Լրահոս
Օրվա լրահոսը

«Լելե թեփեն հետաքրքիր բարձունք էր, որն իր ափի մեջ էր պահում ամբողջ Հորադիզ քաղաքը, ոչ թե միայն իր հարակից դիրքերը». Կորյուն Ղումաշյան

Ապրիլ 03,2018 14:44

Գնդապետ, «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր- տնօրեն Կորյուն Ղումաշյանը զգուշացրեց՝ պետք է գիտակցենք, որ պատերազմի մեջ ենք և զոհեր դեռ լինելու են:

«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ընդունելով, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ունեցանք հողային կորուստներ, պարոն Ղումաշյանը հավաստիացրեց, որ պատերազմից ոչ մի կողմ հաղթող դուրս չի գալիս. «Եթե վերցնում ենք Լելե թեփեի և Թալիշի կողմից տարածքների կորուստը, ես դա չեմ համարում մեր կողմից ոչ պատրաստ լինել: Նրանք գործողությունները կատարեցին լիարժեք, ճիշտ՝ պատերազմական իրավիճակից ելնելով: Ովքեր չեն պատկերացնում՝ պատերազմն ինչ բան է, կողքից նայելով, ասելով, շատ մեղադրանքներ կարելի է հնչեցնել»:

Այս առիթով գնդապետը մանրամասնեց. «Եթե մերոնք ռազմական օգնության գնային, ավելի շատ զոհեր կունենայինք: Ճիշտ էր ընտրված այն ռազմավարությունը, որ ռմբակոծությունն ավարտվի, հետո հասնեն առաջնագիծ երկրորդ էշելոնի ուժերը: Ինձ ճիշտ հասկացեք, ես ռազմական լեզվով եմ բացատրում: Ռմբակոծության ժամանակ ոչ մի շարժի իրավունք չկա»:

Ըստ Կորյուն Ղումաշյանի՝ 300 սպարտացիները մեր տղաների առաջ գլուխները պատովն են տվել, բայց նրանք դարձել էին լեգենդ, իսկ մեր տղաների մասին միայն սեփական մասնավոր նախաձեռնությամբ որոշ կազմակերպություններ, ռեժիսորներ առանց որևէ օգնության ինչ-որ բաներ նկարեցին: Մինչդեռ այդ տղաների սխրանքը մեր պատմական լեգենդը պիտի լիներ:

Պարոն Ղումաշյանը վրդովվեց, թե ոմանք գալիս էին առաջնագիծ միայն նկարվելու համար. «Մի քանի օրից ասում էին՝ վայ կնիկս, վայ վարկս, վայ հողս և պանիկա դնում: Հենց կամավորականների մասին է խոսքը: Իսկ այսօր մեդալները կպցրած հանրության մեջ ման են գալիս՝ մեզ խայտառակ անելով»:

Դառնալով դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության հետ կապված վերջին օրերի քննարկումներին՝ գնդապետն ասաց. «Ռազմահայրենասիրական դաստիարակության մեջ տարանջատում չկա՝ սենց, նենց պիտի լինի: Դա հոգով, սրտով, տեսածով պիտի լինի: Մեր դպրոցականները շատ լավ հասկանում են՝ իրենց ուսուցիչներից ով իրավունք ունի խոսելու հայրենիքի պաշտպանության մասին, ով՝ ոչ»:

Լրագրողների հիշեցմանը՝ երեկ ՀՀ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը հայտարարեց, թե Լելե թեփեն ռազմավարական նշանակություն չուներ, պարոն Ղումաշյանն արձագանքեց. «Այսօրվա դրությամբ մեզ համար ամեն մի թիզ հողն ունի ռազմավարական նշանակություն: Որտեղ պոստ է դրված, դա ռազմավարական նշանակություն ունի: Լելե թեփեն հետաքրքիր բարձունք էր, որն իր ափի մեջ էր պահում ամբողջ Հորադիզ քաղաքը, ոչ թե միայն իր հարակից դիրքերը»:

Անդրադառնալով Թալիշի վերաբնակեցման հարցին՝ գնդապետն ասաց. «Ես պատրաստ եմ գնալ այնտեղ ապրել, բայց ինչպե՞ս ՝ երեխաներ, ընտանիք, ծնելիություն, կյանք: Թալիշը հարվածի տակ է: Կային ազատամարտիկներ, որոնք պատրաստ էին իրենց ընտանիքներով գնալ այնտեղ ապրել, բայց այս պահին Թալիշի վերաբնակեցում չեմ պատկերացնում, թեև ուշ թե շուտ դա կլինի»:

Փոխգնդապետ, Շենգավիթ համայնքի նախկին ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Ռոմիկ Մխիթարյանը համամիտ չէ, որ ապրիլին տեղի ունեցածը կոչենք քառօրյա պատերազմ. «Պատերազմը մի դրվագ էր, որը սկսվել էր դեռ 1988-ից և շարունակվում է առ այսօր»:

Դառնալով Ալիևի հայտարարություններին՝ պարոն Ղումաշյանն ասաց. «Ես վիրավորանք ապրեցի, երբ Ջուղայի խաչքարերը կոտրեցին, լցրին Քուռը ու մենք լռեցինք: Բայց միանշանակ դեմ եմ այն մտայնությանը, թե պետք է հույսներս դնել մի պետության, որը մեզ պապա կդառնա»:

Ըստ փոխգնդապետի՝ Ալիևի հայտարարություններից պետք է զգույշ լինել. «Ցանկացած նման հայտարարություն՝ կլինի Ալիևի կնոջ կողմից, թե մեր հակառակորդի կողմից, նման հայտարարությունը թեև ուղղված էր ներքին լսարանին, բայց նշեմ, որ ամեն մի նման հայտարարությունից հետո ամենաքիչը մի ավտոբուս ժողովուրդ արտագաղթում է Հայաստանից: Մենք կրիտիկական մասսայի ենք հասնում, էլ չի կարելի սրանից այն կողմ դատարկվել»:

Նա նաև մտահոգություն հայտնեց, որ Հայաստան-Արցախ դիմակայություն է առաջացել կապույտ մազերով աղջկա պատճառով. «Էն կապույտ մազերով աղջկա դեպքը եղավ, համարյա Հայաստան-Ղարաբաղ կռիվ էր սկսում: Լավ ի՞նչ. կապ չունի Ստեփանակերտում է, թե Գյումրիում, եթե ոստիկանը ճիշտ չի պահել իրեն, ուրեմն պետք է պատասխանատվության ենթարկվի, իսկ եթե աղջիկը ստում է, նա պետք է պատասխանատվության ենթարկվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30