Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա որ լոտո խաղան, դա՞ էլ է մոլեխաղ». Առաջարկում են քրեորեն պատժել այն զինվորներին, որոնք մոլեխաղերով կտարվեն

Ապրիլ 03,2018 14:48

Այսօր ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակությամբ «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ ներկայացվեց ԱԺ Պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի քննարկմանը:

Նախագծի համահեղինակ Կարինե Աճեմյանն ասաց, որ մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը ծանր դրության մեջ դնելու համար ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում, նրանց հանդեպ սահմանվում է նաեւ հոգաբարձություն:

«Հասարակությունում սա որպես շատ բացասական երեւույթ է դիտվում եւ պետության պոզիտիվ պարտավորությունն է, որ այնպես անի, որ մարդիկ սրանից խուսափեն: Շատ երկրներում օրենսդրորեն կարգավորված է խնդիրը, մենք ՀՀ-ում ունենք Վիճակախաղերի, շահումով խաղերի օրենքը, որը թույլ է տալիս օրենսդրորեն կարգավորել օրենքը»: Ըստ պատգամավորների, սա լուրջ մարտահրավեր է, ուստի առաջարկվում է, որ զինծառայության ժամանակ այն անձինք, որոնք այսպիսի խաղեր են կազմակերպում, ներգրաված են մոլեխաղերի մեջ, քրեական պատասխանատվության ենթարկվեն:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, որը հարակից զեկուցողն էր, անդրադարձավ նախագծում մոլեխաղի վիճահարույց ձեւակերպմանը՝ մոլեխաղը գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր ստանալու նպատակով երկու կամ ավելի մասնակիցների միջեւ կամ կազմակերպչի կողմից սահմանված կանոններով ռիսկի հիման վրա կազմակերպված խաղ է: Նա հարցրեց. «Հիմա որ լոտո խաղան, դա՞ էլ է մոլեխաղ: Կազմակերպչի կանոններով ռիսկի հիման վրա խաղ է: Այդպես եք սահմանել»:

Աճեմյանը պատասխանեց, որ լոտոն ներառված չէ այդ խաղերի մեջ, որպես մոլեխաղ չեն ընկալում:

Արփինե Հովհաննիսյանը նախագծում այլ խնդիրներ էլ էր տեսնում. «Եթե զինծառայողն ուրիշի միջոցով է խաղադրույք անում, էլի կազմակերպչի կողմից սահմանված կանոնով ռիսկի հիման վրա խաղ է, դրա համա՞ր էլ ենք զինծառայողին քրեական պատասխանատվության ենթարկելու»:

Արփինե Հովհաննիսյանին արձագանքեց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը՝ ասելով. «Լուրջ հարցադրումներ եք անում, տիկին Հովհաննիսյան, վստահ եմ, որ տիկին Աճեմյանը չի կարող այդ հարցերին պատասխանել»: Աճեմյանը հակադարձեց, թե ինչո՞ւ եք այդպես վստահ: Կոստանյանը շարունակեց՝ «Դե պատասխանեք՝ այս օրինագիծը հանցագործությունների աճին կնպաստի՞, թե՞ չի նպաստի»: Աճեմյանը Կոստանյանի քննությունը «չհանձնեց»: Նա պատասխանեց, որ հանցագործությունները կնվազեն, որովհետեւ իրենք չէին կարող օրենքի նախագիծ բերել, որով կխթանեին հանցագործությունների թվի աճին:

Գեւորգ Կոստանյանն արձագանքեց. «Ես էլ ձեզ վստահեցնում եմ, որ սա առնվազն նպաստելու է, որովհետեւ դուք քրեականացնելու եք մի վարքագիծ, որը քրեականացված չէր, քրեական գործերի ծավալը լուրջ աճ է ունենալու»:

Հետո Կոստանյանին հետաքրքրում էր՝ «Արդյոք մենք ունե՞նք մեր զորամասերում նման դրսեւորումներ, որոնք քրեականացված չեն, բայց ձեր առաջարկած հասկացության պայմաններում քրեականացվում են եւ դիտվում են հանցագործություններ: Քաղաքացիական օրենսգրքով մոլեխաղի կոնցեպցիան այլ բանի վրա է կառուցված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30