Լեզվաբան Նորայր Պողոսյանը մամուլում անդրադարձել էր 3-րդ դասարանցիների համար հրատարակված «40 թեստ» գիրք-տետրում եղած բազմաթիվ սխալներին, անճշտություններին ու վրիպակներին, որոնց վրա իր ուշադրությունն էին հրավիրել զավակները: Լեզվաբանը գիրք-տետրի հեղինակներ Միրցա Հալաջյանին եւ Նվեր Մկրտչյանին կոչ էր արել առավել ուշադիր եւ պատասխանատու լինել դպրոցական նման գրքույկներ գրելիս ու տպագրելիս։
Aravot.am-ը կապվեց Միրցա Հալաջյանի հետ, որը նաեւ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի «Քննական առաջադրանքների և մեթոդական օժանդակության» բաժնի գլխավոր մասնագետն (հայոց լեզու և գրականություն) է:
Տիկին Հալաջյանը սկզբում դժգոհեց, որ չի ցանկանում գիրք-տետրի մասին խոսել, քանի որ ուզում է, որ այդ պատմությունը, իր ձեւակերպմամբ, մոռացվի-գնա:
Երբ պնդեցինք, որ գրքի հասցեատերը երեխաներն են, ու խնդրեցինք մեկնաբանել, ի պատասխան` նա ասաց. «Հազար քննարկելու բան կա, ինչպես սերիալների, հեռուստատեսության լեզուն, ուր եւս բազում սխալներ կան… ինչու հենց այս գիրք-տետրը»:
Նա նաեւ հավելեց. «Ես իրականում այդ գրքի հեղինակը չեմ, ընդամենը խմբագրել եմ, հետո հեղինակը որոշել է ինձ գրել որպես համահեղինակ: Ես մի 10 օր եմ նայել, որոշ բաներ ինքս եմ ավելացրել…Զարմանում եմ, թե դա ինչ գրիչ վերցնելու առիթ է: Ես հասկանում եմ, թե երեխայի առջեւ դրվող գիրքը ինչպիսին պետք է լինի, մանավանդ ինքս բազմաթիվ գրքերի հեղինակ եմ, եւ եթե որեւէ մեկն իմ անվան կամ հեղինակության մասին ուզում է պատկերացում կազմել, թող ուսումնասիրի մյուս գրքերը, էլ չեմ խոսում շտեմարանների մասին, որ տարիներ շարունակ լույս են տեսնում, մաքրվում ու գրեթե կատարելության են հասել, որոնց ղեկավարն եմ ես»:
Միրցա Հալաջյանը նշեց, որ դա հեղինակային հրատարակություն է. «Ցանկացած մարդ կարող է դնել հրապարակի վրա, ուզում եք գնեք, չեք ուզում մի գնեք: Ոչ մեկի երաշխավորությունը չկա, դա կարող էր լինել բացարձակ անգրագիտություն, դա պետական հովանավորությամբ կամ պետական միջոցների ծախսումով արված աշխատանք չէ, որ մեղադրանք ներկայացվի, թե պետական միջոցները կերել ես, անորակ արտադրանք ես տվել, հիմա չի վաճառվի, թող տուժի հրատարակիչը…Վերջիվերջո, եթե ուսուցիչը հանձնարարում է երեխաներին, թող ուսումնասիրի, նոր ուղարկի գնելու»:
Նա նորից շեշտեց. «Լավ չի, որ վրիպակներ կան, բայց դրանք ընդամենը վրիպակ են, անգամ եթե որոշ տեղեր քերականական բաների մասին է խոսվում, դրանք էլ են վերջիվերջո վրիպակ: Հոդվածի հեղինակն ասում է, որ այդքան տարի վրիպակները չեն ուղղվել: Եթե այդ գիրքը լույս է տեսել 2011 թ եւ այլեւս չի վերահրատարակվել, սխալներն ինչպե՞ս էին ուղղվելու»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ