Լրահոս
Օրվա լրահոսը

«3500 դոլարով զիբիլ են առաջարկում». Գյումրիում 25 միկրոավտոբուսների վարորդներ աշխատանքի դուրս չեն ելել

Ապրիլ 03,2018 15:31

Այսօր Գյումրիում 25 միկրոավտոբուսների վարորդներ աշխատանքի դուրս գալու փոխարեն, միանգամից եկել էին Գյումրու քաղաքապետարան՝ խնդրելու Սամվել Բալասանյանին փրկել իրենց տրանսպորտի տեսչության տուգանքներից: Բանն այն է, որ տրանսպորտի տեսչությունը սկսել է տուգանել այն վարորդներին, որոնց մեքենաները սպիտակ պետհամարանիշներով են, այլ ոչ դեղին ու նաև շահագործվում են 15 տարուց ավելի: Տուգանքի չափը հասնում է 200-300 հազար դրամի:

Վարորդներից մեկը բողոքեց՝ասելով. «Ճիշտ է՝ օրենքը վաղուց է ընդունված, բայց սկզբում պռախոդ էին տալիս, որ աշխատեինք, որովհետև գիտեին, որ քյասիբ, մեռած, գետին ընկած քաղաք է: Հիմի թույլ չեն տալիս ու վերջ, հիմի եկել ենք քաղաքապետի հետ հանդիպման, բայց ինչ ասենք էս մարդուն, ինքն էլ օրենքով աշխատող մարդ է, գոնե ժամանակ տան: Ասում են թազա ավտո առ, բայց հիմա որտեղի՞ց առնեմ: Երեկ գնացի Երևան՝ ավտո առնելու, մի թափելու բան, տեսնեիք ինչ հին ավտոներ էին հանել վաճառքի, բայց մեր 22 համարների մեջ ավտոներ կան, որոնք բավական նոր են: Ասենք թե Երևանինը 2011 թվականի ավտոներ են, վրեքն է մնացել, ուզում են վրեքս սաղցնե՞լ»: Վարորդները նեղվում են, որ հանապազօրյա հաց են վաստակում և մեկ օր չաշխատելն անգամ ծանր է նստում իրենց վրա:

Սամվել Բալասանյանը հանդիպման ժամանակ ասաց՝ վարորդների համար արդեն այնքան է խնդրել, որ արդեն ամաչում է, իր համար որևէ մեկին այդքան խնդրած չկա: «էնքան խնդրեցի ձեզի համար, որ ինձանից ամաչեցի: Կյանքիս մեջը ես իմ անձիս համար բան չեմ խնդրել, բայց ձեզի համար հա կխնդրեմ նախարարին, տեսչության պետին, հարկայինին, տո չիդես, էլ մարդ չմնաց որ չխնդրեմ, մի օրինական պահանջ կա՝ դեղին համարներով օրինական դաշտ»,- ասաց Սամվել Բալասանյանը:

Գյումրու քաղաքապետը նաև հիշեցրեց, որ սա հանրապետության միակ քաղաքն է, որտեղ իր շատ խնդրելու արդյունքում թույլ են տվել սպիտակ պետհամարանիշներով երթևեկել: Քաղաքապետը նաև ասաց, որ հասկանում է՝ կան փողոցներ, որոնք խայտառակություն են և հնարավոր չէ երթևեկել: Նա նշեց, որ ինքը ծրագիր ունի լուրջ տրանսպորտային միջոցներ բերելու, այս ոլորտը բարելավելու, բայց դա ժամանակ է պահանջում;

Հարցուպատասխանի ժամանակ Սամվել Բալասանյանն առաջարկեց գրավադրել իրենց մեքենաները ու նորերը գնել, ըստ նրա, դրանք այնքան են էժանացել: Սակայն վարորդներից մեկն առաջարկեց՝ ասելով, թե երեկ իրեն Երևանում « 3500 դոլարով զիբիլ են առաջարկել»: Սամվել Բալասանյանն ասաց նաև, որ գիտի՝ գյումրեցի վարորդների մեքենաները հին են, սակայն նրանք շատ լավ են խնամում: Նա խոստացավ մի անգամ էլ փորձել բարեխոսել, որ գոնե մինչև 2000 թվականի արտադրության մեքենաները թույլ տան շահագործման: Ըստ նրա, բավական բարդ է բարեխոսելը, քանի որ պահանջն արդեն օրենքի ուժ ունի, եթե լիներ կառավարության որոշում, թերևս ավելի հեշտ լիներ:

Սամվել Բալասանյանը նաև հետաքրքրվեց՝ եթե հարցը գրավադրմամբ հնարավոր չլինի լուծել, կան արդյոք մարդիկ, որոնք իրենց նոր մեքենաները պատրաստ են տալ վարձակալության: « 2 ամիս էլ ավելացրեցին, դա բան չի տա, ուրիշ տարբերակ չկա»,- ասաց քաղաքապետը՝ միաժամանակ խնդրելով հաշվառել ու իրեն ներկայացնել 2000 թվականին արտադրված մեքենաների ցանկը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30