Այսօր ԱԺ Պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի քննարկմանը ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորների կողմից ներկայացվեց «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում են, որ քրեական պատասխանատվության ենթարկեն այն զինվորին, որը բանակում մոլեխաղերով կզբաղվի:
Նախագծում մոլեխաղի բացատրությունը մտահոգել էր հանձնաժողովի անդամներին: Ըստ նախագծի հեղինակների, մոլեխաղը գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր ստանալու նպատակով երկու կամ ավելի մասնակիցների միջեւ կամ կազմակերպչի կողմից սահմանված կանոններով ռիսկի հիման վրա կազմակերպված խաղ է:
Նախագծի համահեղինակ Կարինե Աճեմյանն ասաց, որ մոլեխաղերով հրապուրվելը մարտահրավեր է հիմա՝ հաշվի առնելով նաեւ մեր սահմանի խնդիրները:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հարցրեց՝ «իսկ եթե մոլեխաղերի մասնակիցն ասի՝ ես ոչ թե գույքի համար եմ խաղում, փողի համար չեմ խաղում, դա իմ տարերքն է, ինձ դուր է գալիս, ի՞նչ է լինելու դրանից»:
Աճեմյանն ասաց, որ մոլեխաղերը դրամական միջոցների հետ են կապված լինում, այդ դեպքում դա պարզապես խաղ կլինի, ոչ թե մոլեխաղ:
Կառավարության ներկայացուցիչն առաջարկեց, որ այս նախագծով բարձրացրած խնդիրները հետագայում կառավարության բերած Քրեական օրենսգրքում տեղավորեն: Ըստ կառավարության, իրականում շատ ցածր թիվ է կազմում այդ հանցագործությունը: 2015-ին 7 քրեական գործ է հարուցվել, 2016-ին ընդհանրապես չի քննվել, 2017-ին ընդամենը 3 գործ է հարուցվել, 2018-ին՝ 1 գործ:
Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն ու ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ հակադարձեցին կառավարության ներկայացուցչին՝ ասելով, որ դա ինդիկատոր չէ, որ եթե մեկ գործ է ուղարկվել դատարան, ուրեմն կարգավորում պետք չէ:
Դիմելով Աճեմյանին՝ Արփինե Հովհանիսյանն ասաց. «Չափազանց նուրբ, չափազանց զգայուն ոլորտի եք դիպել: Դա բացի եզրույթի հստակեցումից առաջ է բերելու կոնկրետ հետեւանքներ, այնպես չի, էլի, որ մի հոդված կարդացինք, ասացինք՝ էս ի՞նչ լավ հասկացություն է: Ասենք, մի 4 հոգով լոտո են բերել, խաղում կազմակերպչի կողմից սահմանված կանոնով ու ասում է՝ մի 10 տոկոսն էլ իմն է, դարձավ մոլեխա՞ղ: Չեմ ուզում ինձ վերապահել քննիչի կամ դատախազի դեր: Կոչ եմ անում՝ հետաձգեք, տիկին Աճեմյան, այստեղ բազմաթիվ հարցեր են առաջացել: Չափազանց բարդ ոլորտ է ու ես բացարձակ չեմ ուզում զինծառայողների մեջ այդ հարցը սրել ու չեմ ուզում վհուկների որս կազմակերպել, հետո հանկարծ պարզվի, որ 1000 հանցագործությունների տեղը 3000 ունենք ու չիմացվի, թե ոնց եղավ այդպես»:
Աճեմյանն ասաց, որ մոլեխաղերը լուրջ մարտահրավեր են մեր բանակի համար, եթե դրա մասին չի խոսվում, կամ չի բացահայտվում, չի նշանակում, որ այդ դեպքերը չկան:
Ի վերջո, նախագծի հեղինակը համաձայնեց նախագծի քննարկումը հետաձգել, մշակել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ