծ: Նոր վարկային գումարը վերաբերում է Բաղրամյան-Նորակերտ հատվածին, ջրագիծը կա, նախատեսում ենք 570 հա-ին կաթիլային համակարգին մոտեցնող ջրագծեր ամբողջությամբ ապահովել, փակ ցանց ենք մոտեցնում, արեւային կայաններ դնում, ամբողջությամբ ավտոմատացվում է: Սա առաջին նման ծրագիրն է, որ մենք իրականացնում ենք, պիլոտային է: Հետո կարող ենք այլ հատվածներում էլ որպես օրինակ ծառայելով՝ առաջ գնանք»:
Հարությունյանն ասաց, որ սա հնարավորություն կտա ունենալ բարձր բերքատվություն, ցանկացած բաժանորդ ինքն էլ կտեսնի օնլայն, թե ինչքան ջուր է օգտագործել, ինքնակառավարել եւ վերլուծել: Ջրի տարեկան տնտեսումը միայն այդ հատվածում կկազմի մոտ 5 մլն խմ: Աշխատանքը գնահատվում է մոտ 2 մլն դոլար:
Արմենուհի Կյուրեղյանը հարցրեց՝ բերքատվությունը կծածկի՞ այն ծախսերը, որ մենք ներդնելու ենք՝ Հարությունյանը պատասխանեց՝ նայած գյուղացին ինչ կմշակի. «Մեր հաշվարկներով բերքատվության աճը կկազմի 11-14 տոկոս՝ 6-9 տարում»:
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցրեց, թե Գառնիի հետ կապված ի՞նչ լուծում են գտել: Արսեն Հարությունյանն ասաց, որ խմելու ջրի ներտնտեսության ցանցը վերանորոգել են, ոռոգման սեզոնն էլ կսկսեն նոր համակարգով:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց վարկային համաձայնագրին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ