Այսօր ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀԿ-ական մի խումբ պատգամավորներ առաջարկում էին, որ խորհրդարանական լսումների հետ կապված տեղեկությունները, նյութերը հրապարակվեն ԱԺ նախագահի համաձայնությամբ:
Խոսքը ԱԺ աշխատակարգը հաստատելու մասին ԱԺՈ-267-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագծի մասին է, որի հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանը հանձնաժողովում ասաց, որ մտադիր են տարընկալումների տեղիք տվող դրույթները փոխել, բացթողումները լրացնել: Նախ, խորհրդարանական լսումներ կազմակերպողների, հրավիրողների ցանկից բացակայում է ԱԺ նախագահը, իսկ լսումների թեմայով տեղեկանքներ, եզրակացություններ, նաեւ լսումների արդյունքները ամփոփող նյութերը հրապարակելու համար միայն նշված է, որ իրավասություն ունի հանձնաժողովն ու խմբակցությունը, ԱԺ նախագահի մասը բացակայում է:
Աճեմյանն ասաց, որ առաջարկում են ամրագրել, որ լսումներ հրավիրողները՝ ԱԺ նախագահը, հանձնաժողովը կամ խմբակցությունը եզրակացություններ, տեղեկագրեր կարող են ներկայացրել, որոնք կարող են հրապարակվել՝ ԱԺ նախագահի համաձայնությամբ:
«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը զարմացավ, թե ինչու են ուզում հանել այն դրույթը, ըստ որի, լսումների անցկացման վերաբերյալ տեղեկատվությունը պետք է 3 օր առաջ տրամադրեն ԶԼՄ-ներին. «Մենք ԶԼՄ-ների հետ աշխատելու թափանցիկ փորձ ունենք խորհրդարանում եւ ըստ էության սա ռեգրես է: Դուք առաջարկում եք, որ այս տեղեկությունը չտրամադրենք այլեւս, չհասկացա, թե ինչու»:
Աճեմյանը պատասխանեց, որ կայքում տեղադրվում է լսումների մասին տեղեկատվությունը, բոլոր ԶԼՄ-ներին հասու է, բայց կարող են նաեւ քննարկել առաջարկները եւ ընդգրկել: Մարուքյանն առաջարկեց, որ հետընթաց չանեն եւ թողնեն այդ դրույթն այնպես, ինչպես կա: Ըստ նրա, որեւէ խնդիր չկա, եթե 3 օր առաջ այդ տեղեկատվությունը ԶԼՄ-ներին տրամադրեն, այն հասու է ԱԺ աշխատակազմին ավելի վաղ:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ճշտեց՝ ստացվում է, որ եթե ԱԺ նախագահը համաձայնություն չտա, ապա խորհրդարանական լսումների արդյունքներն ամփոփող տեղեկությունները, նյութերը չե՞ն կարող հրապարակվել. «Եթե այդպես է, խմբակցությունների, հանձնաժողովի իրավունքների խախտում կա: Եթե նրանք կարող են լսումներ հրավիրել, հետեւաբար, իրենց իրավունքն է նաեւ այդ լսումների արդյունքները հրապարակել: Հիմա ինչ, եթե ԱԺ նախագահը համաձայնություն չտվեց, չե՞ն կարող դա անել, դրանով կորում է լսումներ հրավիրելու իմաստը»:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը համաձայնեց՝ սուբյեկտի իրավունքը կարող է նսեմացվի, Աճեմյանը չհամաձայնեց, որ նսեմացում կա:
Նա ասաց, որ ԱԺ նախագահը պետք է տեղյակ լինի, Արփինե Հովհաննիսյանն էլ առաջարկեց, որ նախագծում գրեն ոչ թե ԱԺ նախագահի համաձայնությամբ, այլ՝ ԱԺ նախագահին իրազեկելով:
Հանձնաժողովը կողմ քվեարկեց նախագծին՝ պայմանով, որ իրենց բոլոր դիտողությունները հաշվի կառնվեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ